Alexander Shirvanzadeh
Աճուրդ
(Բաքվի կյանքից)
Նոյեմբերի 15-ը Բաքվի համար պատմական էր։ Մի շաբաթ առաջ արդեն քաղաքը լեցվել էր եկվորներով։ Հյուրանոցներում ազատ սենյակներ չկային։ Երեկոները ժողովարանի ընդարձակ դահլիճներում ասեղ գցելու տեղ չկար։ Երևում էին զանազան ազգերի, կրոնների, երկրների ներկայացուցիչները։ Կովկասի բոլոր քաղաքներից եկել էին հեշտ հարստանալու ջերմ փափագ ունեցողները: Եկվորների մեջ տիրապետող տարրը կազմում էին թիֆլիսեցիները։ Ինձ հետաքրքրում էր միմիայն նրանց հոգեբանությունը։ Լսել եմ, որ նրանք կազմել են մոտ յոթ ըկերություններ, միմյանցից մեծահնչուն ու մինչև անգամ քաղցրահնչուն անուններով՝ «Թնդանոթ» «Կապանք», «Ջանավար» և այլն ավելի զոռբա անուններ։ Ուզում եմ իմանալ ովքեր են այդ սոսկալի մարդիկ, որ կազմել են այդ ընկերությունները։ Պտտում եմ կլուբի սենյակները։ Ամենուրեք ծանոթ դեմքեր։
Ըհը, Մաթո՛ս, դո՞ւ էլ ես այստեղ, հարցնում եմ իմ վաղեմի ծանոթներից մեկին, որի գրպաններում միշտ մկներ էին խաղում, քանի գոնե ես Թիֆլիսում էի։ Տեսնում եմ Մաթոսս հպարտացել է, բարևիս ակամա է պատասխանում։ Դու մի ասա, մարդը ընկերություն է կազմել և ուզում է նավթարդյունաբեր դառնալ։
Եկել եմ աճուրդին մասնակցելու, հազիվհազ պատասխանում է Մաթոսը, աշխատելով իր նիհար մեջքից կպած փորը դուրս ցցել, որպեսզի տեսնողները չասեն, թե այդ փորը, եթե կամենա, չի հաստանալ ու տկճոր դառնալ։
Բայց դու և աճո՜ւրդ։
Ի՜նչ կա, որ զարմանում ես։
Ախար փող է հարկավոր։
Մեր ընկերությունը իրեն դրամարկղում արդեն ունի 60 հազար, եթե կամենաք կարող է գումարը հասցնել վեց հարյուր հազարի։ Դու ինձ նավթահող տուր, նավթահող․․․
Բայց ինչպե՞ս եք հավաքել։
Հավաքել ենք, էլի։
Մաթոս ախպերը չէ բացատրում, բայց ես իսկույն ուրիշներից իմանում եմ գաղտնիքը։ Բանից երևում է, որ ախպար Մաթոսը մեղրավաճառ Առաքելի, փայտավաճառ Թաթոսի հետ կազմել է ընկերություն. տպել է լրագրերում հայտարարություն և բերանացի համոզել Թիֆլիսի մսավաճառներին, խարազներին, դերձակներին, բախալներին, կոշկակարներին, ածխավաճառներին, որ համաձայնեն վերջապես մի ամսում միլիոնատեր դառնալու, ընկերության դրամարկղը մտցնելով միմիայն հնգական ռուբլի։
Փորձը աջողություն է ունեցել, դյուրահավատ թիֆլիսեցիները գրվել են «Ջանավար» ընկերության անդամ, տալով նրան իրենց վերջին կոպեկները։ Եվ Մաթոսը Առաքելի ու Թաթոսի հետ այդ փողերով եկել են աճուրդին մասնակցելու, հող վերցնելու, նավթահանք բանալու։ Այն վարդագույն հույսով, որ իրանք պիտի դառնան... Դիրեկտորներ։
Չէի իմանում, որ այդքան ղոչաղ ես, Մաթոս ջան, հայտնում եմ զարմանքս բարեկամիս և մոտենում ուրիշներին։
Գրեթե բոլոր թիֆլիսեցիները հին բարեկամներս են կամ գոնե ծանոթներս։ Նրանց մեջ կան և՛ վարկ ունեցող վաճառականներ, և՛ ինժեներներ, և՛ նախկին ազատամիտներ, ուսուցիչներ, և՛ լրագրի թղթակիցներ, և՛ տիրացուներ, մի հատ էլ ժամհար, ով ասես։ Ես չգիտեմ, որին բարևեմ, որի քեֆը հարցնեմ՝ այնքան շատ են։
Ճարահատյալ բոլորից հեռանում եմ, մի անկյունում կանգնում ու դիտում։ Ինձանից ոչ հեռու կանգնած են երկու վաղեմի նավթարդյունաբերողներ, մեկը բուն բաքվեցի, մյուսր ղարաբաղցի, և խոսակցում են.
Ադա, դա հինչ ջուռա-ջուռա մարդքիկ են եկել, ասում է բաքվեցին, ադա, դրանք ովքե՜ր են...
Հինչ գիդամ, քմատաղ, լոխ էլ ուզում ըն մըլիոնատեր տեռնալ․․․
Ադա, մի ասա տեսնամ, դա հովա՞։
Հուրն ես ասում։
Այ էն ուզուն զուլաղը, ցույց է տալիս բաքվեցին մի հարուստ թիֆլիսեցու, որ Թիֆլիսում մեծ հավակնություն ունի արիստոկրատ երևալու և միշտ արիստոկրատ օջախներում է պտտում․․․
Հինչ գիդամ, բուրավոյ մաստերի է նման...
«Ուզուն ղուլաղը», որ Թիֆլիսում հազիվ յոթ մարդկանց բարևից մեկին պատասխանում է, Բաքվի կլուբում բազմաթիվ միլիոնատերերի մեջ այնքան է ճնշվել ու խեղճացել, որ փալանը կորցրած ձիու է նման։ Չքացել է նրա մշտական գոռոզությունը։ Նա մեջքից երկու ծալ թեքված, մի ստրկական ժպիտ երեսին, սեղմում է նախկին սայլապանների խոհարարների ու մրգավաճառների ձեռը, վասնզի նրանք միլիոնատերեր են։
Զարմանալի դեմոկրատիկ քաղաք է Բաքուն, և այս, իմ կարծիքով, նրա գլխավոր արժանավորությունն է։ Նրա համար չկա ո՛չ անցյալ, ո՛չ ծագում։ Նա մի հսկայական կաթսա է, որի մեջ ընկնողը ձուլվում է ու խառնվում մյուսների հետ և կազմում մի ընդհանուր զանգված։ Ճշմարիտ է, միայն փողն է այստեղ մարդկանց երկրպագության գլխավոր առարկան, բայց որովհետև նա արդյունք է մեծ մասամբ անհատական եռանդի, ճարպկության, եթե ոչ խելքի, ուստի այս վերջին հատկությունները գերադասում են ծույլ ազնվականությունից և ցեղական անիմաստ և անարյուն գոռոզությունից։ Ահա ինչու Թիֆլիսից եկած ազնվականները, հայտնի ընտանիքների զավակները այնչափ են միայն այստեղ հարգելի, որչափ հաստ է նրանց գրպանը։ Եթե նրանք չգիտեն իրանց տարեկան եկամուտը հարյուրհազարներով հաշվել, կարող են որքան կամենան փքվեն իրանց անցյալով, ծագումով, հայրերի ու նախահայրերի ձիրքով կամ հերոսությունով, բաքվեցու համար ամեն ինչ աճուրդով է որոշվում, շատ է վճարում, նա է և՛ մեծը, և՛ խելոքը, և՛ ազնվականը, և՛ գեղեցիկը, և՛ տաղանդավորը...
Ուստի զարմանալի չէր ինձ համար, որ Բաքվի կլուբում բարեկամացել էին ու ընկերացել այն թիֆլիսեցիները, որոնք իրանց քաղաքում ոչինչ հարաբերություն չունին միմյանց հետ։ Այստեղ արիստոկրատ և դեմոկրատ, հայտնի ընտանիքի զավակ և մի խարազի որդի թև թևի տված էին շրջում, միասին ընթրում ու միասին գալիս ու գնում։ Ահա և աճուրդի օրը։ Արքունական կալվածների վարչության փոքրիկ դահլիճը առավոտյան 12 ժամին արդեն լի է բազմությունով։ Եվ ի՜նչ բազմություն. ռուս, հայ, անգլիացի, ֆրանսիացի, լեհացի, թուրք, վրացի, բոլորը խառնվել են միմյանց։ Յուրաքանչյուրը մի ահագին ծրար ձեռին փողով լի, մոտենում է դահլիճի անկյունում կանգնած սեղանին և դնում նահանգապետի առջև։ Բանկերում այդ օրը փող չի մնացել. բոլորը դատարկվե՛լ են։ Ոմանք թուղթ փող չգտնելով, ոսկի են բերում։ Ահա ամբոխը ճեղքելով, մի ահագին ձեռնարկղ ոսկով լի ձեռին, հազիվհազ կարողանում է ոտները փոխել մի նավթարդյունաբեր։ Նրա բեռան ծանրությունը կլինի մոտ 3 4 փութ։ Քրտինքը թափվում է նրա երեսից։ Նա կարմրել է, հազիվհազ շունչ է քաշում, աչքերը քիչ է մնում դուրս պրծնեն։ Բայց նա ժպտում է։ Տասնևյոթ տարի սրանից առաջ ես նրան տեսել եմ սայլապանի դերում, մրոտ ձեռքերը կրծքին դարսած՝ գրասենյակների առջև կանգնած, իր վարձին սպասելիս։ Այժմ նա 4 5 միլիոնի կարողություն ունի, բայց սայլապանի սիրտը դեռ մնացել է նրա մեջ։ Նա կասկածոտ է և գուցե ժլատ։ Նա բարվոք է համարում մոտ 60 տարեկան հասակում հասարակ մշակի բեռան ծանրությունը կրել, քան հինգ ռուբլի տալ մի артелщик-ի, որ 3 4 փթանոց ձեռնարկղը բերի աճուրդավայրը...
Մեկ ժամը կեսօրվա լրանում է։ Բոլոր ծրարները ներկայացված են։ Պաշտոնյաներից մեկը անցնում է ամբոխի միջով․ բարձրաձայն կրկնելով. «Պարոններր, մեկ ժամը լրանում է, ով ծրար ունի, թող շտապի հանձնելու»։
Դահլիճ, պատշգամբ, նախասենյակ լի են ամբոխով։ Նույնիսկ սանդուղքը ծածկված է մարդկանցով։ Դեմքերը արտահայտում են հույս, հուզում, անհամբերություն, գրգռում, կեղծ անտարբերություն, շահամոլություն, անհագություն, քծնություն, շողոքորթություն, կշտություն, ինչ կամենաք, բացի վեհությունից։ Այստեղ կան, բացի սովորական վաճառականներից, նավթարդյունաբերներից և գործակատարներից, ինժեներներ, իրավաբաններ, ազատամիտներ, արմատականներ, աշխարհից իբր թե զզված ծակ փիլիսոփաներ, նաև ձեր խոնարհ ծառան, իբրև մեկը փոքրաթիվ հանդիսականներից այդ հետաքրքրական ներկայացմանը։ Ամենի ուշադրությունը գրավում են թիֆլիսեցիները, որովհետև ամենից շատ հուզվողը, աղմկողը, գոռոզն ու վազվզողը նրանք են։ Բաքվեցիները համեմատաբար հանգիստ են։ Ինչ է նրանց համար այդ բոլոր «Զոռբա», «Ջանավար» և այլն մեծահնչուն ընկերությունների բերած գումարները, մի բաքվեցու մի ամսվա եկամուտը։ Ամենից համեստը Թիֆլիսի նոր կազմված ամենամեծ ընկերության ներկայացուցիչներն են մի լուրջ վաճառական և մի հասարակական գործիչ ու ինժեներ։ Ամենից անհամեստը «Շիր ու խուրշիդ» ընկեցության ներկայացուցիչներից մեկն է: Նա, անդադար սրան ու նրան հրելով, վազվզում է և ծանոթ ու անծանոթի հարցնում.
Դու ի՞նչ գին ես տվել № 25-ին։
Ադա, դա հո՞վ ա. աս հարբած կովը, հարցնում է մի շամախեցի։
Խոյեցի, պատասխանում է մի ղարաբաղցի։
Լրանում է մեկ ժամը, մարդկանց հուզումը հասնում է իր գագաթնակետին։ Լսվում է նահանգապետի հանգիստ ձայնը.
Պարոններ, ծրարները բացվում են։
Այդ ժամանակ դահլիճում շունչ քաշել անկարելի էր։ Մարդկանց երեսներից քրտինքը թափվում էր անձրևի պես։ Ոմանք տնից շտապով դուրս եկած լինելով, մոռացել էն թաշկինակ վերցնել, երեսները քսում են հարևանների ուսին։ Մեկի փողկապն է կոտրվել, ընկել, մյուսի վերարկուի կոճակները, երրորդը աղաղակում է, թե ջարդեցին իր ոտները։ Տիրում է մի այնպիսի իրարանցում, որպիսին կարելի է տեսնել միայն քելեխի հավաքված մուրացկանների մեջ։ Շամախեցիներն ու ղարաբաղցիները սկսում են իրանց փոխադարձ ծաղրը, ըստ հին սովորության։
Քնի, քըմատսղ, քնի, փլավը պրծավ, կատակում է ղարաբաղցին, պապիդ մռլահացը։
Շնորհակալ ամ, պատասխանում է շամախեցին, փորս երկու կերակուրի սորված չէ։ Մինն ուտում ամ, կուշտ ամ։
Այս պատասխանի մեջ երևում է շամախեցու անփութությունը դեպի իր շահերը, ծուլությունն ու քիչով գոհ լինելու հատկությունը։ Այս է պատճառը, որ նա նյութապես ետ է մնացել իր ղարաբաղցի հայրենակցից։
Կես ժամ ևս, և ահա, վերջապես, աճուրդի գներն սկսում են կամա-կամաց հայտնվել։ Մասնակցողները այլևս գաղտնի չեն պահում իրանց տված գները։ նայում եմ թիֆլիսեցիներին, և ի՛նչ փոփոխություն։ Չկա այլևս առաջվա հուզումը, աղմուկը։ նրանք համարում են իրանց արդեն հաղթված։ Ի պատիվ նրանց պիտի ասել, որ գներ նշանակելում եղել են համեմատաբար համեստ, չեն կամեցել անփող թիֆլիսեցիների վերջին գրողները վտանգի ենթարկել։ Լսվում են չտեսնված գներ, գներ, որ զարմանք են հարուցանում հմուտ նավթարդյունաբերների կողմից: Միայն մի թիֆլիսյան ընկերության, այն էլ կարծեմ ամենից աղքատը, մի կտոր հողի համար տվել է մի այնպիսի գին, որ ընկերության դրամագլուխը ծովը գցած պիտի համարել։ Բայց այդ ընկերության մասին կգրեմ ուրիշ անգամ, զգուշացնելու համար նրա բաժնատերերին ապագա փորձանքից։
Առաջին օրը կարողացան բանալ հազիվ 30 ծրար։ Մյուս օրը աճուրդը տեղափոխեցին ժողովարանի շինությունը: Այստեղ այնքան ընդարձակ էր, որ մարդիկ երկյուղ չունեին իրանց կողերը ջարդվելուց։ Եվ իրավ աճուրդի երկրորդ և երրորդ օրերը այլևս չկրկնվեց առաջին օրվա անկարգությունը։ Վերջապես, կրքերն արդեն բավական հանդարտվել էին։
Դժբախտաբար, Ժամանակս չի ներում նկարագրելու այն բոլոր բնորոշ դեպքերը, որ տեղի ունեցան այդ երեք օրվա ընթացքում։ Կարելի է ասել, որ Բաքվի աճուրդը այս անգամ ներկայացնում էր մարդկային բոլոր բացասական հատկությունների մի տեսարան, ուր գլխավոր դերը կատարում էին հայերը։ Հետաքրքիր դիտողի համար այդտեղ կար վերին աստիճանի հարուստ նյութ, ուսումնասիրելու ժամանակի ոգին՝ բազմատեսակ տիպարների մեջ։ Անկարելի է մի շարք ֆելիետոններով ասպարեզ հանել տեսարանի նույնիսկ ընդհանուր գծերը։ Վերջապես անկարելի է ֆելիետոնի, ծաղրի առարկա դարձնել այն, ինչ որ դիտողին ձգում է լուրջ ու տխուր մտածողության մեջ։ Այո, տխուր, վասնզի այն, ինչ որ ես տեսա գոնե հայ հասարակության ներկայացուցիչների կողմից, տխուր էր և վերին աստիճանի հուսահատական։ Ոսկեպաշտության, նախանձի, եղբայրատեցության, ստի ու խաբեբայության այդչափ արտահայտություն այդչափ կարճ միջոցում ես չեմ տեսել երբեք։