Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Նարեկ Սարգսյան

Նոր ուսուցիչը

Դասամիջոց էր։ 11-րդ դասարանի աշակերտներ Կարենն ու Արսենը դպրոցի միջանցքում ինքնագոհ քայլում էին՝ միաժամանակ ուսումնասիրելով շուրջը։ Կարենը թուխ մաշկով, հաստափոր, կարճահասակ 17 տարեկան աշակերտ էր։ Նա գործարարի տղա էր, որի հայրը մեծ հեղինակություն ու ազդեցություն ունեցող մարդ էր։ Արսենն էլ բարձրահասակ ու հաղթանդամ էր և զբաղվում էր բռնցքամարտով։

Հանկարծ նրանք նկատում են մոտ 24-25 տարեկան, նիհար, փոքրամարմին, ակնոց կրող երիտասարդի՝ ձեռքին մատյան։

-Էս ո՞վ ա,-հարցնում է Արսենը Կարենին։

-Չե՞ս լսել, մեր դպրոց նոր դասատու ա եկել։ Էսի մեզ դաս ա տալու,-ասաց Կարենը։

-Սա ի՞նչ առարկա ա մեզ դաս տալու։

-Մաթեմատիկա։

-Ապեր, սրա տեսքից երևում ա, որ յոնջ ա,-ծիծաղելով ասաց Արսենը։

-Ճիշտ ես ապեր։ Վախվորած դեմք ունի։ Բա տենաս ե՞րբ ա սա մեզ գալու դաս տա, մի քիչ ղժժանք վրան,-ասաց Կարենը։

-Ախր էս դպրոցը բարդակ ա։ Արդեն էսօր սեպտեմբերի 2-ն ա, բայց ոչ դասացուցակ են տվել, ոչ բան,-նկատեց Արսենը։

Հնչեց զանգը, ու աշակերտները շտապեցին դեպի իրենց դասասենյակները։

***

Հայկ Սիմոնյանը նոր էր ընդունվել դպրոց՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Արսենն ու Կարենը միջանցքում հենց Սիմոնյանին էին տեսել։ Նախկինում Հայկը մոտ 1 տարի աշխատել էր գյուղի դպրոցներից մեկում, սակայն այս ուսումնական տարվա սկզբին, մասնակցելով մրցույթին ու հաղթելով, տեղափոխվել էր քաղաքի այս դպրոցը։

Արսենի ու Կարենի դասարանը բաղկացած էր 17 հոգուց՝ 7 տղա, 10 աղջիկ։ Դասարանում առաջադիմությունը շատ ցածր էր, բայց դա ոչ մեկին կարծես չէր հուզում։

Այժմ տեղափոխվենք ուսուցչանոց, որտեղ ուսուցիչները հանգստանում էին․ երկար դասամիջոց էր։

-Սվետա՛, ես մտահոգվում եմ Սիմոնյանի համար։ Նա էս դպրոցի էրեխեքի հետ ոնց ա՞ լեզու գտնելու։ Ախր շատ խելոք ա, իսկ էս դպրոցը խելոք մանկավարժի տեղ չի,-ասաց ընկեր Անանյանը, ով դասավանդում էր հայոց լեզու և գրականություն։

-Էդ արդեն դպրոցի տնօրենի ու նրա սիրելի հոգեբանի պրոբլեմն ա։ Մեր հոգսը քիչ չի, մի հատ էլ մնում ա Հայկի մասին մտածենք,-պատասխանեց Սվետլանան, ով դասավանդում էր քիմիա առարկան։

Ներս է մտնում Հայկը և դիմում ուսմասվարին․

-Ընկե՛ր, Հարությունյան, էս ժամը ես ո՞ր դասարանում եմ։

-Ընկե՛ր Սիմոնյան, դուք հիմա կմտնեք 11-րդ դասարան,-դասացուցակին նայելով՝ պատասխանեց ուսմասվարը։

Ներս է մտնում դպրոցի հոգեբան Անուշ Վարդանյանը, ով մոտ 27 տարեկան կին էր։

-Ընկե՛ր Սիմոնյան, ծանոթացե՛ք, սա մեր դպրոցի հոգեբանն է՝ ընկեր Վարդանյանը, եթե երեխաների հետ կապված խնդիրներ ծագեն, դիմեք իրեն, ինքը դաստիարակչական զրույցներ կանցկացնի,-ասաց ուսմասվարը։

-Ուրախ եմ ծանոթանալու համար,-ժպտալով ասաց Հայկը։

-Նմանապես։

***

Հնչում է զանգը, և ընկեր Սիմոնյանը շտապում է 11-րդ դասարան՝ դասի։ Մտնելով դասարան՝ տեսնում է հետևյալ պատկերը․աղջիկներից մեկը նստած էր ուսուցչի աթոռին, մի տղա նստել էր՝ ոտքերը դրած սեղանի վրա, Արսենն ու Կարենն էլ պատուհանի մոտ կանգնած ծխում էին։

Սիմոնյանն ապշել էր, չգիտեր՝ ինչ ասեր կամ ինչ աներ։ Նման իրավիճակի նա դեռ չէր բախվել։ Տեսնելով Սիմոնյանին՝ երեխաներն առանց շտապելու տեղավորվում են։

-Բարև Ձեզ։ Ես մաթեմատիկայի Ձեր նոր ուսուցիչն եմ, ազգանունս Սիմոնյան է, -ասաց Հայկը՝ բացելով մատյանը՝ ներկա-բացակա անելու համար։

Իրար հրմշտելով ներս են մտնում երեք աշակերտներ, որոնք ուշացել էին դասից ու առանց թույլտվություն հարցնելու՝ գնում նստում իրենց տեղը։

-Մի րոպե, Ձեզ ո՞վ թույլատրեց նստել, դուք այս դասարանի՞ց եք,-Սիմոնյանը դիմեց ուշացածներին։

-Դուք մեր նոր ուսուցիչն ե՞ք,-հարցրեց ուշացած աղջիկներից մեկը։

-Այո, ես Ձեր նոր մաթեմատիկայի ուսուցիչն եմ։

-Դե ախր, ի՞նչ իմանանք, մենք Ձեզ առաջին անգամ ենք տեսնում, մեզ ոչ ոք Ձեր մասին ոչինչ չի ասել։

-Ընկե՛ր Սիմոնյան, սա Ձեզ խաբում է, մեր դասղեկ ընկեր Վահանյանը մեզ ասել ա Ձեր մասին,-ասաց աշակերտներից Գրիգորը։

-Ա՛յ համբալ, ես չեմ լսել, ես էդ ժամանակ դասի չէի։

-Խաբում ես, ներկա էիր։

-Դադարեցրե՛ք ձեր հիմար վեճը,-բղավեց Սիմոնյանը։

-Ընկե՛ր Սիմոնյան, ինչի՞ եք աղջկա վրա գոռում, չի կարելի ,-ոգևորված ասաց Կարենը, ով նման առիթի էր սպասում։

-Տղա՛ ջան, դու ո՞վ ես, որ ինձ սովորեցնես, թե ես դասի ժամանակ ինձ ինչպես պահեմ,-պատասխանեց Սիմոնյանը։

-Ո՞նց թե ես ով եմ, եթե չգիտես կասեմ, քեզ, արա՛։

Սիմոնյանն անսպասելիի եկավ։ Նման վերաբերմունքի չէր սպասում։ Հազիվ զսպելով զայրույթը՝ ասաց Կարենին․

-Հենց հիմա դու՛րս արի դասարանից։

-Դուրս չեմ գալիս, թե կարաս ուժով հանի,-միտումնավոր ասաց Կարենը՝ փորձելով ծաղրել Սիմոնյանի ֆիզիկական կարողությունները։

-Բայց ուժը կհերիքի՞, որ հանի,- ասաց Արսենը, ու դասարանում մեծ քրքիջ բարձրացավ։ Սիմոնյանը, վերցնելով մատյանը, շտապ դուրս եկավ դասասենյակից։

-Տեսա՞ք, փախավ․․․․Էրեխե՛ք, լսե՛ք, թե ի՛նչ եմ ասում, եթե գա տնօրենը կամ մեր դասղեկը, կասեք, որ մեր դասարանի աղջիկներին ինքը կոպտել ու վիրավորել ա, ես էլ չէի կարող մեր աղջիկներին թասիբին չկանգնել,-ասաց Կարենը դասարանի երեխաներին։

-Բայց ինքը ոչ վիրավորել ա, ոչ էլ կոպտել ա, խի՞ ես խաբում,-ասաց Հեղինեն, ով մասնակից չէր այդ անկարգությանը։

-Աղչի լսի՛ր, լեզուդ քեզ կպահես, թե չէ….

-Աղջին դու ես։ Դասարանին քո անկարգությունների մեջ մի՛ խառնիր։

Դասարան է ներս մտնում տնօրենը, ով մոտ 60 տարեկան, կարճ մազերով, ագրեսիվ շարժ ու ձևով կին էր։

Աշակերտները, տեսնելով տնօրենին, անմիջապես ոտքի են կանգնում։

-Կարե՛ն, դու քեզ ի՞նչ ես թույլ տալիս, տղա՛ ջան, ինչպե՞ս ես համարձակվել ուսուցչին ասել՝

<<արա>>։

-Ընկե՛ր Մնացականյան,- ես ընկեր Սիմոնյանին <<արա>> չեմ ասել։ Ինքը վիրավորեց ու գոռգռաց մեր աղջիկների վրա, ես էլ խնդրեցի ընկեր Սիմոնյանին, որ մի քիչ մեղմ խոսա աղջիկների հետ։

-Լսի’ր, տղա՛ ջան, հեքիաթներ մի՛ պատմիր, ես քեզ լավ եմ ճանաչում։

-Բայց, ընկե՛ր Մնացականյան, Կարենը ճիշտ ա,- զրույցին միջամտեց Արսենը,- էդպես չի՞ երեխեք։

-Էդպես ա,- բացականչեց գրեթե ողջ դասարանը, բացառությամբ 3 հոգու, որոնց մեջ էր նաև Հեղինեն։

-Ուրեմն ուշադի՛ր լսեք, թե Ձեզ ինչ եմ ասում, եթե մյուս անգամ ընկեր Սիմոնյանին դասին անկարգություն անեք, ձեռքիցս չեք պրծնի, հասկացա՞ք, իսկ դու, Կարե՛ն տղա, կգնաս ու ընկեր Սիմոնյանից ներողություն կխնդրես,-բղավեց Մնացականյանը՝ դուռը շրխկացնելով դուրս գալով դասարանից։

Արսենը սկսեց ծիծաղել Կարենի վրա․

-Վա՜յ, հորս արև, Կա՛ր, ուրեմն էդ հարիֆից ներողություն պի՞տի խնդրես, ես ավելի լավ ա մեռնեմ, քան թե նման բան անեմ։

-Ի՞նչ ներողություն, հեսա զանգում եմ հորս, տես տնօրենին ինչ ա անում,-պարծենալով ասաց Կարենը՝ հետո հանեց սմարթֆոնը ու զանգահարեց․

-Ալո, պա՛պ։

-Հա բալե՛ս, ինչ ա՞ եղել,- լսվեց պատասխանը։

-Ընկեր Մնացականյանը իրեն տոչնի չի պահում….

***

Դպրոցի տնօրենը՝ Անահիտ Մնացականյանը, իր աշխատասենյակում նստած, սուրճն էր վայելում։ Հանկարծ հնչում է սմարթֆոնի հեռախոսազանգը։ Զանգահարողը Կարենի հայրն էր՝ գործարար Գագիկ Մարտիրոսյանը։

-Լսում եմ։

-Բարև Ձեզ, ընկե՛ր Մնացականյան։

-Բարև Ձեզ, ու՞մ հետ եմ խոսում։

-Ընկե՛ր Մնացականյան, Մարտիրոսյանն է, հիշեցի՞ք։

Տնօրենը, իմանալով, թե ով է իրեն զանգահարողը, մի պահ շփոթվեց, կարկամեց, բայց շատ արագ հավաքելով իրեն՝ ասաց․

-Այո, հիշեցի։ Ինչպե՞ս եք, պարոն Մարտիրոսյան,-շողոքորթաբար հարցրեց տնօրենը։

-Ես լավ եմ, բայց ոնց տեսնում եմ Ձեր դպրոցում ոնց որ թե էնքան էլ լավ չի։

-Ի՞նչ եք ասում, պարո՛ն Մարտիրոսյան, դպրոցում ամեն ինչ կարգին է։

-Բա որ ամեն ինչ կարգին ա, ինչի՞ ա իմ տղեն զանգում ինձ ու ասում, որ Դուք իրեն ստիպում եք ներողություն խնդրել դասատուից, բայց ինքը մեղավոր չի, ինքն իր դասարանի աղջիկների թասիբն ա պահել, սխա՞լ ա արել։ Ու դրա համար պիտի ներողություն խնդրի՞։ Ինքը իմ դաստիարակած տղան ա ու Կարենիս համար թասիբից ու նամուսից բարձր ոչինչ չկա,-կիսաբարկացած ասաց Մարտիրոսյանը։

-Պարո՛ն Մարտիրոսյան, Կարենն ուսուցչին անվանել է <<արա>>։ Ու դա աններելի արարք է։

-Իմ տղեն երբեք իրեն թույլ չի տա դասատվի հետ <<արայով>> խոսա։ Առաջին հերթին հենց ես դրա համար իր գլուխը կջարդեմ։

-Պարո՛ն, Մարտիրոսյան, ուսուցիչն է այդպես ասում, հո չի՞ խաբում։ Ընկեր Սիմոնյանն ազնիվ ու պարկեշտ անձնավորություն է։

-Իմ տղեն էլ անազնիվ ու անկարկեշտն ա, հա՞,-բարձր ու ագրեսիվ տոնով հարցրեց Մարտիրոսյանը։

-Ես դա չէի ուզում ասել…

-Վոբշեմ, չգիտեմ, էդ հարցերը լուծեք, բայց լավ իմացեք իմ տղեն չարած բաների համար ներողություն չի խնդրելու, պարզ ա՞,-տնօրենի խոսքն ընդատելով՝ հրամայական տոնով ասաց Մարտիրոսյանն ու անջատեց հեռախոսը։

Մնացականյանը բարկությունից կարմրեց, շատ կուզեր այդ գործարարին մի երկու գեղեցիկ խոսք ասեր, բայց չէր կարող, քանի որ Մարտիրոսյանը մեծ ազդեցություն ու կապեր ունեցող մարդ էր ու եթե ցանկանար, տնօրենին աշխատանքից կազատեր։

Մնացականյանն իր մոտ է կանչում դասղեկին ու հոգեբանին։

Վերջիններս մտնում են տնօրենի աշխատասենյակ՝ արդեն լավ պատկերացնելով, թե խոսքը ինչի մասին պետք է գնար։

-Ընկե՛ր Վահանյան,-դիմեց տնօրենը դասղեկին,- ի՞նչ է կատարվում Ձեր դասարանում, ինձ կբացատրե՞ք։

-Դե, ընկե՛ր Մնացականյան, մինչ նոր ուսուցչի գալը, ամեն ինչ նորմալ է եղել, ընկեր Բաբլումյանի օրոք անցած տարի ամեն ինչ նորմալ էր, բոլորը խելոք իրենց դասն էին անում։ Իմ դասարանում խնդիրները, չգիտես ինչու, միայն հենց ընկեր Սիմոնյանի դասի ժամանակ են ծագում։ Հարց չի՞ ծագում, թե ինչու է այդպես, ինչու՞ մնացած ուսուցիչներին ենթարկվում են, իսկ իրեն՝ ոչ,-արագ - արագ, ձեռքերով ակտիվ խոսալով ասաց դասղեկ Վահանյանը։

-Դրանով ի՞նչ եք ուզում ասել, ընկե՛ր Վահանյան, պա՛րզ խոսեք,-հետաքրքրությամբ հարցրեց տնօրենը։

-Ընկե՛ր Մնացականյան, եթե Սիմոնյանը ընտրել է ուսուցչի մասնագիտությունը, ուրեմն պետք է աշխատի իր վրա, խնդիրներն իր մեջ փնտրի։ Ճիշտ հասկացեք, ես իմ երեխաներին չեմ պաշտպանում, բայց ինչ էլ որ ասելու լինենք, նրանք երեխա են։ Սիմոնյանը մանկավարժ է, իսկ մանկավարժը պարտավոր է ցանկացած երեխայի հետ լեզու գտնել,-իր դասարանին արդարացնում էր Վահանյանը։

Վահանյանը 58 տարեկան ինքնահավան կին էր, ով ամուսնալուծված էր, իսկ սեփական երեխաների հետ էլ՝ գժտված։ Ինքը, մանկավարժ լինելով, անգամ իր երեխաների հետ լեզու չի կարողացել գտնել, իսկ այսօր տնօրենի մոտ մեղադրում էր Սիմոնյանին։

-Ընկե՛ր Վարդանյան, Դուք ի՞նչ կասեք։ Ինչու՞ է այսպիսի իրավիճակ ստեղծվել,-հարցրեց տնօրենը Վարդանյանին։

Վարդանյանը, ոգևորվելով, սկսեց իր երկարաշունչ խոսքը․

-Ընկե՛ր Մնացականյան, ես խորությամբ ուսումնասիրել եմ խնդիրը ու եկել եմ հետևյալ եզրակացությանը։ Այդ տարիքի տղաները հարգում ու ընդունում են այն տղամարդկանց, որոնց ուզում են նմանվել։ Ընկեր Սիմոնյանի խելացիությունն ու համեստությունը նրանց համար օտար է։ Տղաներն այդ տարիքում հարգում են սպորտային կազմվածք ունեցող, կամ հարուստ, հաջողակ, <<դուխով>>, <<սխալի համար>> պատժող տղամարդկանց, իսկ Սիմոնյանը չունի այս հատկանիշներից և ոչ մեկը։ Ես խոսել եմ իրենց հետ ու հասկացել եմ, որ դժվար կլինի նրանց մեջ հարգանք սերմանել Սիմոնյանի հանդեպ։

-Աղջի՛կ ջան,- բարկացավ տնօրենը,- դիմացդ 35 տարվա մանկավարժ է նստած։ Քեզ թվում ա, թե ես էդքան բանը չեմ հասկանում, դու՞ ինձ պիտի բացատրեիր։ Ես քեզ այստեղ չեմ կանչել, որ փիլիսոփայես, այլ կանչել եմ, որ խնդրի լուծման քո տարբերակն առաջարկես։

-Բայց ընկեր Մնացականյան,-կմկմալով ասաց հոգեբանը,- ես չէի ուզում Ձեզ վիրավորել, կփորձեմ ինչ որ բան մտածել։

-Դու՛ք ի՞նչ լուծում եք տեսնում, ընկե՛ր Վահանյան,-դարձավ դասղեկին տնօրենը։

-Ես նորից կխոսեմ երեխաների հետ, բայց չեմ կարծում, թե դրանից մեծ սպասելիքներ կարելի է ակնկալել։ Ախր խնդիրը մենակ երեխաները չեն։

-Հարգելիներս, ես հասկանում եմ, որ այսօր ամենահեշտ ճանապարհը Սիմոնյանին ամեն ինչում մեղադրելն է, որպեսզի ոչ մեկն անելիք չունենա, բայց այդպես ճիշտ չէ։ Մենք կոլեկտիվ

ենք, ու մի մանկավարժի խնդիրը մեր բոլորի խնդիրն է։ Մենք պետք է Սիմոնյանին օգնենք, նրան թև ու թիկունք կանգնենք, այլ ոչ թե մեղադրենք դասարանը կառավարել չկարողանալու մեջ։ Վահանյա՛ն, դու երկու օրից խնողական ժողով հրավիրիր, որին կմասնակցեմ ես, կմասնակցի նաև ընկեր Սիմոնյանը։

-Լավ, ինչպես կասեք,-հետևեց պատասխանը։

***

Երկու օր անց 11-րդ դասարանում ծնողական ժողով էր։ Ծնողները մինչև ծնողական ժողովը սկսվելն ակտիվ քննարկում էին, թե ի՞նչ թեմայի շուրջ էր լինելու ժողովը։

-Ժողովու՛րդ, ես գիտեմ, -ասաց ծնողներից մեկը,- ինձ Վահանյանը հեռախոսով ասել ա, որ նոր մաթեմատիկայի ուսուցչի հետ կապված ա լինելու էսօրվա ժողովը։

-Ես էլ եմ էդպես կարծում,-ասաց Մարտիրոսյանի կինը՝ Նինան, ով դպրոց էր եկել շքեղ հագնված՝ մատին՝ ադամանդակուռ քարերով մատանի, իսկ պարանոցը զարդարել էր թանկարժեք ոսկյա ապարանջանով։

Ներս են մտնում տնօրենը, դասղեկը, Սիմոնյանը և դպրոցի հոգեբանը։ Սիմոնյանը փոքր ինչ անվստահ, շփոթված տեսք ուներ։ Բոլոր ծնողների ուշադրությունը կենտրոնացել էր նոր ուսուցչի վրա։

-Հարգելինե՛րս, այսօր ծնողական ժողով ենք հրավիրել, քանի որ Ձեր երեխաներն անկարգապահություն են դրսևորվում, հատկապես հանրահաշվի և երկրաչափության դասաժամերին։ Մենք այսօր միասին պետք է հասկանանք, թե ո՞րն է Ձեր երեխաների՝ նման պահվածքի պատճառը ու փորձենք խնդրին լուծում տալ,-ծնողական ժողովն այս խոսքերով սկսեց տնօրենը։

-Կներեք, մի հարց կարո՞ղ եմ տալ,-հարցրեց Նինան՝ Մարտիրոսյանի կինը։

-Այո, համեցեք,-ասաց տնօրենը։

-Ինչու՞ ընկեր Բաբլումյանի ժամանակ մաթեմատիկայի ժամերին նման խնդիրներ չկային։ Ընկեր Բաբլումյանը շատ լավ մասնագետ էր, ափսոս թոշակի ուղարկեցիք։ Ախր դպրոցը լավ մասնագետներին պետք է պահի, այլ ոչ թե թոշակի անցնելու պատրվակով տուն ուղարկի,-հարցրեց Նինան։

Դասղեկ Վահանյանը մի կերպ էր զսպում ժպիտը։ Նինայի հարցադրումը նրա սրտով էր։

-Հարգելի՛ս, մենք այստեղ չենք հավաքվել Բաբլումյանի մասին խոսելու, մենք հավաքվել ենք Ձեր երեխաների վարքագիծը քննարկելու համար,-կոպիտ տոնով ասաց տնօրենը։

-Կներեք, որ միջամտում եմ,-ասաց ծնողներից մեկը,- բայց մեր երեխաների վարքագիծը շատ էլ նորմալ է, մեր երեխաները դաստիարակված երեխաներ են։

-Լավ, հիմա խոսքը փոխանցում եմ մեր դպրոցի նոր ուսուցչին՝ ընկեր Սիմոնյանին, ով մանրամասն կներկայացնի, թե ի՞նչ է կատարվում իր դասաժամերին։ Համեցեք, ընկե՛ր Սիմոնյան,-դարձավ տնօրենը Հայկին։

Հայկը զգում էր մեծ լարվածություն, բայց այդ պահին, տեսնելով ծնողների վարքագիծը, փոքր ինչ բարկացած էր։

-Հարգելի՛ ծնողներ,-սկսեց խոսքը Հայկը,-ինչպես արդեն ընկեր Մնացականյանն ասաց, ես դպրոցի մաթեմատիկայի նոր ուսուցիչն եմ։ 11-րդ դասարանում ճգնաժամ կա։ Այստեղ խոսվեց այն մասին, որ դպրոցի նախկին ուսուցչի ժամանակ խնդիրներ չեն եղել։ Լավ, ընդունեցի, բայց այդ դեպքում ինձ բացատրեք, թե ինչպե՞ս է, որ 11-րդ դասարանի աշակերտը պարզունակ գծային հավասարում լուծել չգիտի, կոտորակների հանում գումարում չգիտի։ Երբ խոսում եմ ֆունկցիայի մասին, զարմացած ինձ են նայում։ Մի խոսքով՝ ես դասարանը ընդունել եմ զրոյական գիտելիքների մակարդակում։ Բայց կա ավելի վատ բան՝ դա երեխաների վարքագիծն է։ Ես զարմացած եմ, թե ինչպես աղջիկ երեխան կարող է դասարանի դուռը ոտքով փակել, ինչպե՞ս կարող է փողոցային լեզվով խոսել, չհարգել մեծին։ Տղաներից մեկը ի՞նչ իրավունքով կարող է ուսուցչին <<արա>> անվանել։ Մի խոսքով՝ եթե ամփոփեմ, ապա աշակերտների վարքագիծը, մեղմ ասաց, խիստ անկարգապահ է, իհարկե իրական բնորոշումն այլ է, բայց իմ դաստիարակությունը թույլ չի տալիս տալ այդ բնորոշումը։

-Իսկ մյուս ուսուցիչների ժամին նրանք ինչու՞ իրենց նման ձև չեն պահում, հարցրե՞լ եք ինքներդ Ձեզ,-հարցրեց Հայկին ծնողներից մեկը։

-Իսկ Դուք Ձեր երեխային հարցրե՞լ եք,-հարցրեց Հայկն ու շարունակեց,-համաձայն

<<Հանրակրթության մասին >> ՀՀ օրենքի՝ աշակերտը պարտավոր է հարգել ուսուցչին՝ անկախ նրանից, թե ուսուցիչն իրեն դուր գալի՞ս է, թե՝ ոչ։ Կարդացե՞լ եք օրենքը։

Ծնողներից մի քանիսի դեմքին հեգնական ժպիտ հայտնվեց։

-Դուք պետք է լուրջ խոսեք Ձեր երեխաների հետ, հակառակ դեպքում նրանցից մի քանիսի հետ կխոսի ոստիկանության տեսուչը,-շարունակեց Հայկը։

Այս վերջին խոսքը դասղեկին ու տնօրենին ևս դուր չեկավ, բայց չարտահայտվեցին։

-Լսե՛ք, Դուք ոստիկանությամբ մի՛ սպառնացեք,-բացականչեց Նինան,- տղամարդ եք, ամոթ ա։ Ինձ համար արդեն պարզ ա, թե ինչու Ձեր ու երեխաների միջև խնդիրներ են ծագում։ Նրանք Ձեր մեջ տղամարդ չեն տեսնում։

-Ուսուցչի հետ այդպես չի կարելի խոսել, հարգելի՛ս,-դիտողություն արեց տնօրենը Նինային։

-Ճիշտ եք, ընկե՛ր Մնացականյան, ուսուցչի հետ այդպես խոսել չի կարելի, բայց ես իմ առջև ուսուցիչ չեմ տեսնում,-խայթեց Նինան։

-Ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է։ Ես աշակերտներից ի՞նչ պահանջեմ, եթե իրենց ծնողներն այսպիսին են,-կոպիտ ասաց Հայկը։

-Մի րոպե, տղա՛ ջան, խոսքերդ չափավորի։ Ի՞նչ ա նշանակում <<ծնողներն այսպիսին են>>,-բացականչեցին ծնողները։

Տեսնելով, որ իրավիճակը լարվում է, տնօրենը խնդրեց Հայկին դուրս գալ՝ կոնֆլիկտային իրավիճակից խուսափելու համար։ Հայկը դուրս եկավ։ Ծնողական ժողովը շարունակվեց առանց Հայկի։

Ծնողները պնդեցին ու պահանջեցին, որ Սիմոնյանը կա՛մ պետք է լեզու գտնի իրենց երեխաների հետ, կա՛մ էլ հեռանա դպրոցից։ Նրանք մանթրայի պես շարունակ կրկնում էին, թե մանկավարժը պարտավոր է դասի ժամանակ ապահովել կարգ ու կանոն, լեզու գտնել ցանկացած աշակերտի հետ։ Նրանք այդ խոսքերը սովորել էին դասղեկ Վահանյանից, ով իրեն դպրոցի լավագույն մանկավարժն էր համարում ու միշտ հպարտանում էր, որ իր մանկավարժական մեթոդների օգնությամբ դպրոցի բոլոր երեխաները հարգում են իրեն։

Դպրոցի տնօրենը փորձում էր հանգստացնել ծնողներին։ Վահանյանը ոչինչ չէր ասում, իսկ հոգեբան Անուշ Վարդանյանն էլ լուծում առաջարկեց։ Լուծումն այն էր, որ Սիմոնյանն ու 11-րդ դասարանը պետք է մտերմանան իրար հետ։

-Շատ խելացի առաջարկ է,-ասաց Հեղինեի մայրը, ով մինչ այդ լուռ լսում էր բոլորին ու ծնողների մեծամասնության հետ համամիտ չէր։

-Ես կարծում եմ, պետք է այսպես անենք,-ասաց Անուշը,-պետք է դասարանում միջոցառում կազմակերպել։

-Ի՞նչ միջոցառում,-հարցրեց դասղեկը, որին այդքան էլ դուր չէր եկել այդ գաղափարը։

-Թող դասարանով գնան մի տեղ, օրինակ՝ Վրաստան, ընկեր Սիմոնյանն էլ նրանց հետ կգնա։ Արդյունքում իրար հետ կմտերմանան։

-Գաղափարն ինձ դուր չի գալիս,-ասաց Վահանյանն ու շարունակեց,-ընկե՛ր Վարդանյան, ինչպե՞ս կարելի է երեխաներին ուղարկել այդպիսի մի հեռու տեղ, որոնց հետ կլինի մի ուսուցիչ, որին չեն ենթարկվում ու չեն լսում։ Դուք պատկերացնու՞մ եք այդ ճանապարհորդության հետևանքները։

-Դուք էլ որպես դասղեկ, կարող եք գնալ իրենց հետ,-նկատեց տնօրենը։

-Չգիտեմ, ինձ այդ գաղափարը դուր չի գալիս,-ուսերը թափահարելով՝ դժգոհ ասաց Վահանյանը։

Այդպես էլ ծնողական ժողովում կողմերն ընդհանուր հայտարարի չեկան, ու ամեն ինչ մնաց նույնը, ինչպես որ կար։

***

Առավոտ էր։ Արսենն ու Կարենը դպրոցի բակում էին։ Դասերը դեռ չէի սկսվել։ Հետզհետե ավելանում էր աշակերտների հոսքը դպրոց։ Դպրոց է գալիս նաև հոգեբան Անուշ Վարդանյանը, ով հագել էր գեղեցիկ կիսաբաց վարդագույն շրջազգեստ, որից երևում էր գեղեցիկ ոտքերը, որոնք մինչև ազդրի կեսը բաց էին։

-Վա՜խ, ես մեռա,-բացականչեց Արսենը։

-Նայիր, թե ես հիմա ինչ եմ անում,-շշուկով ասաց Կարենն Արսենին ու հետո բարձր գոռաց,-ես դեպրեսիայի ու սթրեսի մեջ եմ, ինձ հոգեբան է պետք, իմ վիճակը լուրջ ա։ Ընկե՛ր Անուշ, օգնե՛ք, խնդրում եմ, չեմ դիմանում այս սթրեսին։

Անուշը մի պահ զարմացած նայեց ու հետո մոտեցավ։

-Ի՞նչ է պատահել, Կարե՛ն։

-Ընկե՛ր Անուշ, ես լարված եմ, դեպրեսիայի մեջ եմ, հանգստանալ եմ ուզում,-մարմնի յուրահատուկ շարժուձով, իրեն փոքր ինչ թափահարելով՝ ասաց Կարենը։

-Եթե քեզ վատ ես զգում, գնա տուն,-խիստ տոնով ասաց Անուշը։

-Ախր ընկե՛ր Անուշ, մեր տանը հոգեբան չկա։ Ես ուզում եմ հոգեբանի հետ առանձին զրույց ունենալ ու լիցքաթափվել,-շարունակեց Կարենը։

Կարենի խոսելու տոնից ու <<լիցքաթափվել>> բառը յուրահատուկ հնչերանգով ասելուց Անուշը հասկացավ, թե նա իրականում ի՛նչ նկատի ուներ ու բարկացած բացականչեց․

-Գնա՛ քեզ պատերով տուր ու հանգստացիր, հիմա՛ր։

-Բայց ինչու՞ եք վիրավորում, ես՝ աշակերտս, սթրեսի մեջ դիմում եմ հոգեբանին և նա, փոխանակ ինձ օգնի, վիրավորում է,-նեղացած ձևանալով՝ ասաց Կարենը, բայց Անուշը, առանց նրան լսելու, արդեն հեռացել էր։

-Արա՛ Արս, մտուքմս մի թունդ միտք ծագեց,-դարձավ Կարենն Արսենին,-դու Սիմոնյանին քո հեռախոսով նկարել ես չէ՞։

-Ասենք թե՝ հա, հետո՞։

-Հետո էն, այ դդու՛մ, որ էդ նկարներով կարանք ֆեյսբուքի էջ ստեղծենք։

-Բայց ինչի՞ համար,- չէր հասկանում Կարենի մտահաղացումը Արսենը։

Կարենն Արսենի ականջին ինչ որ բան ասաց, ու հետո երկուսն էլ սկսեցին բարձր ծիծաղել։

***

Կարենն ու Արսենն իրագործում են իրենց մտահաղացումը։ Սիմոնյանի անունով ստեղծում են ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվ, հետո այդ օգտահաշվից հաղորդագրություն ուղարկում Անուշ Վարդանյանին այն մասին, թե իբր Սիմոնյանը վերջինիս ցանկանում է ու նման այլ անպարկեշտ բաներ։ Դե իհարկե, Անուշը հասկանում է, որ դրա հետևում Կարենն ու Արսենն են կանգանծ, բայց ապացուցել չէր կարող։ Հետո նրանք սկսում եմ գրել դպրոցի աղջիկ երեխաներին։ Ի վերջո, Հայկին է հասնում, որ իր անվամբ ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվ են ստեղծել ու կանանց և աղջիկներին նամակներ են գրում իր անունից։ Հայկը դիմում է տնօրենին, որ վերջինս լուծի այդ երկու անկարգապ աշակերտների հարցը։ Տնօրենը խոսում է նրանց հետ, բայց Կարենն ու Արսենը կտրականապես հերքում են իրենց մասնակցությունն այդ ամենին։ Ավելին՝ Կարենը ծնողներին բողոքում է, որ դպրոցում իր վրա մեղքեր են բարդում, որոնք ինքը չի արել։ Կարենի հայրը՝ Մարտիրոսյանը, դպրոցի տնօրենին սպառնում է, որ եթե մեկ անգամ էլ իր երեխային հանիրավի մեղադրեն, ինքը, օգտագործելով իր կապերը, Մնացականյանին աշխատանքից ազատել կտա։ Տեսնելով, որ Կարենն ու Արսենը մնում են անպատժելի, Հայկը որոշում է ինքն անձամբ պատժել նրանց։ Հայկը տնօրենից թույլտվություն է խնդրում 1 օր աշխատանքից բացակայելու համար՝ պատճառաբանելով, որ Երևան պետք է մեկնի։ Տնօրենը թույլատրում է։

***

Երևանում աշնանային հաճելի եղանակ էր։ Հայկը արագ քայլում էր փողոցով ու մտածում․<<Ես էդ լակոտների հախից պետք ա գամ, հակառակ դեպքում դրանք կանգ չեն առնի ու մյուս անգամ իմ հանդեպ ավելի վատ բան կանեն։ Ես պետք ա դրանց կործանիչ հարված հասցնեմ։ Ես փորձեցի ամեն ինչ լավով լուծել, բայց ոչ մի օգուտ։ Դե լավ, տղե՛րք, եթե լավով չեք ուզում, վատով կլուծենք այս հարցը>>։

Քայլելով՝ հասավ տեսախցիկների մասնագիտացված խանութին ու ներս մտավ։ Դիմելով վաճառողուհուն՝ ասաց․

-Բարև Ձեզ, ինձ անհրաժեշտ է շատ փոքր տեսախցիկ, որ ամրացնեմ հագուստիս, բայց ոչ ոք գլխի չընկնի, որ դա տեսախցիկ է։

-Բարև Ձեզ, այո՛, մենք նման տեսախցիկներ ունենք, եկե՛ք ցույց տամ։

Վաճառողուհին Հայկին ծանոթացրեց տեսախցիկների տեսականու հետ։ Հայկն ընտրեց իրեն հարմար տեսախցիկ։ Այն շատ փոքր էր ու նման էր կոճակի։ Ամրացնելու էր հագուստին, կարծելու էին, թե հագուստի կոճակն է։ Տեսախցիկը գնելուց հետո հաջորդ օրը Հայկը Երևանից վերադարձավ դպրոց։

***

11-րդ դասարանում հանրահաշվի ժամ էր։ Հայկը շտապում է դասարան։ Մտնելով դասասենյակ՝ տեսնում է, որ աշակերտների կեսը չկա։

-Ու՞ր են մյուսները,-հարցնում է Հայկը ներկա աշակերտներին։

-Ընկե՛ր Սիմոնյան, հեսա կգան, իրանք Ձեր ժամերին միշտ էլ միտումնավոր էսպես են անում,-պատասխանեց Հեղինեն։

-Լավ, Դուք նստեք։

Հետո իրար հետևից ուշացած աշակերտները ներս են մտնում դասարան։

-Զանգի ձայնը չե՞ք լսել։

-Ընկե՛ր Սիմոնյան, մեր ականջների մեջ պրոբկա կա, պետք է գնանք բժշկի,-պատասխանեց ուշացած աղջիկներից մեկը։

Վերջապես դասարան են մտնում Արսենն ու Կարենը։

-Ինչու՞ եք ուշանում,-ձայնի խիստ տոնով հարցնում է Սիմոնյանը։

-Դե աղպեր, ձեռներիս գործ կար, ներող,-ասաց Արսենը։

-Տղա ջան, այդ ինչպե՞ս ես խոսում ուսուցչի հետ, ես քեզ ի՞նչ <<աղպեր>>,-բարկացած բացականչեց Սիմոնյանը։

-Էդ խի՞ ես վատ զգում որ, ընկե՛ր Սիմոնյան, խի աղպերությունից հու՞շտ ես լինում,-դեմքը ծամածռելով ձեռքի անտարբեր շարժուձևով նկատեց Կարենը։

-Չհամարձակվես ինձ հետ նման տոնով խոսալ, լսու՞մ ես,-գոռաց Սիմոնյանը։

-Լսիր, էդ ձա՞յն ես բարձրացնում իմ վրա։ Դու չգիտե՞ս, որ էս դպրոցում չկա մեկը, ով կարենա ինձ վրա ձեն բարձրացնի։ Ընդարձակվել ես Սիմոնյան։ Տե՛ս, հանկարծ վերջդ լավ լինի,-դժգոհ տոնով ասաց Կարենը։

-Լսե՛ք, հենց հիմա դուք՝ երկուսդ, դուրս եկեք դասարանից ու էլ իմ ժամերին չգաք։

Արսենն ու Կարենը, իրար նայելով, սկսեցին ծիծաղել, հետո Կարենը դառնալով դասարանին՝ ասաց․

-Իրան թվում ա, թե իր ասածով մենք պիտի դուրս գանք դասարանից։ Մենք դասարանից դուրս ենք գալիս էն դեպքում,երբ մենք ենք ուզում։ Մեզ ոչ ոք չի կարա դասարանից դուրս հանի, իսկ ով նման փորձ կանի, կպատժենք։

-Հարգելի՛ Արսեն ու Կարեն, Ձեր գործողություններն ու պահվածքը հակաիրավական են ու չեն բխում աշակերտի կարգավիճակից։ Այնպես որ կոչ եմ անում անհապաղ դուրս գալ դասարանից,-խոսքին պաշտոնական տոն տալով՝ շարունակեց Սիմոնյանը, քանի որ ինքը գաղտնի տեսաձայնագրում էր այդ ամենը։

