Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), 31-րդ գծի թիվ 39 փայտաշեն մեկհարկանի տանը` արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգ Ի. Սեչենովը,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Ս. Բոտկինը։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Ն. Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։ 1854-1858 թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվում է Հնդկաստան, այցելելով եվրոպական մի քանի երկրներ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։
Գործեր և ժառանգություն
Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Ռ.Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց. փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։
Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց Ստեփանոս Նազարյանցի հետ, որի՝ 1858 թվականին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859 թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860 թվականին գնաց Կալկաթա, իր ծննդավայրի և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862 թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը իբրև կասկածելի գործիչ բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը. անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866 թվականի մարտի 31-ին։
Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով` հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862 թվականին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ Վահան Մամիկոնյան», որը կատարել է բանտում։
Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։