Խոսի՜լ
Վեր՝ հավատքեն, սերեն, հույսեն,
Որոնք այնքան միտքս ու հոգիս կը հուզեն,
Ըզմայլանքի պահերեն կույս՝
Որոնց պաշտանքն այնքան անուշ է հոգվույս,
Վայելք մը կա ինծի համար,
Խոսիլ ազատ մտքիս խոհերն անհամար:
Փույթ չէ ինծի՝ ըլլալ գերի.
Թո՛ղ կյանքն համակ փուշերու մեջ դեգերի,
Թևերս ըլլան շղթայակապ,
Ոտքերուս տակ բացվին փոսեր ու վիրապ.
Բայց տան ինծի վայելքն անգին
Ազատ թըռիչ տալու սրտիս խոյանքին:
Շըքեղանքի փափա՛ք պատիր,
Ի՜նչ շուտ կ՚անցնին ցանելով ափ մը մոխիր,
Փառքի ոսին ուրվակա՛ն,
Քու լուսասփյուռ սադրանքներեդ մոգական
Կ՚ընտրեմ որ միշտ զիս զրկես,
Միայն խոսի՜մ ինչ որ բըխի հոգիես:
Փայփայանքի ծաղիկ անո՛ւրջ,
Նվիրվելու և զոհվելու տենչեր լուրջ,
Դուք որ այնքան զիս դյութեցիք,
Գուցե օր մը ձեր սերն ըլլա վաղանցիկ:
Ինչ որ կյանքին կը կապե զիս,
Ազատ, արձակ խոսելու ուժն է սրտիս:
Թե մահվան մոտ ըլլամ, թե ողջ,
Վախ չ՚ազդեր ինձ ոհմակ մ՚ամբողջ․
Կրնա կյանքը զինվիլ ինձ դեմ,
Իր հարվածներն ես քաջությամբ կը դիտեմ․
Բավ է որ տան ինծի միայն
Ազատ խոսքի սուրբ իրավունքն անպայման։
1911