Դուրսը քամին թափառում է, անմխիթար դեգերում
Դուրսը քամին թափառում է, անմխիթար դեգերում,
  Չի՜ մոռանա պոետը քեզ, չի մոռանա քո հեռուն:
Նա մենակ է ու ծեծում է փակ դռները հիմա նա.
  Քեզ մոտ կգա, երբ էլ-ոչ-ոք իր դռները չբանա:
Ո՛ւ ո՛ւ... նվոցը աշնան քամու, որպես լացը ջութակի.
  Կրկին կգա, քո մենավոր պատուհանը կթակի:
Կես գիշերին ո՞վ կբանա իր դռները քամու դեմ.
  Դու գրկաբաց ինձ կընդունես, դու կընդունես, ես գիտեմ:
Լո՛ւռ... կուչ եկավ աշնան քամին պատերի տակ անկյունի.
  Հոգնած սիրտս քո մեղավոր գգվանքներում կքնի...
1916

