Տաղ անձնական
Թողած Կարսում, գետի ափին, տուն` շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով  
Ա՛նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս   մարդիկ, շուրջս դեմքեր հազա՛ր-հազա՛ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.  
Եվ ո՞վ կասի` ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես` կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված   վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար   էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս` լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի  
Ես   հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՛ն վտարանդի`
Դեպի երկի՛նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի  
Իմ բա՛րձր, հին ու աստղային երազների ճանապարհով...
Ու էլ ամե՜ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ` ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում  
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ   մնաս բարո՛վ, մնաս բարո՛վ...

