Alexander Shirvanzadeh

Գրազ

Նրանք վեց ընկերներ էին, գրեթե հասակակիցներ։ Յուրաքանչյուրն ուներ որևէ արհեստ, որով և ապրում էր։ Ինչ որ վաստակում էին, անմիջապես վատնում էին։ Ի՞նչ կարիք կար վաղվա մասին մտածելու, քանի որ երիտասարդներ էին և ամուրի։ Հավատարիմ ընկերներ էին, սիրում էին իրարու նամանավանդ քեֆերի ժամանակ, իսկ քեֆեր անում էին շատ հաճախ։

Պատահեց այնպես, որ վեց ընկերներից մեկը հիվանդացավ ու մեռավ։ Մահվան դեմ խոչընդոտներ չկան, բոլոր դռները բաց են նրա համար։ Այսպես փիլիսոփայեցին հինգ ընկերները և վեցերորդի մահն ընդունեցին որպես մի բնական տուրք հավիտենականությանը։ Շատ տխրեցին, բայց բոլորովին առանց աղմկելու, մանավանդ արտասվելու։ «Արտասուքը տղամարդին չի սազում», ասացին։

Այն քաղաքում գերեզմանատունը գտնվում էր հեռավոր բլուրի վրա։ Սովորաբար գերեզմանները փորել էին տալիս թաղումից մի օր առաջ, որպեսզի թաղման օրը հուղարկավորները շատ չհապաղեն գերեզմանատանը։

Հինգ ընկերները, վեցերորդի դիակն ըստ սովորության մի օր առաջ եկեղեցի տանելով, գնացին մերձակա գինետուն հանգուցյալի հոգեթասը խմելու։ Աշուն էր, ցուրտ ու խոնավ երեկո։ Գավաթ գավաթի ետևից դատարկելով, գլուխները տաքացան։ Խոսք բացվեց առհասարակ մեռելների, ուրվականների գերեզմանատների և այնտեղ թափառող ոգիների մասին։ Բոլորն էլ տոգորված էին իրենց միջավայրի նախապաշարմունքներով և սնոտիապաշտությամբ։ Վիճաբանում էին, բայց ամենքն էլ նույն հավատի էին, թե հոգիները չեն մեռնում, և ոչ միայն այդ, այլև երկար Ժամանակ թափառում են երկրի վրա մինչև դեպի հավիտենականություն անցնելը։

Սեղանի ամենատաք միջոցին ընկերներից մեկը, որի անունն Աղասի էր, ասաց.

Տղերք, ես ուզում եմ մի գրազ առաջարկել ձեզ, կնդունե՞ք։

Ասա տեսնենք, գոչեցին ամենքը միաձայն։

Ո՞վ կարող է ձեզնից այս րոպեին գնալ գերեզմանատուն և վերադառնալ։

Ընկերները նայեցին իրարու երեսի։ Հարցը բավական անսպասելի էր։ Գնալ այս անձրևային, ցուրտ գիշերին՝ ուր կամենաք կարելի է, բայց գերեզմանատո՜ւն այդ դյուրին բան չէ։ Չէ՞ որ խոսվեց, թե գերեզմանատները գիշերները լեցուն են թափառող ոգիներով, որոնց հանդիպելու համար հարկավոր է բացառիկ քաջություն։ Բացի դրանից, չէ՞ որ հայերի գերեզմանատուն հասնելու միակ ճանապարհը թուրքերի գերեզմանատան քով է։ Մինչև այսօր դեռ ոչ ոք այդ ճանապարհը գիշերով չի անցել։

Ես կարող եմ գնալ, ընդհատեց ընդհանուր լռությունը մեկն ընկերներից, որ ամենից շատ էր խմել և ամենից քիչ հարբել։ Ինչո՞վ ես զրազ գալիս։

Հինգ թունգի գինով և մի լավ ճաշ։

Գալիս է։

Տղեք, վկա եղեք։

Թո՛ղ, Սարգի՛ս, հիմարություն մի արա, գոչեցին մյուս ընկերները միաձայն։ Աղասին կատակ է անում։

Ամենևին, ասաց Աղասին, ես կատակ չեմ անում, կարող եմ երդվել մեր ընկերոջ դիակով։

Ապա դառնալով Սարգսին, ավելացրեց․

Ահա քեզ, վերցրու այս չախուն, տար և գցիր մեր ընկերոջ գերեզմանի մեջ։ Եթե վաղը թաղմանը գնալով, այդ դանակն այնտեղ տեսնենք, գրազը տարած ես, և մենք կասենք, որ տղա ես, իսկ եթե ոչ աղջիկ ես, մենք մի լավ կծիծաղենք քեզ վրա։

Մյուս ընկերները շատ աշխատեցին երկու կողմերին համոզելու՝ թողնել անիմաստ գրազը, չկարողացան։

Կեսգիշեր էր արդեն, երբ խումբը, գինու վերջին գավաթները պարպելով, դուրս եկավ գինետնից։ Եղանակն ավելի ցրտել էր, բայց անձրևը դադարել էր։

Դե՛, տղերք, բարի գիշեր, ասաց Սարգիսը, Աղասու դանակը գրպանը դնելով, ես մտնեմ տուն, յափունջիս վերցնեմ և հայդա։ Վաղը պատարագին կտեսնվենք։

