Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Սիպիլ

Սոսին տակ

Կը մարեր հետին ճաճանչն արևուն
Լեռներուն կողեն ինկած մինչև ծով,
Երբ ծաղկահաս մայրն հուզմամբ սարսըռուն՝
Կը խոսեր անոր իր հոգվույն բոցով:
Կը մարեր հետին ճաճանչն արևուն:
Հովանվույն ներքև սոսին դարավոր
Տալով կաթոգին իր հետին համբույր,
Այրը կը մեկներ հանձնելով անոր
Չըքնաղ մանկիկ մը խարտյաշ վարդաբույր,
Հովանվույն ներքև սոսին դարավոր.
« Մի՛ լար, միշտ հիշե մեր քաղցրիկ օրեր,
Կ՚ըսեր ցավագին հայրը մըտահոգ,
Դուն Աբելն ունիս, իր ժըպիտն ու սեր
Կըրնան ըսփոփել թախիծ ու մորոք:
Մի՛ լար, միշտ հիշե՛ մեր քաղցրիկ օրեր:
Ես ձեզմե հեռու կ՚երթամ տարագիր.
Թո՛ղ որ նայվածքեդ քաղեմ՝ քիչ մը ուժ.
Որդիս, շա՜տ սիրել ինծի խոստացիր,
Որ հոգի առնեմ քու ձայնեդ անույշ:
Ես ձեղմե հեռու կ՚երթամ տարագիր»:
Հերուտ աչքերը արցունքով լեցուն՝
Ձայնով մը նըվաղ,հազիվ լըսելի,
« Կ՚երդնում թե, ըսավ, կյանքս, հոգիս համբուն
Պիտի նըվիրեմ որդույս և քեզի»,
Հըրուտ աչքերը արցունքով լեցուն:
Մինչ հայրն այդ ուխտին վըրա կը ցնծար,
Գուժկան կառաչ մը թըռա՜վ ահարկու

Հանկարծ կատարեն սոսին բարձրածայր,
Բու մը ըսկսավ հեծել. «հո՜ւ, հո՜ւ, հո՜ւ»,
Մինչև հայրն այդ ուխտին վըրա կը ցընծար:

. . . . . . . . . . . ․

Մութը գիշերվան կ՚իջներ լեռնեն վար.
Իր ձիով ճերմակ ա՛լ անհետացեր՝
Մեկներ էր արդեն հայրը սըրավար,
Դեռ կը լըսվեին սև բուին կոծեր:
Մութը գիշերվան կ՚իջներ լեռնեն վար:

Հովանվույն ներքև դարավոր սոսին
Մայրը իր որդվույն հետ նըստած մինակ՝
Կը դիտեր տըմույն հուսկ ցոլքը լույսին,
Որ կ՚երթար պահվիլ լուրթ ծովուն հատակ:
Հովնվույն ներքև դարավոր սոսին:
Առույգ տըղայ մ՚էր Աբելն ալ հիմակ,
Հասակը իր մոր կը հասներ ուսին,
Սիրտը կըրակ էր, ինքը բոց համակ՝
Աղվոր էր դեմքն ալ զերթ պայծառ լուսին:
Առույգ տըղա մ՚էր Աբելն ալ հիմակ:
« Մա՛յր, կ՚ըսեր, ինչո՞ւ հայրիկս ուշացավ.
Տե՛ս ըստվերները դաշտին մեջ լեցան:
Երթանք քեզի հետ ձոր, դաշտ ու անձավ,
Նայինք, կարսնցո՞ւց արդյոք իր ճամբան:
Մա՛յր, կ՚ըսեր, ինչո՞ւ հայրիկս ուշացավ»:
« Համբերե՛ քիչ մ՚ալ, Աբե՛լս իմ սիրուն,
Պատասխան կուտար մայրիկն անկասկած.
Ա՛լ պիտի չ՚ողբանք քեզ հետ օրն ի բուն,
Զի հորըդ դարձին վայրկյան մը մընաց,
Համբերե քիչ մ՚ալ, Աբե՛լս իմ սիրուն»:
Զըվարթ էր սիրտն ալ ճիշտ իր դեմքին պես,
Քանզի կ՚սպասեր սիրելվույն դարձին,

Եվ ի՞նչ պարծանքով, ինչ հաճույքով վես
Կ՚երաղեր ցույց տալ անոր իր որդին:
Զըվարթ էր սիրտն ալ ճիշտ իր դեմքին պես:
Բայց տըղուն սիրտը հուզմունքով կ՚եռար,
Եվ չ՚ուզեց լըսել խընդրանքն իր մորկան,
Ելավ բարձրաբերձ այն սոսին կատար
Տեսնելու համար հայրը սիրական:
Զի տըղուն սիրտը հուզմունքեն կ՚եռար:
«Ա՜խ, մայրի՛կ, գոչեց ծառին գագաթին.
Կարավան մ՚ահա կուգա դեպի մեզ,
Շատ ձիավորներ շուտ-շուտ կը գրոհեն.
Հայրիկս ալ հե՞տն է. եկո՛ւր որ տեսնես:
Ա՜խ, մայրի՛կ», գոչեց ծառին գագաթեն:
Հորը կարոտեն հոգին սիրարծարծ
Փութաց կաղնիեն իջնել հև ի հև,
Ոտքը սահեցավ, վար ինկավ հանկարծ,
Փըշրեցավ գանկը ժայռերուն վերև:
Հորը կարոտեն հոգին սիրսրծարծ:

. . . . . . . . . . .

Մութը գիշերվան կ՚իջներ լեռնեն վար,
Անտառին խորեն իր ձիով ճերմակ
Հայրն ուրախ-զըվարթ հասավ սըրավար
Գըրկելու հույսով իր սիրուն զավակ:
Մութը գիշերվան կ՚իջներ լեռնեն վար:
Հովանվույն ներքև սոսին դարավոր,
Մայրն, որ խելահեղ լալով կը թասար,
Ցուցուց խեղճ հորը իր զավակն աղվոր
Ոսկրակույտի մը եղած հավասար,
Հովանվույն ներքև սոսին դարավոր:
Եվ հանկարծ «հո՜ւ, հո՜ւ», վայեց բուն վերեն,
Եվ կանխավ լացած էր մահը մանկան,
Մինչև խույս կուտային հեք հորն ալ սըրտեն
Սիրոյ, հըրճվանքի երազներն այնքան.
Ու դարձյալ «հո՜ւ, հո՜ւ» վայեց բուն վերեն: