Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Սիպիլ

Ագռավները

Սև պատանքին ներքև ամպոտ գիշերին
Արյունի թուխ մառախուղ մը կ՚երկարի.
Հըռընդյուններ լացի կոծի կը մարին
Մահասարսուռ դաշտին վըրա պայքարի:

Հիմա ճիչերն համակ լըռած են արդեն,
Դիակներու վըրա մահը կը շրջի,
Եվ ագռավներն իրենց սևը կը բարդեն
Համատարած խորունկ սուգին հետ շուրջի:

Կը մոտենան կոչնականները մահվան.
Կըտուցներն իրենց քաղացի տենդով կը հևան,
Լանջքերն իրենց քաղցի տենդով կը հևան,
Ու կը կառչին մագիլներնեն երկաթե:

Այստեղ ինկած զինվոր մոր դեռ մեռած չէ
Բայց դնդեր մ՚իսկ խըլրտելու ապիկար,
Իր սերերը, իր հուշքերը կը կոչե
Հերոսական գըլուխն հակած դեպի վար:

Ագռավներու հոծ թափորը կը թառի
Ծաղիկ կյանքին վեհ արյունը ծըծելու.
Այս սիրատենչ սրտին վըրա քաջարի
Զինվորն, ավա՜ղ, հիմա բախտին է հըլու:

Ամեն կողմե կըռինչքներով կը վազեն,
Եվ արյունի ճապաղիքներ կը հոսին,

Բըզըքտելով հոշ-հոշ դեմքեն ու վիզեն
Դեռ բաբախուն թարմ բեկորները միսին․․․

Անգո՜ւթ, անգո՜ւթ սև ագռավներ մարդակուլ
Անկարեկիր իր թարմության ու գեղին,
Ի՜նչպես իր հուսկ հեծեծանքին կ՚ըլլաք խուլ․
Անե՜ծք ձեզի, անե՜ծք բոլոր ձեր ցեղին․․․

Բայց… կը խորհիմ, ո՞րն ավելի է անգութ․
Մարդի՞կ, որոնք գիտակցորեն գիշակեր,
Կը հոշոտեն զիրար փառքի համար սուտ
Քայքայելով բյուր երազներ ու կյանքեր։

Թե թռչուննե՞րն անբան, անմիտ, անոթի,
Որ անգիտակ մեր ըզգացմանց թանկագին,
Կ՚արշավեն հոն որտեղ կյանքը կը դադրի,
Հագուրդ տալու իրենց քաղցին, պապակին։

1915