Aksel Bakunts

Մայրը

Երբ գարնանամուտին Ունանը տնքտնքալով մաշված, ցեցը կերած փայտե սանդուղքը տեղափոխում էր սրահից բակ և պատին դեմ անում, որ վեր բարձրանա ու իրենց տանը վարժված արագիլի բունը սարքի, հարևաններն իրար ասում էին.

Գարունն եկա՛վ...Էլի Ունանը լագլագի բունը շքեց: Հրեն հա՛, օճորքի գերանները դմբդմբում են, կտուրին որ խաղան:

Մինն էլ նրանց տունը շքե՛ր...

Հրեն Ռուշանը կմեծանա՛, կսարքի:

Է՛, նրանց ցեղը ես գիտեմ, ասում էր Ունանի զրուցընկեր և դրկից Մեժլումը, որի աչքերը ծերությունից չորացել, ճաքճքել էին, ձմեռը ճյուղին մնացած ծիրանի նման: Գլուխը թափահարելով, Մեժլումը կրկնում էր իր վաղեմի խոսքը.

Բաբի Օհանի կողմն են քաշել Ունանի երեխեքը: Առուշանը հլա թև չունի, Զանու փեշի տակին է սթարվում: Որ մեծացա՛վ, թևին է տալու, թռնի ով գիտե ո՛ր աշխարհ...

Բաբի Օհանը Զանու հայրն է եղել, անհանգիստ, ինքն իր ասածի և հակառակ մարդ: Եզան նման աշխատել գիտեր, նրա շալակը ոչ ոք չէր կարող տեղից շարժել: Ձեռքը եթե ձիու մեջքին էր դնում, ուժով ձին էլ կռանում էր, փորը գետնով տալիս: Երբեմն անհայտանում էր, մի քանի օրից հետո նորից երևում: Ոչ բան էր բերում, որ ասեին, թե գողության կամ որսի է գնացել, և ոչ էլ նրան շրջակայքում տեսնող էր լինում: Տուն էր գալիս նիհարած, աչքերը փոս ընկած: Վա՛յ թե մեկը նրան հարցներ գնացած տեղը: Աչքերն այնպիսի դաժանությամբ էր ոլորում, որ հարցնողը լեղապատառ հետ էր քաշվում: Ու միայն քնի մեջ անկապ խոսում էր, մռմռում, այս ու այն կողմը դառնում, ձեռքերը շարժում, ասես կոխ էր բռնել իր նման մի աժդահայի հետ: Մի օր էլ Բաբի Օհանը գնում է ու չի վերադառնում: Շատ են փնտրում, հայտնում օրենքին, գյուղերն ու անտառը մարդ ուղարկում, բայց իզուր: Ու հետքից մնում են միայն առասպելի նման պատմություններ նրա կյանքի և առեղծված մահվան մասին:

Եթե հարևաններից մեկը խոսք ընկնելուց Զանուն հայտնում էր Մեժլումի ասածը, պառավի սիրտը կոտրվում էր, շաղվում էր միտքը և մոլորված վերադառնում էր տուն, կանչում որդուն՝ Ռուշանին, նստեցնում գոգը, և մատները նրա մազերի մեջ կոխելով, շոյում, հարցնում, թե սոված չի՞ ...Հարցնում էր, աչքերը հառում մաքուր ավլած գետնին, որի պատկերն այնքան ծանոթ էր, որ կնկատեր, եթե մի շյուղ էլ ընկած լիներ:

Ռուշանը մոր մոտը շատ չէր մնում, ծլկվում էր կամ փողոց, կամ այգի: Պառավը նայում էր նրա հետևից և ապա ինքն իրեն թոնթորալով, որ նստել է պարապ, վեր էր կենում անխուսափելի դարձած աշխատանքն անելու:

Մի փոքրիկ տուն ունեին և տան մոտ՝ պարտեզ, որի մի մասը բանջարանոց էր: Տարին բոլոր Ունանը պարտեզից դուրս ուրիշ տեղ աշխատանքի չէր գնում: Թեկուզ պարտեզը փոքր էր, ծառերը ծեր, մամռոտած փչակներով, բայց Ունանի համար աշխատանքն անպակաս էր: Քանդված ցանկապատն էր նորոգում, չորացած ճյուղքը կտրում, ծառի տակը փորում և մատներով փափկացնում հողը, ավելորդ խոտերը պոկոտում, մի խոսքով պարտեզն ու բանջարանոցը նույնքան մաքուր ու խնամքով պահում, ինչքան կինը՝ Զանին, դուռն ու բակը:

Եվ ամեն տարի ծառերի ճյուղերը ծանրանում էին խնձորից ու տանձից, Ունանը փայտյա հենարանները մեկ այս ճյուղին էր դեմ տալիս, մեկ՝ այն: Ագռավ ու կաչաղակ, ծիտ ու ծիծեռնակ խմբերով ուրիշ պարտեզներից հավաքվում էին, որովհետև այստեղ և՛ քար քցողն էր քիչ, և՜ խնձորներն էին համեղ:

Նրանց միակ կովը, պոզը կոտրած նարգիզը, սերվում էր այն նախշուն երինջից, որ Զանին, որպես օժիտ, բերել էր Բաբի Օհանի տնից: Ամեն իրիկուն նախիրը գալուց կովը դարպասի մոտ բառաչում էր, Ռուշանը բակից ձայն էր տալիս հորը.

Ապի՛, Նարգիզն եկավ:

Հայրը կանաչ խոտի մի կապ թևի տակ, պարտեզից բակ էր մտնում, խոտը դնում գետնին և մոտենում դարպասը բաց անելու: Իսկ պառավ Զանին փեշերն այնպես էր վեր քաշում, պղնձե մեծ կովկիթը մի քանի անգամ լվանում, ասես բակում տասը կթի կով էր կապած: Մինչև Զանին կիթը վերջացներ, Ունանը շոյում էր կովի ճակատն ու վիզը, իսկ որդին կանաչ խոտը մանրիկ փնջերով մոտեցնում էր Նարգիզի թաց դնչին:

Կովը տեղաց անելուց հետո Զանին թեյ էր քցում, իսկ Ունանը տղայի հետ խոսում էր այն մասին, թե վաղը ո՞ր մարգը պիտի ջրվի: Եվ երբ Ռուշանը հոր խոսքը կիսատ թողած փողոց էր վազում, Ունանն էլ չուխան ուսերին քցած դուրս էր գալիս, դարպասի քարին նստում, մինչև Մեժլումն էլ երևար: Դրկիցներն սկսում էին զրույցը, ամեն մարդ իր դարպասի քարին նստած:

Օրերը խաղաղ էին անցնում, մանավանդ ցերեկը, երբ Ռուշանը դպրոց էր գնում: Զանին նստում էր բակի կեռասենու տակ, գուլպա գործում կամ կարկատան անում: Ծտերն ուրախ ճռվողում էին, երբեմն գետնի երեսով թռնում: Զանին գործում էր գուլպան, քթի տակ դնդնում մի երգ: Կատուն նրա փեշերի վրա փռվում էր, ննջում ու երբ բեզարում էր ննջելուց, թաթերով կծիկի հետ էր խաղում: Իսկ Զանու աչքերը հոգնում էին ճաղերին նայելուց և գլուխը կախ էր քցում կրծքին:

Եթե պարտեզի դռնակը բացվեր կամ մի հարևան տուն գար, Զանին տեղից վեր է կենում, փեշերը թափ տալիս և բարկանում կատվի վրա.

Ծիծ ուտող երեխի պես փեշիցս կա՛խ ընկի:

Եվ աչքերը տրորելով մոտենում էր եկողին, բարի ժպտով ասում.

Էս նինջը որտեղից եկավ, հաղթեց ինձ:

Երբեմն էլ ինքն էր գնում պարտեզ: Երկուսով նստում էին վարունգի թաղի մոտ, Ունանը չիբուխն էր լցնում, իսկ Զանին գուլպայի մատերը խաղին հագցնելով, զրույց էին անում: Զարմանալի սեր ու հաշտություն կար նրանց միջև: Երբ պառավի աչքովն էր ընկնում ամուսնու մաշված արմունկը, զրույցը կիսատ թողնելով ասում էր.

Իրիկունը մի քիչ շուտ պառկի, լուսով էդ արմունկդ կարկատեմ...Ճրագի տակ աչքս չի տեսնում, որ ասեղը թելեմ:

Դու էլ շատ մի գուլպա անի: Տուր թող Մեժլումի հարսերն անեն...

Բայց և այնպես իրիկունը նա մի քիչ կանուխ էր պառկում, իսկ Զանին կովը կթելուց հետո կարկատում էր արխալուղի մաշված արմունկը:

Ինչպես ճնճղուկների կայտառ երամը կհարձակվի կեռասենու վրա, այնպես էլ դպրոցական ընկերների իր խմբով Առուշանը, երբ տուն էր գալիս, մայրը չէր թոնթորում, եթե նրանց ոտնաձայնից հավ ու թուխս իրար էին անցնում, կչկչում, թռնում պատուհանի ու ցանկապատի վրա, եթե երեխաները ձեռք էին տալիս բակի ու սրահի իրերին, քցում, նույնիսկ կոտրում: Սրտաշարժ համբերատարությամբ պառավը կռանում էր և գետնից հավաքում թղթի, փայտի կտորտանքը, որ բերում էին նրանք իրենց հետ: Եթե պարտեզ էլ գնային, Զանին գիտեր, որ ալևորը չէր տրտնջալու: Ու միայն նրանց հետևից կանչում էր.

Երեխեք, սոխի մարգերը կոխ չտաք...

Օրերն իրենց խաղաղ ընթացքը փոխում էին, երբ դարպասի երկաթե կոչնակը ծեծում էին, և մի ձեռք մեկնում էր ծրարը: Ռուշանը եթե տանն էր լինում, ամենից առաջ նա էր վազում և նամակը վերցնում:

Անտոնիցն է...տես ինչ մեծ-մեծ է գրել: Վաղոն էսպես չի գրում, նրանը իսկի մեր ուսուցիչն էլ չի կարդա...

Պարտեզի դռնակը բացվում էր, և Ունանը բահը ձեռքին մտնում էր:

Բահն ո՞ւր ես բերում: Անտոնն է գրել...Քոռանամ, էս նրա ձեռքն է:

Ունանը դողդողալով ծրարը բաց էր անում, մինչև Ռուշանը նրա՝ թելով կապկպած, մի ապակին ճաքած ակնոցները տնից բերեր: Ծրարը բացելուց հետո մատները դողում էին, երբ հանում էր նամակը, ակնոցները հագնում քթին, գիրկապ անում: Ռուշանը վիզը մեկնում էր, աչքը քցում նամակին, բարձր կանչով նա ընդհատում էր ընթերցումը, եթե հայրը սխալ էր կարդում:

«...Իմ աշխատանքին եմ, նույն քաղաքում: Հետևեք Ռուշանը լավ սովորի: Եթե արձակուրդ ստացա, կգամ ձեզ մոտ կարճ ժամանակով...Վաղոն Մոսկվա է, նրան նշանակել են պոլկի կամիսար: Նանի գուլպեքը ստացել եմ. ինչո՞ւ ես չարչարվել, էստեղ էլ կա...մնամ...»:

Ու նամակը կարդալուց հետո Զանին պիտի առներ, նայեր, աչքերը պիտի ջրակալեին:

Ի՞նչ ասեմ Բաբի Օհանին...Մեզ խավար թողաց: Բա գիր չիմանա՞ս...

Եվ նա դեռ երկար պիտի նայեր անհասկանալի գործին, նշաններին, պիտի լարեր տեսողությունը և փնտրեր այնպիսի բան, որ միայն ինքը կարող էր տեսնել:

Ապա հանում էր Անտոնի՝ պատից կախված նկարը, սրբում փեշով, թեկուզ ապակին պլպլում էր: Երբեմն նա մեղմ երգում էր, եղունգով քերում շրջանակի վրայի աղտոտ բծերը: Անտոնի նկարը տեղը կախելուց հետո, մեծ որդու՝ Վաղոյի նկարն էր վերցնում: Նրան նայելուց Զանու դեմքի արտահայտությունը փոխվում էր: Վաղոն ավելի կանուխ էր գնացել. մոր հիշողության մեջ որ դու շատ հետքեր ավերվել էին, ու միշտ մռմռում էր հին վերքի սպին:

Ոչ միայն այդ երեկո, այլև մյուս օրերը խոսակցությունը նամակի շուրջն էր: Պատահում էր, մանավանդ Զանու խնդրանքով, որ Ունանը նամակը սնդուկից հանում էր ու մի անգամ էլ կարդում: Այդ երեկո նրանք թեյը սառած էին խմում, իսկ Ունանը միշտ շորերը հանելուց էր նկատում, որ ակնոցները դեռ քթին են հագցրած: Ու երբ Զանին ճրագը հանգցնում էր, մթնում շորերը հանում (այդ նրա սովորությունն էր՝ այն օրից, երբ հարս եկավ. ոչ ոք երբեք լուսով չէր տեսել նրան շոր հանելուց կամ հագնելուց), պառկելուց առաջ մի անգամ էլ մոտենում էր Ռուշանի վերմակը շտկում. մթնում երկու պառավ դեռ երկար էին քչփչում, մինչև Ունանը հորանջի և կողքին դառնալով կնոջը պատվիրեր իրեն կանուխ զարթեցնելու:

Տանձիքը պիտի ջրվի՛...Էգուց ջրի հերթը մերն է...

Իսկ պառավը դեռ միտք էր անում...ուրեմն գուլպաները ստացել է...իր գործած գուլպաները, ձյունի նման փափուկ ու սպիտակ...Հասել են, գուլպաները գնացել են ու հասել Անտոնին...Ուրեմն կարոտ կա, որ ասում է, թե ինչո՞ւ ես ուղարկել, նեղություն ես քաշել...Անտոնը հենց փոքրուց էր սրտով: Մի անգամ փուշ էր մտել Զանու ոտքը...մրմռում էր ու ինքը ասեղի ծայրով ուզում էր փուշը հանի...Երբ գլուխը վեր հանեց, Անտոնը հարցրեց, թե ցավը կտրե՞ց, նանի...Վաղոն էլ էր ջիգյարով...Լեզուդ պապանձվի, ինչո՞ւ ես նրան ջոկում Անտոնից...Էն որ չէր թողնում իրեն ալյուրի պարկը շալակի: Ուսն առավ ու մի շնչում ջաղացից տուն բերեց...Է՛հ, հիմա տեսնես քնել ե՛ն...Չէ, քաղաք է, ո՞վ գիտե երբ են քնում...Էդ լավ չի, որ զորքի վրա է...կռիվ կա, պատերազմ կա...Մի բան չպատահի՞, մի բան չպատահի՞...

Պահարանում շարած պղնձե ափսեները զրնգացին...կատուն էր: Լիզում էր ու վեր քցեց:

Փի՛շտ, ձայն տվավ Զանին: Կատուն հեռացավ: Նրա մտքի թելը կտրվեց: Հիշեց, որ երեկոյան ափսեները չի լվացել սամավարի ջրով:

Ռուշանը քսի մեջ ծանր էր շնչում: Մայրն ականջ դրեց ու վեր կացավ բարձը շտկելու: Ու երբ գրկեց գլուխը, երեխան քնի մեջ շրթունքները շարժեց ու խոր շնչելուց հետո նորից թանձր քուն մտավ...Մայրը համբուրեց նրան ու, բոբիկ ոտքերը մթի մեջ զգույյշ փոխելով, հասավ տեղը:

Ռուշանը...Հանկարծ կատուն չգնա, դոշին նստի...էգուց ալևորին ասեմ փենջարան ճիլոպով ծածկի...էնտեղով է մտնում, թե չէ դուռը փակ է...Ռուշանը...կմեծանա...Ապրեմ էնքան, մինչև նրա կանաչ-կարմիրը կապեմ, իմ ձեռքով մի փափուկ բարձ լցնեմ...

Զանին հիշեց, կոտրած կարասի մեջ պահած բմբուլին վաղուց չի նայել...ցեց մտած չլինի՞: Հետո միտքը սահեց, ինչպես հանդարտ լողացող ամպի քուլա...Հիշեց Ռուշանի խոսքը, երբ ինքը հավերին կուտ էր տալիս:

Նանի, որ մեծանամ քեզ համար ինչքա՛ն հավ եմ առնելու...

Ու քունը թեթև փետուրի պես իջավ Զանու հոգնած կոպերին:

Արևը մայր էր մտնում:

Զանին գուլպան ձեռքին նստել էր կեռասենու տակ: Կաչաղակներն ու ծտերը թռչկոտում էխն ճյուղից ճյուղ, կտցահարում կասկարմիր կեռասը: Երբ նրանց աղմուկը սաստկանում էր, Զանին կողքին դրած բարակ ճիպոտը ճոճում էր, «հուշտ» անում...Ծտերն ու կաչաղակները փռռալով թռչում էին, պահվում մյուս ծառերի ճյուղերին ու հետո նորից մեկ-մեկ հավաքվում...Կտուրի վրա, բնի կողքին կանգնել էր ծեր արագիլը ու պլշած նայում էր, երբեմն գլուխն այս ու այն կողմը դարձնում: Զարմանո՞ւմ էր կաչաղակների հանդգնությանը, թե զայրացած էր, որ անհանգստացնում են պառավին, միայն երբ Զանին ճիպոտ էր վերցնում, արագիլն էլ թևերն էր թափահարում, կարծես ինքն էր քշում աներես ծտերին:

Հանկարծ արագիլը վիզը երկարեց, դժվարությամբ թեվին արավ ու թռավ: Հենց այդ վայրկյանին մեկը մոտեցավ դարպասին, կոչնակը ծեծեց.

Զանի մոքիր, դուռը բաց արա, աչքալուս եմ բերել...

Պառավին թվաց, թե ծնկները պոկվեցին: Ու քիչ մնաց ընկներ...Գուլպան ձեռքից սահեց գետնին: Պարտեզի դռնակը բացվեց, և Ռուշանը գնդակի թափով վազեց դարպասի կողմը: Ու հևիհև ներս ընկավ. ներս մտավ Մեժլումի հարսը:

Զանի մորքուր...Անտոնը, ձեր Անտոնը հրեն գալիս է...ֆայտոնում նստած: Աչքալուսս տուր...ես բուրդն էի լվանում, մին էլ ֆայտոնը կամրջի գլխով անցավ: Տեսնելս ու ճանաչելս մին եղավ: Հրես որտեղ որ է ձենը կլսվի… Ասի բուրդին նայեք ես վազեմ...թե որ չէ՛ի ճանաչել, էն ա աչքալուսս...

Ռուշա՞ն, ա՛յ ալևոր...

Ռուշանը չկար: Մեժլումի հարսի հենց առաջին խոսքից նա դուրս էր վազել: Պարտեզի դռնակը բացվեց, երևաց Ունանը: Ծերունին մի վայրկյան զարմացած նայեց:

Անտոնը՛, ա՛յ մարդ, իսկ Մեժլումի հարսը ձեռքով հասկացրեց, որ աչքալուսն ինքն է բերել: Ծերունին քայլերն արագացրեց, շապիկը կոճկեչով: Լսվեց զանգակների ձայնը...

Վաղուց, շատ վաղուց պարտեզի դռնակը կիսաբաց չէր մնացել...Ստվերում նստած հորթը վեր կացավ ու կամացուկ ներս մտավ երբեք չտեսած մի աշխարհ, ուր աճում էր համեղ և մսոտ տերևներով կաղամբը:

Կառքը դարպասի մոտ կանգնեց: Ներս մտավ հաղթանդամ մի տղամարդ ու ներս մտնելով դիպավ դարպասի դռներին, կոչնակը թույլ զարկեց: Նա գրկեց Զանուն. պառավի ոտքերը գետնից կտրվեցին: Անտոնի աչքին մայրն ավելի փոքրացած երևաց, սմքած, ու թեթև բմբուլի նման գրկեց վեր բարձրացրեց:

Նանի, ո՞նց ես... մոր դողացող շրթունքների համբույրը չոր տերևի նման հպվեց որդու այտին: Զանին մի վայրկյան աչքերը փակեց և մանկան նման գլուխը հենեց Անտոնի կրծքին: Ու հանկարծ արցունք կաթեց.

Նանի՛...

Հա, քեզ մատաղ, իսկ մայրը մեղմ ժպտում էր:

Անտոնի աչքին հոր տունը փոքրացած ու ցածրիկ երևաց, սանդուղքները՝ բարա՛կ ու մաշված: Ու մտածեց, կդիմանա՞ն, եթե բարձրանա սրահը:

Հարևանները հավաքվեցին: Ռուշանը հոլի նման ֆռռում էր, մեկ փողոց դուրս վազում, մեկ տուն, նորից մոտենում եղբորը, վազում ու նրա իրերը տնտղում:

Օ՛ ...Մեժլում ապի...պառավել ե՛ս:

Է՛հ, այ որդի...Աչքերիցս եմ խեղճ, թե չէ կռներումս հլա ուժ կա:

Անտոնը նրա թևը բռնեց, մտավ ու բարձրացրեց սանդուղքով: Ունանը հետևեց նրանց: Բարձրացան և ուրիշները: Հայրը զարմացած լսում էր: Մի՞թե դեռ հիշում է որսորդ Ավուն...Հարցնում է, թե բժիշկը քանի անգամ է գյուղ գալիս, ինչպես են ցորենը մաքրում...մաշինից է հարցնում:

Ապի՛, բա ե՞րբ են բերելու լույսը, հարցրեց Անտոնը:

Ինչը՞, և ավելի մոտեցավ նրան:

Էլեկտրականը, էն, որ ձորում շինում են...

