Alexander Shirvanzadeh

Ֆարս

Համաձայն իմ խոստման, տալիս եմ մարտի 22-ին ներկայացված ֆարսի ռեցենզիան։ Ֆարսը բաղկացած էր մի գործողությունից, վերնագիրն էր «Հարյուրը մեկի դեմ» կամ «Առնետների արշավանքը», հեղինակություն` ազգիս ամենահանճարեղ վիպասան Նամալյանի։ Դեռ խաղամիջոցին, այսինքն օպերետից հետո, Գևոն (նույն և Վանոն) մոտեցավ ինձ և հաղթական եղանակով ասաց.

Վո՞ւնց էր, տեսա՞ր ինչ ղադա կենճիք ունինք։

Տեհա, ախպեր, զոռբա իք, էլի, իմ արիվը:

Ապա հիմա աչքնիրդ բաղմնչու արա ու տիս, թե ինչ օյին պիտի խաղանք, այ, էն ռենեգատի գլխին, վուր ջլիզ միր աչքի փուշն է դարձիլ։

Այս ասելով, Գևոն գլխով ցույց տվեց ինձ մի երկար մազերով մարդու, որ հեռվում կանգնած, բանից բեխաբար, ծխում էր։ Ապա նա դարձավ սև Սանդրոյին ու գոչեց.

Աֆարիմ, միր կենճիրսչի, միր աչքի լույս, միր գլխի տեր ու տիրական, միր հավատ ու հույս, միր գլավնոկամանդուշի, սիվ Սանդրո քո սպիտակ հոգուն մատաղ...

Բրավո, բղավեց շկափչիկը խրոխտ պատերազմական եղանակով։

Բրավո, կրկնեցին Մեղրի քաղաքի կամավոր զինվորները: (Այս առիթով տես Մեղրի քաղաքի նկարը «Տարազի անցյալ համարում)։

Մաշ կթողնի վուր կուցացկությունը տանո՞ւլ տա, պարծեցավ Սանդրոն, աչքերը պսպղացնելով։

Մրոոբըռո, մռնչեց փիղը, կնճիթը բարձրացնելով։

Մղդսի ախպեր, էդ մասին մի փիլիսոփայական տրակտատ կգրես իմ լրագրի համար, պատվիրեց քելեխաբաշին:

Մղդսին քրթնեց, վաղօրոք երևակայելով, թե ինչ ֆիզիկական աշխատանք պիտի գործ դնի այդ տրակտատը գրելիս։ Բայց ձեռաց, տեղնուտեղը նա կամեցավ Սանդրոյին պատվել. կնճիթը ծռեց, կանգնեց հետևի թաթերի վրա ու սկսեց մազուրկա պարել։ Գրանդիյոզնիյ Համբարձի ամին թռավ նրա ուսերը և սկսեց երգել մի սերենադա, հեղինակություն` բանաստեղծ Ալիքյանի և երաժշտություն` Աբդուլ-բաղիի։ Շկափչիկը ոսկե ժետոնը ձգեց Սանդրոյի ոտների տակ և չոքեց նրա առջև։

Տեսարանը սրտաշարժ էր։ Սանդրոն զգացվեց և արտասվալի ձայնով երգեց.

«Ախ, ասումիս դիմացիր, յար,

«Ո՞նց դիմանամ, միթե ե՞ս եմ քար...

Չգիտեմ ինչով կվերջանար այդ տարօրինակ անտրակտը, եթե չլսվեր ռեժիսորի զանգակի ձայնը, որ կլոուններին հրավիրում էր բեմ։

Երբ վերջինները հավաքվեցին բեմի վրա, ռեժիսորը դիմեց ժողովին, հարցնելով.

Պարոններ, մի քանի կանկանների սիրահար ժողովականներ ուզում են նոր հարց զարթնեցնել. համաձա՞յն եք...

Վո՞ւնց չինք համաձայն, ինչ հարցնել կուզի, գոռաց դահլիճի մեծ մասը, որ վաղօրոք արդեն գիտեր, թե ինչ հարց է։

Այդ ի՞նչ հարց է, հարցրին գրականության ներկայացուցիչները։

Ձեզանից մեկը պատկառելի ընկերությանս ամենապատկառելի վարչության ճակատին դրոշմել էր «զրպարտող և անվանարկող» ածականը: Պետք է իմանալ` ճի՞շտ է դրոշմել, թե մի քիչ սխալվել է։

Բայց այդ այսօրվա հերթական հարցերի մեջ չկա, դա կանոնադրության դեմ է, ապօրինի է, ընդդիմացան գրականները։

Պատերազմական դրության ժամանակ, խոսեց շկափչիկը, օրենքները խախտվում են և գործս դրվում են բացառիկ կանոններ։ Հարկավոր է դատապարտել այն ռենեգատին, որ մեր գլխին հառամ է անում մեր քելեխը։

Բայց բարոյական օրենքներ կան, որ պետք է հարգել, ասացին գրականները, ոչ մի պատերազմում ընդունված չէ թշնամու վրա հարձակվել քամակից, այն էլ հարյուրով մեկի դեմ։ Եթե ուզում էիք այդ հարցը քննել, պետք է ձեր թշնամուն նախազգուշացնեիք։

Ի՞նչ եք երկարացնում, կարդացե՛ք դոկումենտները, գոռաց մի գինեվաճառ, որ գյուղացի այգետերերի գինիները գնելիս միշտ դոկումենտներով է օգտվում նրանց բերքերից։

Դոկումենտները, դոկումենտները, գոռացին մյուսները։

Հա, դոխտուրները, դոխտուրները կարդալ, բղավեց Սանդրոն։

Քելեխբաշին (իմա ֆարսի հեղինակ Նամալյանը), երեսի յուղը սրբելով, ոտքի կանգնեց և կարդաց այն «դոկումենտները», որ պետք է, ըստ ասության Վանոյի, ջարդուփշուր անեին քելեխակերների թշնամուն։ Կարդաց զգացված, ոգևորված։ Բանից երևաց, որ այդ «դոկումենտները» դեռ ամիսներ առաջ քելեխակերների թշնամին, ինքն իր ստորագրությամբ տպել է «Տարազում»։ Իսկ այժմ տաղանդավոր կլոունները նրանցից մի ֆարս են շինել և խաղում են վերնահարկի առջև։

Այդ խոմ հին բան է, գոչեցին շատերը հիասթափված, ոչինչ չգտնելով դոկումենտների մեջ, բացի այն, որ վարչությունը զրպարտել է քելեխակերների թշնամուն։

Այս ք՞իչ բան է, քի՞չ բան է, տաքացավ քելեխբաշին։

Այո՛, շատ է, շատ-շատ է ձեր անամոթությունը ապացուցելու համար, գոչեցին ոմանք: Վեր կացավ քելեխասերների թշնամին և, փորը ծիծաղից բռնելով, նկարագրեց քելեխբաշիի գինեվաճառների օյին բազմությունը և ցույց տվեց ֆարս հնարողի անշնորհքությունը։

Կորչի վարչությունը, կորչի նրա նախագահը, ամո՜թ նրանց, բացականչեց վերնահարկի հասարակությունը, որի վրա մեծ հույսեր ունեին կլոունները։

Այստեղ պատահեց մի չտեսնված, չլսված, մի անբնական բան, որտեղից որ է քելեխբաշիի մեջ զարթնեց մի տարօրինակ զգացում ամոթի զգացումը։ Նա մի քիչ գունատվեց, բայց միայն մի քիչ, հետո է՛լ ավելի առատությամբ սկսեց յուղ հոսալ նրա կարմիր երեսից և դեղին աչքերից։

Գրականները և թաշկինակավոր տիկիններն ու օրիորդները բարձրաձայն ծիծաղում էին։ Շկափչիկը բարկացավ նրանց վրա և կամեցավ մի սոսկալի հայացքով զսպել նրանց։ Սակայն իզուր. ծիծաղը քանի գնում սաստկանում էր։ Այն ժամանակ շկափչիկը ոտքի կանգնեց և, ձեռը ուժգին զարկելով սեղանին, գոչեց.

Ի՞նչ եք ծիծաղում, ես այդ դոկումենտները «Տարազում» չէի կարդացել, ծուլություն էի արել։

Գրացիան բռնեց նրա փեշից և ականջին շշնջաց. Խեչո, սուտ մի՛ ասիլ կարդացել ես դու բոլորը կարդում ես, ինչ որ գրում են «Տարազում»։

Սուս, քո բանը չի, կլումբոզ, զսպեց նրան Խեչոն, այո՛, ես ծույլ չեմ, բայց ժամանակ չունեմ, ես զբաղված եմ Բիսմարկի և Սոլիսբրիի հետ նամակագրությամբ։ Ներկայումս խորհրդակցում ենք Կրետեի հարցի մասին։ Բայց ես կասեմ ձեզ, որ պետք է գրպարտել, ներողություն, դատապարտել այդ անիծյալ ռենեգատին։ Գիտե՞ք ինչու (լսեցեք, լսեցեք), որովհետև նա հանդգնում է իմ մասին գրել, թե ես իբր քելեխասեր եմ։ Այնինչ` ձեզ հայտնի է, ես ով եմ (ծափահարություննեը աջակողմյաններից, շվոցներ ձախակողմյաններից)։ Հարկավոր չէ երկար խոսել. նայեցեք ձախ երեսի անջնջելի վերքին (լսեցեք, լսեցեք), նայեցեք այս ժետոնին (սարսափ աջակողմյանների մեջ), կարդացեք «Ռազմագիտական կրկնակի նահանջը Սպանդարյան ճակատամարտից» վերնագրով պատմությունը իմ մասին և կճանաչեք, թե ես ով եմ (օօօ՜օ)։ Այո՛, դատապարտել այդ անիծյալ երկար մազավորներին, ես ատելով ատում եմ նրան...

Քո հոգուն մատաղ, Խաչան ջան, բլբուլ է, բլբուլ։ գոչեց Սանդրոն հիացած։

Գրականների և թաշկինակավոր տիկինների ու օրիորդների շրջանում ծիծաղը արդեն հոմերական դարձավ։ Նրանց էսթետիկական զվարճությունը անսահման էր: Ծիծաղում էր և վերնահարկը։ Կլոունները շփոթվեցին։ Հանկարծ լսվեց մի սոսկալի դղրդոց։ Հերթը այժմ փղինն էր։ Նա կամեցավ ատենաբանություն անել, բայց քրտնեց, չկարողացավ։ Կնճիթը բարձրացրեց, աջ ու ձախ հանդիսականներին գլուխ տվեց, կամեցավ Նարեկից մի արիա երգել։ Այդ էլ չեղավ, սայթաքեց, ամբողջ մարմնով թավալվեց գիտության ու գրացիայի վրա և ճանճերի պես ճխլտեց նրանց։ Խեղճ Համբարձի ամիի և Ստեփան ափայի դիակները դուրս տարան։

Բայց ֆարսը դեռ շարունակվեց։ Քելեխբաշին կաշվից դուրս էր գալիս, որ գոնե վերնահարկին զսպե, որ նա չշվացնե, այլ ծափահարե ֆարսին, բայց իզուր։ Շկափչիկ Խեչոն ուղղակի կորցրել էր իրան. թռչում էր վայր ու վեր, ձեռներն ու ոտները շարժում, տրտինգ էր տալիս գիժ մոզու պես, բայց ոչինչ չէր օգնում։ Քելեխբաշին խաբվածի պես տրորվում էր իր տեղում։ Փիղը փառանչում էր ու մռնչում, քթից մեղրամոմի ծուխ արձակելով։ Ոչինչ չէր օգնում։

Ռեժիսորը զանգակը հնչեցրեց և գոռաց.

Վստահություն, պարոններ, վստահություն, որ իմ խումբը հաջորդ ֆարսը լավ կխաղա։

Հա, ուստայութի՜ն, ուստայութի՜ն, աղաղակեց Սանդրոն։

Ինչ բստայութին, գոչեց մի գինեվաճառ, վստահություն բառը բստահություն, այսինքն` բստել (բոթել) հասկանալով։ Եվ քամակից գողնովի մոտենալով քելեխականների թշնամի «ռենեգատներից» մեկին, հետևից կամեցավ բստել (բոթել)։ Բայց վերնահարկից բռունցքները բարձրացրած` ներքև վազեցին մի քանի տաքարյուն երիտասարդներ, որ մի լավ «դհոլ» ածեն փղի, գինեվաճառի, քելեխրաշիի և շկափչիկ Խեչոյի փորին։ Բարձրացան աղմուկ շփոթություն, գոռումգոչյուններ։

Թե ախպեր ես, Սանդրո, оգնության հասիր, գոռում էր Խեչոն, փղի փորի տակը մտած և ժետոնը իբրև վահան բռնած, պաշտպանվելով։

Բայց Սանդրոն աներևույթացել էր։

Տաքարյուն երիտասարդներին զսպեցին։ Փիղը օդի պակասությունից ուշաթափվել էր։

Ո՞նց է, Վանո, էէ, Գևո, դիմեցի ես բարեկամիս։

Սուս, ես էստի չեմ, ասաց նա մի ծակուռ մտնելով։

Վա, վո՞ւնց թե էստի չիս, մի դուրս արի, երեսդ տեհնիմ, ասացի ես քաշ տալով նրան սեղանի տակից։

Վերջապես հայտնվեց Սանդրոն և գոռաց.

Էստի իմ, մի՛ վախենաք...

Բայց այլևս օգնության կարիք չկար, տաքարյուն երիտասարդները կամավ հեռացել էին, ուստի Սանդրոն սկսեց խրոխտանալ։ Նա ծակուծուկից դուրս քաշեց լեղապատառ եղած քելեխբաշիին, շկափչիկին, գինեվաճառին, հավաքեց նրանց ուշաթափված փղի փորի վրա։ Փնտրեց. գտավ ոտնատակ եղած և ցեխոտված մի ծակ դրոշակ և, բարձրացնելով փղի փորի վրա, բացականչեց.

Կեցցե՜ կուցացկութինը...

Շկափչիկ Խեչոն ծակը մտած նապաստակի պես դեսուդեն նայեց և, համոզվելով, որ վտանգը անցել է, գոչեց.

Հաղթությո՜ւն։

Բայց ինքն իր ձայնից վախեցավ և երեսը ծածկեց Վանոյի փեշերի տակ։

Այսպես վերջացավ երեկույթը։

Հօգուտ հրատարակչական ընկերության գանձարանի՝ մնաց զուտ արդյունք 500 ռուբլի։ Իսկ հօգուտ նրա վարչության` մնացին «զրպարտիչ և անվանարկող» ածականսերը...

Be the first who will comment on this
Yatuk Music
New sky for Moon
Elen Yolchyan

New sky for Moon

Flowers in a Pitcher
Flowers in a Pitcher
Play Online