Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ռափայել Պատկանյան

Մշակ

Շլինքը արևառ, քըրտինք երեսին, բեռը շալակած,
Ղարիբ Մըշեցին մայդանի միջին կանգ առավ հոգնած.

Կոշտացած ձեռքը երեսին տարավ, քըրտինքը սըրբեց,
Հայց երբ որ աչքը չորս կուման դարձուց՝ ծանըր ա՜խ քաշեց,

Տեսավ նա շըքեղ մեծ֊մեծ դարբասներ գույնըզգույն ներկած,
Պատշգամբի վըրա գոզալ Հայ կանայք շար ի շար նըստած,

Ղումաշ հովհարով մարմար թըշերին հով ու զով տալիս,
Փըրփուր շորերը թեթև քամիեն փըրփըռան գալիս.

Ջուխտակ արտասունք ջուհար ակի պես աչքին ցոլացին.

«Մըշա՛կ, չիլի՞ թե միտքըդ բերիր քու կարոտած յարին»։

Մըշակը լուռ էր, նա ինձ չի տըվեց ոչինչ պատասխան,
Դարբասը թողած՝ աչերը դարձուց նա դեպի մայդան.

Երկլուծ կառքի մեջ տեսավ թեք ընկած մեկ նիհար տըղա,
Չաշմակը աչքին, բերնին նարգիլե՝ զինչ թուրքի աղա.

Մըշակի շըրթին աննըշմարելի մեկ ժպիտ խաղաց.
«Մըշա՛կ, այդ ի՞նչ էր, որ սիրտըդ խոսեց՝ ծա՞ղըր, թե՞ նախանձ»։

Մըշակը ինձի պատասխան չի տվեց, ասես թե լալ էր,
Բայց հոգեբանը իսկույն կիմանար հոգին ի՞նչ հալն էր.

Մայդանը թողած նա աչքը դարձուց լայն, մեծ փողոցին,

Ոչոք չ՚իմանալ, թե այն րոպեին ի՞նչ խոսեց հոգին։

Գունդ-գունդ գալիս էր ձիով ու հետի սպառազեն լաշքյար,
Առջևը առած հարուր ու հազար թըմբկահար, փողհար.

Ցընծալիր երգով զորքը տոնում էր իր հաղթությունը.
Վայ քեզ խեղճ <հայ> քանդել էր քու ազգի տունը...

Մըշակը լուռ-մունջ մեկդի քաշվեցավ, դողդոջուն ոտքով
Իր ճամփան գընաց՝ ծանըր տընքալով, կամաց երգելով.

Բահարն էկավ՝ ծառը ծիլ-ծիլ ծաղկեցավ,
Ձյունը փախավ, երբ արևը ծագեցավ.
Երնե՜կ արևն կամ բահարը մեր Հային
Խելք, միտք, նոր բարք, յա քի նոր վարք շնորհեին։

Հա՛յ, բաց աչքըդ, քու կորուստը մոտիկ է,
Չիմանաս, որ տըրին–տարին զատիկ է,
Յալփազանը, ղումաշ շորը քու յարին
Զանդուկներեդ շատ հազարներ դուս տարին։

Ի՞նչ զարար, որ կընկադ փեշը կարճ ըլլա,
Տափն ավլելու համար ասես՝ ավել կա,
Բան կասեի՞ քեզ անօսըր շորի դեմ,
Երբ որ յարիդ բուդը չերևնար տակեն։

Քեզ ո՞վ ասաց, որ ուսումը հագվել է,
Օխտն օտարի հետը գաղտուկ պագվել է.
Թե որ ատ էր՝ տայիր զավակըդ Զուլոյին,
Նա քեզ մուֆթա կըհասցներ քու մուրազին։

Աս ի՜նչ տեսնամ, սելավ կուգա հյուսիսեն...
Հա՛յ մարդ, թեզով ժողվե՛ քու փաս ու փուսեն,
Ա՛ռ գըլոխդ, քոչե՛ դեպի քու աշխարհ,
Քանի օրեն ունըդ-բունըդ չես ճանչնար։