Եսի՛մ ինչ են շինում ձորումը...Ո՞վ է էնտեղեք գնացողը, սրտնեղած պատասխանեց հայրը: Որտեղից գիտեր նա...Հիմա երևի մտքում հանդիմանում է հորը, թե ես հեռու քաղաքում եմ ապրում, բայց գիտեմ, թե ձորում ի՞նչ են շինում...Ինքը նրան իր նամակում այդ մասին ոչինչ չի գրել:

Զանին ներս ու դուրս էր անում: Երբեմն կանգնում էր որդու մոտ, թեկուզ մտքում թեյ դնելու հույսն էր կամ մի այլ գործ: Եթե Անտոնը նրան էր դառնում մի հարցով, Զանին բարակ դողացող ձայնով պատասխանում էր, ավելացնելով. «Հա՛, քեզ մատաղ...»: Մեժլումի հարսը չլիներ, նա երևի դեռ շատ կփնտրեր շաքարամանը:

Նարգիզն եկավ, դռան մոտ բառաչեց, Զանին կովկիթն առանց լվանալու իջավ սանդուղքով, նրա հետևից՝ Ունանը: Երբ կովի երկրորդ բառաչին հորթը պոչը ցցած դուրս եկավ պարտեզից, երկուսով իրար նայեցին:

Լավ, անցել է, ասաց Ունանը և սկսեց Նարգիզի ճակատը քորել:

Պառավ արագիլը զարմացած նայում էր բակին, երբ սանդուղքով իջնում էին ու բարձրանում, վախեցած հետ էր քաշվում, մոտենում բնին: Այդպիսի եռուզեռ նա չէր տեսել, ո՞վ էր այն բարձրահասակը, որի ծանր սապոգներից ճռռում էին սրահի տախտակները:

Հարևանները մեկ-մեկ հեռանում էին: Մթնում էր: Անտոնը մոտեցավ իրերին, սկսեց կապոցներն արձակել:

Ռուշա՛ն, պիոներ ես՞...

Հլա չեն ընդունել...

Գիտե՞ս որտեղ է կոմիտեն:

Էն, որ ընկեր Սահակը նստում է, է՛ն, Անտոնը ծիծաղեց:

Հա՜, էն:

Մեր դպրոցի կողքին է, ինքնագոհ պատասխանեց Ռուշանը, իսկ հայրն ավելացրեց.

Իվան բեյի օթախներում...

Ծերունիները նայում էին Անտոնի իրերը. մի բարձ էր, փափուկ վերմակ, մի երկու կտոր շոր, գրքեր, զանազան մանրուք: Զանին միտք էր անում, թե Անտոնն ինչ գործի է քաղաքում, որ լավ ու հարուստ զգեստ էլ չունի: Մեկ էլ հանկարծ դարձավ Ռուշանին.

Իվան բեյի օթախները դու ո՞րտեղից ես ճանաչում...

Ե՞ս, մանկան ինքնագոհությամբ պատասխանեց տղան, Հլա մեջն էլ եմ մտել...Տակին պիոներների շտաբն է, վերը ընկեր Սհակն է նստում: Հլա մի անգամ էլ հարցրեց, թե նամակ չկա՞ աղբորիցդ, ու հորը դառնալով ավելացրեց, ապի, էնտեղ մեծ թմբուկ կա, ա՛յ էսքան...

Ռուշանը թևը բարձրացրեց:

Դարպասը նորից ճռռաց: Մի քանի հոգի ներս մտան: Անտոնը մոտեցավ նրանց, սանդուղքի գլխին մեկին գրկեց ու համբուրեց, ապա ամուր սեղմեց դեպի իրեն մեկնած ձեռքերը:

Էս քանի ժամ է, որ երևացել ես մեր երկրի սահմաններում ու չես ներկայացել մեզ, դարձավ նրան առաջին բարձրացողը և ավելացրեց, դա՛, բրատ, դու էլ ես պառավել...

Ռուշանը ճանաչեց ընկեր Սահակին:

Ինչի՞ եք մինչև հիմա զարթուն, դարձավ նա ծերունիներին: Մայրի՜կ, տեսնում ե՞ս ինչ տղա է դառել:

Հա՛, քեզ մատաղ...

Դե ի՞նչ ունես, բեր նանի՛, թաքուն տեղ պահած կլինես:

Պառավը ուրախ սենյակ մտավ, սնդուկը զնգաց, ապա գոգնոցը բռնած մոտեցավ օջախին: Շեմքի մոտ նստել էր Ունանը և զննող հայացքով նայում էր մեկ Անտոնին, մեկ Սահակին ու նրա ընկերներին: Նրանք երբեմն ռուսերեն էին խոսում, Անտոնն ավելի հաճախ. ու բոլորովին օտարի էր նմանվում նա այդ րոպեին, ասես բոբիկ ոտներով, երեսին քերծվածքն անպակաս երեխան չէր...Ի՞նչ մարդիկ են նրա ընկերները...Եվ ո՞րտեղից է այդ ընկերությունը...Թե հին ճանաչներ են, ինչո՞ւ մի անգամ Սահակն իրենց տուն հյուր չի եկել:

Անտոնը ծոցից թղթի կտոր հանեց, կռացավ վրան, մյուսները գլուխները մոտեցրին: Մատիտով գծում էր, սևացնում...պատմում էր, իսկ Սահակը գլխով նշան էր անում: Ունանի աչքին ընկավ Անտոնի ճակատի սպին, որ կռանալուց ուռել էր...ինքը ջաղացումն էր, մեկ էլ խաբարը բերին, թե ծառից ընկել է...Հիմա տեսնես ի՞նչ գործի է...ինջիներ է, ադվակատ է...Ինքն ի՞նչ իմանա, միայն եկողներից միշտ լավն է լսել: Գուցե ինքը լավն է, իսկ այդ ղարիբ մարդիկ, նրա ընկերները...Հը՞ , ով գիտե...Աշխարհն այնպես խառնվեց, այնպես բորան եղա՛վ, և քցեց որտեղից որտեղ...Ոչ մեկն էլ մի նշան, մի մեդալ չունի, որ ինքն իմանա, թե ով է ումնից մեծավոր...Սհակի պաշտոնն է բարձր, թե որդունը...Սհակն իր ոտով եկավ, ուրեմն...թե մեծավոր են, ինչո՞ւ հարցրեց, թե ժողավուրդը ոնց է ապրում: Երևի թաքուն քննիչ է Անտոնը, քաղաքից ուղարկել են: Հալբաթ մեծ զորություն ունի:

Իսկ Անտոնն ընկերներին պատմում էր այն մեծ ճանապարհի մասին, որի կառուցման խնդիրը դրական լուծումն էր ստացել և որը հետ ընկած գավառը միացնելու էր երկաթգծերի գլխավոր մագիստրալին: Նա խոսում էր քարհանքների մասին, գավառի խիտ և անանցանելի անտառների օգտագործման մասին: Այդ բոլորը քանի անգամ քննության էին առել Սահակը, նրա ընկերները...իսկ Անտոնը պատմում էր վերջին նորությունները, գործի մանրամասնությունները, որ անհայտ էին շրջանի ընկերներին:

Զանին մի անգամ կամացուկ ասաց.

Անտոն, սմավարը սառչում է՛...փետով եմ քցել, բայց նրանք չլսեցին: Ունանն էլ պառավին հանդիմանեց.

Մի երկու կտոր տաշեղ քցի...Տեսնում ես պլան են քաշում… Խոսում են:

Հանկարծ Անտոնի աչքն ընկավ Ռուշանին, որի գլուխը ծանրացել էր ձեռքերի վրա, մեկ ննջում էր, մեկ աչքերը լայն բաց անում, միտքը լարում՝ նրանց ասածներից մի բան հասկանալու:

Գնա քնի, Ռուշա՛ն, ասաց Անտոնը:

Քունս չի տանում, ու տեղում շտկվեց: Զանին առիթից օգտվելով սամավարը դրեց սեղանին: Զրույցը հանդարտվեց, մոտեցան սեղանին: Ունանը տեղից վեր կացավ ու նստեց իր անփոփոխ տեղը՝ սեղանի ծայրին:

Ռուշան, Անտոնը որ քեզ հետը տանի, կգնա՛ս, հարցրեց Սահակն այն աշխույժ տրամադրությամբ, որպիսին ունենում է աշխատանքից հետո հանգստացողը:

Կգնա՛մ, կտրուկ պատասխանեց Ռուշանը և չնկատեց, որ սամավարի հետևից իրեն հառած մոր աչքերը զարմանքից լայնացան:

Որ քեզ տանի, ի՞նչ ես դառնալու...

Միլիցիա լուրջ ասաց աղան:

Սահակն ու Անտոնը ծիծաղեցին, Ունանը ժպտաց նրանց ծիծաղի վրա, իսկ Ջանին ձեռքը մեկնեց սամավարի ծորակին ու սառավ:

Աչքդ վրան պահի, չես տեսնո՞ւմ, ասաց Ունանը, ձեռքով ծորակը շրջելով: Բաժակը լցվել էր ու ջուրը թափվում էր սեղանին: Զանին շփոթվեց, և նրա թորշոմած դեմքը պղնձագույն դարձավ հուզմունքից:

...Ուշ էր, երբ նրանք գնացին:

Նանի, տեղերս քցի...Է՛, ապի, դու ոնց ես...Մազերդ սպիտակել են, բայց էլի պինդ ես:

Ինչ դժար գործի ենք որ... պատասխանեց հայրը և դարձավ կնոջը, թախտին քցի տեղերը: Էն պատուհանն էլ փակի. լուսադեմին քամի է լինում:

Նանի, դու ոնց ես...բա չես բեզարել, էսքան որ աշխատում ես:

Նանին քեզ մատաղ...

Բա Վաղոյից չես հարցնո՞ւմ:

Հը, բան կա՞, ու բարձը մնաց ձեռքին:

Ամուսնացել է, ժպտալով ասաց Անտոնը:

Արի՛ է, այ ալևոր, կանչեց Զանին, հարսը լավ տնի՞ց է:

Ի՞նչ տուն, նանի: Անհեր, անմեր մի ռուս աղջիկ է...

Ռո՞ւս:

Անտոնը ծխախոտի տուփը դրեց կողքին ու շուլալվեց վերմակի տակ:

Օխա՛յ...Էսպես փափուկ տեղ վաղուց է չեմ քնել...Ննի, Սահակն առավոտ կանուխ է գալու, միասին տեղ պիտի գնանք: Չայը կանուխ կքցես... ու գլուխը ծածկեց վերմակի ծայրով:

Ունանն էլ պառկեց: Միտք էր անում ծերունին, թե էս ի՞նչ մարդիկ են ... Չհարցրեց, թե բաղը ոնց է, ծառերը, հողը...Տան ապրուստի, մուլքի կողմանից ... ոնց որ մի ղոնաղ: Իսկ փոքրուց էդպես չէր...Ոնց փոխվեց, հը՞...Ծառերն ո՞ւմ պիտի մնան, ու նրա միտքն ընթացավ ծանոթ ճանապարհով, դռնակը բաց արեց, ջրի բանդը պիտի կալնել...Անտեր շները գալիս են լոբու մարգերը կոխ տալի...

Պառավը ճրագի տեղը փոխեց: Աչքը դարձյալ ընկավ Անտոնին, անխռով քնել էր: Ու շա՛տ մաշված, այտերը փոս ընկած թվաց նրա աչքին Անտոնի հոգնած դեմքը: Մայրը կամաց հառաչեց, կռացավ նրա կոշիկներին նայեց, գոգնոցի ծայրով փոշին սրբեց: Վաղոն պսակվել է: Շրջանակի միջից մի զույգ աչքեր նայում էին մորը: Իր ասածը չեղավ...Է՛, ինչ թաքուն մտքեր ուներ Զանին անդրանիկ որդու հարսանիքի հետ կապված: Ճրագը ձեռքին մայրը մոտեցավ Ռուշանի վերմակը շտկի, ամեն օրվա պես: Ռուշանը քնաթաթախ աչքերը բաց արեց ու ծոր տվեց...

Հիմա հո չեմ գը-նո՛ւմ...որ մեծանամ, էն ժամանա՛...

Մայրը կռացավ, ճակատը համբուրեց ու ականջին շշնջաց.

Բա ես՞, բալիկ...

Դու ապորը մոտ մնա.. էնքան համա... խոսքը թերի մնաց, աչքերը փակվեցին:

Մայրը մի պահ նայեց նրան: Ճրագը ձեռքում դողում էր: Երեխան քնի մեջ ժպտաց: Եվ անլուծելի առեղծված դարձավ այդ ժպիտը մոր համար:

Զանին ճրագը հանգցրեց:

Be the first who will comment on this
Yatuk Music
Symphony N3
Avet Terteryan

Symphony N3

Mother's portrait
Mother's portrait
Play Online