Գևորգ Էմինը (Կառլեն Մուրադյան) ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 30-ին Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում։ Իր «Իմ կյանքը» ինքնակենսագրականում գրել է, որ Աշտարակ քաղաքը համարում է «Հայաստանի սիրտը» և առանձին հպարտությամբ իրեն կոչել է «աշտարակեցի Գևորգ»։
1940 թվականին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին բախտ է ունեցել շփվել իր կուռքի՝ Եղիշե Չարենցի հետ և նրանից ստացել է որոշ բանաստեղծական դասեր։ 1940-1942 թթ. աշխատել է Մատենադարանում և Վարդենիսի շրջանում։ 1942-1944 թթ.-ին ծառայել է Կարմիր բանակում՝ մասնակցելով Հայրենական Մեծ պատերազմին, որի ժամանակ վիրավորվել է։ 1949-1950 թվականներին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում։ 1951-1954 թվականներին եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում։ 1954-1956 թվականներին ուսանել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։ 1968-1972 թվականներին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։ 1973 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ Արվեստի ինստիտուտում։
Գրել է «Նախաշավիղ», «Խաղաղության ծխամորճը», «Նորք», «Նոր ճանապարհ», «Որոնումներ», «Երևանի լույսերը», «Մինչև այսօր», «Երկու ճամփա», «Այս տարիքում», «Քսաներորդ դար», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Ելք Եգիպտոսից» բանաստեղծությունների, պոեմների և ակնարկների գրքերը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։
Հայֆիլմ կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր՝ «Պրոմեթևս - 69» և Լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին։ Երևանի էքսպերիմենտալ թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման։
Գ. Էմինը հայերեն է թարգմանել այլազգի հեղինակների, որոնցից լավագույնները ամփոփված են «Գիրք թարգմանությանց» (Երևան, 1984 թ.) գրքում։ Գևորգ Էմինը մահացել է 1998 թ. հունիսի 11-ին Երևանում։