Ասաց և չքացավ թանձր խավարի մեջ։

Բարի գիշեր, ասաց Աղասին, վաղը դուք կլսեր մի նոր բան․․․ Իսկ առայժմ գնանք քնելու։

Սարգիսն արագ քայլերով անցավ քրիստոնեաբնակ արվարձանը, մտավ թուրքերի նեղ ու ծուռ փողոցները և քառորդ ժամում դուրս եկավ քաղաքի սահմաններից։ Երբ մոտեցավ թուրքերի գերեզմանատանը, տեսավ դիք-դիք դրված տապանաքարերը․ նրանք հեռվից մարդերի էին նմանվում։ Սարսուռի պես մի բան անցավ նրա մարմնով։ Մի առ մի պատկերացան նրա աչքերի առջև այն բոլոր առասպելները, որ լսել էր շատ անգամ և որոնց հավատում էր։ Բայց աշխատեց ամրապնդվել, երևակայելով, թե Աղասին որքան պիտի ծաղրակոծե իրեն, եթե քաջություն չունենա գրազը տանելու։ Նա գնում էր արագ քայլերով, կարծես, իրավ, ոգիները հալածում էին նրան և ուրիշ փրկություն չուներ, բացի փախչելուց։ Եվ սկսեց վազել, մերթ ընդ մերթ վայրկենաբար կանգ առնելով և ետ նայելով։ Վերջապես, բավական հեռանալով թուրքերի գերեզմանատնից, համոզվեց, որ ոչ մի ոգի չի հետևում իրեն, քաջալերվեց և, քայլվածքը դանդաղեցնելով, բարձրացավ բլուրը։

Նա մոտավորապես գիտեր որտեղ է փորված հանգուցյալ ընկերոջ գերեզմանը և, կես ժամ փնտրելուց հետո, գտավ: Երբ մոտեցավ գերեզմանին, գրպանից դուրս բերեց Աղասու դանակը։ Գերեզմանափորը չէր մոռացել հողաթմբի վրա դնել երեք խոշոր քարեր, որոնց սովորաբար ցցում են հանգուցյալի թարմ շիրիմի վրա, ասելով. «Եվ եղիցի անշարժ տապանս այս» և այլն...

Նա կանգ առավ գերեզմանի եզրին և պատրաստվում էր դանակը նետել այնտեղ, երբ տեսավ մի ճերմակ բան, նա նման էր սավանի մեջ փաթաթված մարդու։ Թվաց, որ սավանը շարժվում է, կարծես ուզում է ոտքի ելնել։ Առանց մի վայրկյան հապաղելու, վերցրեց երեք քարերից մեկը և ամբողջ ուժով ձգեց ուրվականի վրա։ Լսվեց ինչ-որ խուլ ձայն, նման մարդկային ճիչի։ Նա ձգեց երկրորդ քարը, ապա դանակը բաց թողեց գերեզմանի մեջ և շտապեց փախչել։

Նա վազում էր բլուրից վար, առանց ետ նայելու։ Վախենում էր նայել...

Հետևյալ օրը բոլոր ընկերները եկեղեցումն էին։ Չկար միայն Աղասին։ Սարգիսը գրազը տարել էր, փափագում էր որքան կարելի է շուտ տեսնել նրան և պարծենալ։ Նա պատմեց բոլորը, ինչ որ զգացել էր ու խորհել գիշերը, բայց գերեզմանի մեջ տեսած անհասկանալի երևույթի մասին լռեց։ Նա վախենում էր, որ եթե ասի, ոչ ոք չի հավատալ և ընդհակառակը ինքը․ կարող է ծաղրի ենթարկվել որպես երկչոտ երևակայող։

Աղասին չկար և չերևաց մինչև պատարագի վերջը։ Ընկերները հետաքրքրվեցին գիտենալ՝ միգուցե հիվանդացե՞լ էր։ Մեկը գնաց և տանից լուր բերեց, թե Աղասին մինչև լույս տուն չի վերադարձել և թե այժմ էլ հայտնի չէ ուր է նա։

Անձրև չկար, եղանակը սիրուն էր, պայծառ, արեգակնային։ Այդպիսի օրին քաղաքից դուրս գալը մի տեսակ զբոսանք էր, թեկուզ մեռել թաղելու համար։

Հանգուցյալի դագաղը մինչև գերեզմանատուն տարվեց ձեռքով։ Այդպես կամեցան նրա ընկերները, հուղարկավորները և օգնեցին նրանց։ Գիտեին, որ գերեզմանատանը վարձատրվելու են առատ հացկերույթով։

Գերեզմանին մոտենալիս․ ուղեկցող քահանան ու տիրացուները զգեստավորվեցին։ Առջևից ընթանում էր քահանան ավետարանը ձեռքին, ետևից տիրացուները, այնուհետև դագաղը և հուղարկավորները։

Երբ քահանան մոտեցավ գերեզմանի եզրին, հանկարծ երգը ընդհատեց, արձակելով մի բարձր ճիչ և ետ ցատկելով։

Այնտեղ, գերեզմանի հատակում ընկած էր Աղասու դիակը, ջարդված գլխով։ ճերմակ սավանը ներկվել էր արյունով։

Գիշերը նա մի ուրիշ ճամփով եկել էր և սավանի մեջ պառկել ընկերոջ գերեզմանի մեջ Աարգիսին սարսափեցնելու համար։ Այս եղավ նրա ընկերների ենթադրությունը...

Be the first who will comment on this
Yatuk Music
What will I do without you
Sayat Nova

What will I do without you

Dancer from Madras
Dancer from Madras
Play Online