-Ընկե՛ր Սիմոնյան, էս կարող ա՞ միլիցա եք,-ասաց տղա աշակերտներից մեկը։

-Ձա՛յնդ կտրիր, քեզ չեմ խոսացրել,-կտրուկ պատասխանեց Սիմոնյանը։

-Էրեխե՛ք, Ձեզ խելո՛ք պահեք, չի՛ կարելի,-փորձեց սաստել Հեղինեն։

-Իա՜, ես պաշտպան էլ ունես Սիմոնյան,-նկատեց Արսենը։

-Ընկե՛ր Սիմոնյան, թույլ տվեք գնամ տնօրենին կանչեմ,-դիմեց Հայկին Հեղինեն։

-Ոչ, Հեղինե՛, դրա անհրաժեշտությունը չկա, հիմա Արսենն ու Կարենը դուրս կգան դասարանից,-պատասխանեց Սիմոնյանը։

-Սիմոնյա՛ն, մենք ոչ մի տեղ էլ դուրս չենք գալու, ում ուզում ես գնա կանչի,-գոռաց Կարենը։

Սիմոնյանը հասկացավ, որ հիմա ճիշտ պահն է սադրելու համար ու կտրուկ քայլերով մոտեցավ Կարենին, դեմքը մոտեցրեց դեմքին ու ձեռքը պարզելով Կարենի երեսին բղավեց․

-Հենց հիմա դու և ընկերդ դու՛րս եկեք դասարանից։

Կարենը հրեց Սիմոնյանին, Արսենն անմիջապես հայտնվեց նրանց մեջտեղում ու բռնեց Կարենի ձեռքերը, որպեսզի նա հիմարություններ չանի։

-Արա՛, կգցեմ քեզ ոտիս տակ, մյուս անգամ ինձ հետ տենց տոնով չխոսես,-գոռաց Կարենը։

-Արան հերդ ա,-պատասխանեց Սիմոնյանը՝ իրավիճակը միտումնավոր ավելի լարելու համար։

Կարենը փորձեց մոտենալ Սիմոնյանին, որ հարվածի, բայց Արսենն ու մյուս տղաները բռնեցին նրան ու թույլ չտվեցին։

Սիմոնյանը, հասկանալով, որ ինքը ստացավ իր ուզածը, դուրս եկավ դասարանից՝ դասը կիսատ թողնելով ու շտապեց ոստիկանություն։

***

Հայկը ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում և որպես խոսքերի ապացույց՝ հանձնում է տեսանյութը։ Ոստիկանությունն օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է Հայկից հաղորդումը, գործին կցում տեսանյութն ու սկսում նյութեր նախապատրաստել։

Հաջորդ օրը ոստիկանները գալիս են դպրոց, բացատրություններ վերցնում տնօրենից, դասղեկից, առանձին զրուցում դասարանի բոլոր աշակերտների հետ։

Մի քանի օր անց Հայկը ոստիկանությունից գրություն է ստանում այն մասին, որ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով, բայց միաժամանակ նշվում է, որ ոստիկանությունը Կարենին վերցրել է հաշվառման, ու վերջինս այսուհետև լինելու անչափահասների հարցերով տեսուչի ուշադրության կենտրոնում։

Այս դեպքից հետո մարզպետարանը և նախարարությունը սկսում են ստուգումներ իրականացնել դպրոցում։ Ի վերջո, դպրոցի տնօրենը հեռացվում է, Կարենը ստանում է խիստ նկատողություն, իսկ Արսենը՝ նկատողություն։ Բայց այս ամենը չէր բավարարում Հայկին։ Նա այդ ամենը չէր արել, որ Կարենն ու Արսենը ընդամենը նկատողություն ստանային, նա գտնում էր, որ վերջիներիս արաքը խուլիգանություն է, ու պետք է նրանք քրեական պատասխանատվության ենթարկվեին, սակայն ոստիկանությունն այլ կարծիք ուներ։

Այդ դեպքից հետո կոլեկտիվում ոչ ոք այլևս չի ցանկանում շփվել Հայկի հետ։ Ուսուցիչները նրան արհամարհում էին, շփումներում էլ խիստ սառն էին ու պաշտոնական։ Պատճառն այն էր, որ ուսուցչական կոլեկտիվը տնօրենի հեռացման համար մեղավոր էր համարում Հայկին։

Դպրոցի աշակերտներ էլ Հայկից արդեն սկսում են զգուշանալ ու նրան հետևից անվանում

<<գործ տվող>>։

Տեսնելով այս ամենը՝ Հայկը աշխատանքից ազատվելու դիմում է գրում ու որոշում այլևս մանկավարժությամբ չզբաղվել, քանի որ շատ էր հիասթափված դպրոցի հոռի բարքերից։

Մի քանի ամիս անց Հայկն ինքնակրթությամբ սովորում է արհեստական բանականության մասնագետի մասնագիտությունը։ Դա նրա մոտ շատ հեշտ էր ստացվում, քանի որ նրա՝ մաթեմատիկայի գերազանց իմացությունը շատ էր օգնում։

Մի տարի հետո Հայկը հիմնադրում է ընկերություն, որն առաջարկում էր առաջատար տեխնոլոգիական լուծումներ արհեստական բանականության ոլորտում ։

Հայկը դպրոցում դասավանդելու ժամանակ մտածում էր, որ ուժեղ մարդը նա է, ով հաղթահարում է դժվարությունները, դիմանում ամեն ինչին։ Բայց դպրոցից հեռանալուց հետո հասկացավ, որ երբեմն ուժը հեռանալու և կյանքի նոր ուղի հարթելու մեջ է։ Դպրոցից դուրս գալով՝ նա ոչ թե կորցրեց, այլ գտավ իրեն․ ստեղծեց մի նոր կյանք, որտեղ իր գիտելիքը դարձել էր արժեք, իսկ ինքն այլևս զոհ չէր, այլ հաղթող։