...Մաքուր լեզվի, կենտրոնաձիգ լեզվի խնդիրը պետք է դնել։ Ես գտնում եմ, որ այդ լեզուն խարսխված պետք է լինի ժողովրդական լեզվի վրա։ ...Լեզվաշինարարության խնդիրներում պետք է ելակետ ունենալ ժողովրդական բարբառը... Թումանյանի փորձը շատ ուսանելի է մեզ համար։
Էական հարցերից մեկը գրելաձևի և նյութի միմյանց հետ մերվելն է։ ...Կարևորն այն չէ, թե հին կամ նոր կյանք է պատկերվում, կարևորը պատկերելու մեջ նոր ձև ստեղծելն է...
Մեծամիտ դատարկապորտը մխիթարում է ինքն իրեն նրանով, որ... մեծ մարդկանց սկզբում հալածում են, հետո մեծարում։
Ինչպիսի՜ զավեշտական դիրք է ստանում ապրելու իմաստ չունեցող քաղքենին, երբ գրիչ է շարժում Հոկտեմբերյան էջերից մեկը նկարելու։
Ոչ մի զիջում, հաշտության և ոչ մի եզր դավանած սկզբունքից։ Նորը պատերազմում պիտի հաղթի, իսկ հակառակորդին խնայելը նշանակում է դավաճանել «ընդհանուր երջանկության»։
Ռուս գրողներից և ոչ մեկը չի ունեցել այդպիսի հզոր երևակայություն, և ոչ մեկը չի թողել այնպիսի էջեր, որտեղ լիներ այդքան արև, այդպիսի սանձարձակ տարերք և այդ տարերքի նման դյուցազուններ։
...Գրողները փոխանակ իրենց երկերի ձևը կառուցեն՝ բուն նյութի էությունից ելնելով, այդ նյութը խոթում են հանձնարարված ժանրի շրջանակի մեջ։
Ինչպես հայ, այնպես էլ վրաց գրականության հիմնական թերությունը ես համարում եմ որոշ գավառականությունը։
Խորհրդային գրողի բարոյական կերպարը դեռևս համապատասխան չէ նրա պատմական վիթխարի դերին։ Բանվոր հասարակության հետ սերտ կապի մեջ է գրողի բարոյական դիմագծի ձևավորման ուղին։
Պատմական իրադարձությունների քննադատական վերանայման ուղին արժեքավորագույն միջոց է գրականության մեջ նոր ավանդներ մուծելու համար։
Որտե՞ղ է ճշմարիտ ուղին. այդ ուղին վերադարձն է դեպի սկզբնաղբյուրները, դեպի ժողովրդական ստեղծագործությունը։
Մեծ հետաքրքրություն ունի գեղարվեստական պատմական ժամանակագրության ժանրը։
Մեր գրողների պարտականությունն է քննել, ուսումնասիրել դրանք, քննադատորեն վերցնել այնտեղից էպիկականությունը, արտահայտման խստությունը, լեզվի հարստությունները, բառերի ժլատ տնտեսումը։
Ժողովրդի լեզուն պիտի հասկանաս ու գրես բնության լեզվով, որ ամեն ինչ լեզու առած խոսի հոգուդ հետ։
...Եթե մեր քննադատները չեն կարողանում ճիշտ եզրակացություն անել ու ճիշտ քննադատել, դրա պատճառն այն է, որ նրանք չեն մտել երկի մեջ և երկի կառուցվածքից չեն բխեցրել եզրակացությունը։