Մխիթար Գոշի (Գոշ բառը նշանակում է սակավամազ) կենսագրական տվյալները հիմնականում պահպանվել են Կիրակոս Գանձակեցու մոտ։ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թյուրքերի տիրապետության շրջանում։
Գոշի ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն, հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ՝ 1213 թվականին, գիտնականները ենթադրում են, որ նա ծնվել 1120-30-ական թվականներին։ Կրթվել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը մեկնել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Դրանից հետո որոշ ժամանակ տեղափոխվել է Կարին, որտեղ ընկերացել է Քուրդ Արծրունու հետ։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են։ Այդ մասին վկայում է նաև Մխիթար Գոշը։
Մխիթար Գոշը տեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ՝ Խաչեն, այստեղից էլ՝ Հին Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում, կառուցել է Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Նոր Գետիկի վանքը գտնվում է Այրարատ նահագնից հյուսիս-արևելք, այժմ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մասնակցել է 1205-ի Լոռեի և 1207-ի Անիի եկեղեցական ժողովներին։ 1207 թվականին Զաքարե ամիրսպասալարը Անի քաղաքում Արևելյան Հայաստանի եկեղեցական ժողով է գումարում՝ հաստատելու Սիսի ժողովի կանոնները շարժական սեղանի թույլտվության մասին, որպեսզի զինվորականները ևս պատարագի հնարավորություն ունենան։ Մխիթար Գոշը չի գալիս հիվանդության պատճառով, սակայն այն հոգևորականները, ովքեր դեմ էին այս որոշմանը, դիմեցին Մխիթարին՝ նրա ներկայություն ապահովելու համար։ Վերջինս, տեղի տալով հոգևորականների խնդրանքին, ներկա գտնվեց Անիի եկեղեցական ժողովին։ Զաքարեն անձամբ է դիմավորում Գոշին՝ ասելով․ «Քանի որ դու եկար, այլևս նրանք փույթ չեն»։
Ժամանակակիցներն ու հետագա սերունդը Մխիթար Գոշին մեծարել են «այր իմաստուն ու հեզ», «վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարդապետ», «հռչակաւորն և մեծ իմաստուն գիտութեամբ» պատվանուններով։ Մահացել է 1213 թվականին՝ Նոր Գետիկում (այժմ՝ Հայաստանի Գոշ գյուղում)։ Սելջուկ-թուրքերի արշավանքներից հետո հայ իշխանները, միավորելով իրենց ուժերը, կարողացել էին վերականգնել հայոց անկախ պետականությունը։ Զաքարե ամիրսպասալարը կապեր էր հաստատել Կիլիկիայի հայկական թագավորության հետ։ Վերահաստատելով հայոց անկախ պետականությունը՝ անհրաժեշտ էր օրենքների ժողովածու և այստեղ էր, որ հանդես եկավ Գոշը իր Դատաստանագրքով։ Սակայն, չվերականգնվեց հայոց անկախ թագավորությունը։ Հայոց իշխանական տները անկում ապրեցին մի կողմից սելջուկների, մյուս կողմից մոնղոլների արշավանքների ներքո։ Մովսես Խորենացու նման Մխիթար Գոշը մտահոգված էր երկրի ուժերի համախմբմամբ։ Այդ կապակցությամբ Գոշը, ներկայացնելով հյուսիսից արևելյան Հայաստանը 12-րդ դարի 60-70-ական թվականներին, միաժամանակ մեղադրում է հայ իշխաններին, որոնք չմիավորվեցին օրհասական պահերին, ինչպես նաև չվերականգնեցին հայոց անկախ թագավորությունը։ Այսպիսով, Մխիթար Գոշը հիմք դրեց մի ժառանգության, որը հետագայում տարածում էր ստանալու ամբողջ աշխարհում և հասնելու էր նրան, որ ճանաչվի և ներառվի հզոր երկրների օրենսդրական ժողովածուներում։
Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։ Վանաձոր քաղաքում գործում է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարան։