Մկրտիչ Արմենը ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։
- 1921 թվականին եղել է Բանվորա-գյուղացիական տեսչության ցրիչ
- 1922-1923 թվականներին՝ սկաուտ՝ Կազաչի պոստի սկաուտանոցում
- 1923-1925 թվականներին պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ
- 1925 թվականին տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում որպես պատասխանատու քարտուղար, ապա Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար։ Հիմնադրել է Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Անդրկովկաս», տպագրվել է 1923 թվականին, «Բանվոր» թերթում
- 1934 թվականին ընդունվել է ԽՍՀՄ Գրողների միության շարքերը
- 1937 թվականին շատ հայ մտավորականների նման Մկրտիչ Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է և աքսորավայրում անցկացնում ութ տարի
- 1945 թվականին արդարացվում է և վերադառնում ստեղծագործական աշխատանքի
- 1971 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը
Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մկրտիչ Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ 1967 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1971 թվականին նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Հեղնար աղբյուրը։ Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Նա ինքն էլ ճանաչված թարգմանիչ է և հայերեն է թարգմանել ռուս և այլազգի շատ գրողների, այդ թվում՝ Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Միխայիլ Շոլոխովի, Ֆրիտյոֆ Նանսենի, Յուրի Օլեշայի և ուրիշների հանրաճանաչ երկերը։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Մահացել է 1972 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում։