Մարքեթինգային ծուղակը
Արսեն Բարխուդարյանը, ով վաթսուն տարեկան, բարձրահասակ, վառվռուն աչքերով, հաղթանդամ տղամարդ էր, դուրս էր եկել երեկոյան զբոսանքի։ Արսենը երկարամյա վաստակաշատ մանկավարժ էր, ով դպրոցում դասավանդում էր մաթեմատիկա։ Անցել էր ուսուցիչների կամավոր ատեստավորումը, ստացել ամենաբարձր գնահատականը։
Նա սովորություն ուներ երեկոյան զբոսնել, փոքր-ինչ կտրվել առօրյա խնդիրներից՝ թոթափելով օրվա ընթացքում կուտակված լարվածությունը։
-Բարև Ձեզ, ընկե՛ր Բարխուդարյան, ո՞նց եք,-մոտենալով ու ձեռքը սեղմելով՝ հարցրեց իր նախկին աշակերտներից մեկը՝ Կարենը, ով քսանհինգ տարեկան փոքրամարմին երիտասարդ էր։
-Բարև Կարեն ջան, լավ եմ, դու ինչպե՞ս ես,-ճանաչելով իր նախկին աշակերտին՝ բարևեց ու հարցրեց Արսենը։
-Ես էլ եմ լավ,-պատասխանեց Կարենը։
-Կարե՛ն, ինչպես տեսնում եմ, տրամադրությունդ բարձր է,-նկատեց Արսենը։
-Հա, էսօր հաջող օր էր։ Ուզու՞մ եք ասեմ, թե խի։
-Դե եթե ուզում ես, ասա։
-Ընկեր Բարխուդարյան ջան, էսօր գնացել էի տելեվիզր առնելու։ Մտա խանութներից մեկն ու տեսա, որ իմ ուզած տելեվիզրն արժե 100 հազար դրամ, հետո մտա մի ուրիշ խանութ ու տեսա, որ էդ նույն տելեվիզրն արժե 120 հազար դրամ, բայց ինձ ասացին, որ եթե ես էդ տելեվիզրը առնեմ, կմասնակցեմ 10 միլիոն դրամ արժողությամբ մեքենայի խաղարկությանը, որը կլինի մեկ ամիս հետո։ Դե ես էլ առա։ Պատկերացնու՞մ եք, ի՜նչ հաջողություն։ Համ տելեվիզրն առա, համ էլ ստացա ավտոն շահելու հնարավորություն։ Ճիշտ ա, քսան հազար կորցնում եմ, բայց էդ ոչինչ ա էն բանի դիմաց, որ կարող ա ավտոն ես շահեմ։ Տեսնու՞մ եք՝ ինչ խելացի որոշում եմ կայացրել։
-Կարեն ջան, քանի՞ մարդ է մասնակցելու էդ խաղարկությանը,-հարցրեց Արսենը։
-Չգիտեմ, ընկե՛ր Բարխուդարյան,-պատասխանեց Կարենն՝ ուսերը վեր բարձրացնելով։
-Դե գոնե մոտավորապես․․․
-Մոտավորապես մի հազար հոգի երևի,-մտածելով պատասխանեց Կարենը։
-Պարզ ա․․․․
-Ընկեր Բարխուդարյան, տեսնու՞մ եք չէ, թե ինչ խելոք բան եմ արել։ Արսենը, մեղմ ժպտալով, ասաց․
-Կարեն ջան, հիշու՞մ ես, որ քո դպրոցական տարիներին ես քեզ ասում էի, որ մաթեմատիկա լավ սովորիր։ Այն իրական կյանքում շատ պետք է գալու, բայց չէիր լսում։ Դու իմ ամենաթույլ աշակերտներից մեկն էիր։
-Ընկե՛ր Բարխուդարյան, բան չունեմ ասելու, կարող ա էդ ժամանակ թույլ էի, բայց հիմա ես նենց գործեր եմ անում, էնպիսի որոշումներ եմ կայացնում, որ քո էն ժամանակվա սիրելի աշակերտները կյանքում չեն կարա անեն,-հպարտ ու ինքնավստահ ասաց Կարենը։
-Կարեն ջան, ես չգիտեմ, թե դու հիմա ինչ գործեր ես անում ու ինչպիսի որոշումներ ես կայացնում։ Աստված տա թող լինի էնպես, ինչպես դու ես ասում, բայց կոնկրետ քո էս որոշման հետևանքով դու կորցրեցիր 9980 դրամ։
Կարենը զարմացավ Արսենի խոսքերից։ Հատկապես նրան զարմացրեց 9980 դրամ կորցնելու մասին Արսենի ասածը։
<<Սա էս անկապ թիվը որտեղի՞ց ստացավ։ Էլի մի հիմար բան պիտի ասի։ Էս բոլոր դասատուներն էլ սենց են։ Պիտի մի հիմար բան ասեն՝ ցույց տալու համար իբր իրենք խելոք են։ Ասա ՝ օդում ո՞նց ստացար էդ թիվը, ա՛յ
ցնդած բիձա>>,-մտածեց Կարենն ու հարցրեց․
-Էդ ո՞նց իմացաք, որ դրա մեջ փող եմ կորցրել, էն էլ՝ 9980 դրամ։ Էդ թիվը որտեղի՞ց ստացաք։
-Կարեն ջան, էսպես ոտի վրա չեմ կարա բացատրեմ։ Ավելի ճիշտ՝ կարամ բացատրեմ, բայց հաստատ չես հասկանա։ Եթե իրոք ուզում ես իմանալ, թե ինչու դու էդ որոշման հետևանքով կորցրել ես 9980 դրամ, վաղը թուղթ ու գրիչով դասերից հետո կգաս դպրոց, ես քեզ կբացատրեմ, թե ինչու։
-Չէ, գոհ եմ, ընկե՛ր Բարխուդարյան։ Գամ ի՞նչ անեմ։ Առաջվա նման գլուխս սկսելու ես տանել քո էդ հիմար բանաձևերով։ Էդ 9980 թիվն էլ օդում հորինեցիր։ Տենց բան չի կարա լինի։ Կա՛մ ես կորցնում եմ 20 հազար դրամ, կա՛մ շահում 10 միլիոն արժողությամբ ավտոմեքենան։ Ի՜նչ 9980 դրամ, ի՛նչ բան։ Ախր սա պարզ լոգիկայա, պարզ մաթեմատիկա,-դեմքը ծամծռելով՝ ասաց Կարենը։
Կարենի այս ասածից Արսենը քահ -քահ ծիծաղեց՝ ասելով․
-Հա՜, հա՜, հա՜․․․Կարեն, գոնե գիտե՞ս ինչ ա լոգիկան, էդ բառը որտեղի՞ց ես սովորել։ Քեզ ինչի՞ ա թվում, որ ինձ կարող ես մաթեմատիկա բացատրել, տղա՛ ջան։
-Վոբշեմ, Բարխուդարյան, ամեն ինչ տոչնի ա։ Ես գնացի,-դժգոհ տոնով ասաց Կարենն ու հեռացավ։
-Հաջողություն, Կարեն ջան,-ծիծաղելով ասաց Արսենը։
Կարենը, բարկացած իր ուսուցչի խոսքերից, արագ քայլում էր՝ մտածելով․
<<Ո՜նց եմ զզվում սրանից։ Հերիք չի կյանքս 10 տարի կերավ, հիմա էլ էշ-էշ դուրս ա տալիս։ Բայց հետաքրքիրն էն ա, թե էդ բիձեն 9980 թիվը որտեղի՞ց ճարավ ու ասավ։ Յանիմ ես կռուտոյ մաթեմատիկոս եմ էլի>>։

