Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Մարո Մարգարյան

Բոլորն ուզում են աշխարհը փրկել

Բոլորն ուզում են աշխարհը ուղղել,
Ոչ ոք չի ուզում սկսել իրենից.
Տալիս են անվերջ
Իմաստուն դասեր,
Խորհուրդներ խորին,
Իրենից բացի, մյուս բոլորին...
Հեշտ է երևի շատ լավ երևալ
Ու դժվար է շատ
Եվ ինչ իմանաս՝
Թե ինչ է կորած և ինչ գտնված.
Եվ ինչ իմանաս
Ով է աշխարհում ում փոխարինել...

Եթե դժվար ես անցել քո ուղին,
Ուրեմն ճամփադ ազնիվ է եղել:
Էլ մի վհատիր,
Քեզ մի նախատիր անզորության մեջ.
Մի թափիր վրադ մեղքերի հեղեղ:
Պարզապես ուղիդ
Անցել ես ուղիղ,
Որքան սրտմտել
Որքան սրտնեղել,
Չի հաջողել քեզ, քեզանից շեղել
Չի հաջողել քեզ թմրել ու պաղել,
Քեզ քո մեջ թաղել:
Հերոսությունը տարբեր ժամանակ
Տարբեր ձևեր ու ընթացք է առնում՝
Մեկ հրաբխած երկինք է հառնում,
Մեկ մխրճվում է սիրտը մայր հողի,
Որ հետո պեղեն:
Եթե դժվար ես անցել քո ուղին,
Ուրեմն՝ ճամփադ ազնիվ է եղել:

Բոլորն ուզում են երջանիկ լինել
Ամեն մեկն իրեն հասկացածի պես.
Երջանկություն են փորձում հորինել,
Ամեն մեկն իրեն հասկացածի պես.
Ու կորցնում են,
Կորցնում հավետ
Ամենաթանկը, ամենավերը
Եվ անդուռ, անել ճանապարհներին
Խեղդված իրենով հորդում է սերը,
Ու չզգալով դեռ, գլխի չընկնելով
Քանդում են բոլոր ճանապարհները
Ամեն մեկն իրեն
Հասկացածի պես:

Սիրտս խորքի մեջ
Նոր ճաք է տալիս,
Երբ տեսնում եմ ես
Չնչին շահերին գամված ու գերի,
Մերթ հերոսի մեծ,
Մերթ նահատակի փքուն տեսք առած
Սուտ սրբություններ վաճառողներին։
Մի՛ պայթիր, իմ սիրտ,
Քո փոքրիկ վերքով
Այս մեծ աշխարհի ցավերը ներիր:

Այնքան դարանած, այնքան վարանած
Հաշիվներով ծուռ,
Այնքան ոխակալ,
Ժպտացող ու լուռ,
Եվ շաղակրատող տասերեսանի:
Որին ճանաչես, որին իմանաս,
Որին դեմ գնաս,
Որին դիմանաս,
Քանի՞ կյանք ունես, ասա ինձ, քանի՞...

ԻՆՉ ԵՄ ԱՆՈՒՄ

Բոլոր հոգով ծուռերի դեմ,
Դարանակալ լուռերի դեմ,
Ես գոռում եմ աշխարհով մեկ
Ցուցարար, սուտ ընկերների,
Անունները իրար շարում,
Նետում եմ ես մինչև երկինք
Ու վառում եմ աշխարհով մեկ..
Բայց իրապես ի՞նչ եմ անում,
Այդ ամենը մի կերպ տանում,
Խոր խլանում ու համրանում,
Ինքս իմ մեջ համր ծխում.
Ինքս իմ մեջ հրաբխում,
Հանգցնում եմ կրակներն իմ
Եվ լռում եմ աշխարհով մեկ...

Բառեր, բառեր շատրվանող,
Մեծաշառաչ,
Մեծաբերան,
Հոգնել եմ ես փուչ խոսքերից,
Ու ցույցերից
Վեր ու վերան:
Ախ մեծարեք ում էլ կուզեք,
Օծեք իրար, ընդելուզեք,
Շափաղ տվեք, շողշող առեք,
Իսկ ինձ միայն չասված բառեր,
Չերևացող լույս ու արև,
Ձեր հոգու լուռ մենարանով
Սերն իմ տարեք,
Չնկատվող մտերմությամբ,
Խոր լռությամբ ինձ մեծարեք:

Ինձ խենթացնում է մարդկային ոգու
Ոլոր մոլորը,
Որ արդեն մոլի չափեր է առնում.
Երեխայի պես մթագնած ամբողջ
Խոցվում եմ խորը՝
Քայլելն օրեցօր դժվար է դառնում:
Անցել եմ այսպես
Իմ դժվար ուղին,
Հեշտերի թեթև վայելքին գիտակ.
Մի կարճ կածան է մնացել հիմա
Իմ երկնքի տակ:
Անցիր դու իմ երգ,
Ազնիվ ու անթեք
Ճամփան այս ծռված,
Ճառագայթի պես ուղիղ ու շիտակ,
Ճառագայթի պես ուղիղ ու շիտակ:

Ի ՀԵՃՈՒԿՍ

Ոլոր մոլոր,
Խութ ու խոլոր
Կեռմաններին ի հեճուկըս
Հոգում ծռված,
Սրտում ոլոր
Կողքով անցած ու շուրջ բոլոր,
Հազար տեսակ գույներ փոխած,
Տեսքով շահած,
Տեսքով պահած,
Բայց ձախավեր ու ձախողած,
Ուղիղ բռնած ու ծուռ տողած,
Սահմաններին ի հեճոմկըս:

Ուղիղ գծով գնա իմ երգ
Իմ ուղղախոս,
Իմ ուղղասեր,
Իմ անսահման, իմ անեզերք:
Ամրություններն ամեն տեսակ
Ուղիղ տունն է պահում կանգուն.
Դու մի ծռված
Տառ չունենաս
Քո մի տողում,
Քո մի հանգում:
Բոլոր հաշվով ծուռ հանգերին,
Զանգոցներին ու զանգերին,
Փառքով փքված ու «թանկերին»
Ի հեճուկըս
Ի հեճուկըս...

Լավ երևալ ջանացող,
Մութ ստվերներ վատերի,
Ոսկեզօծեք ձեզ այդպես,
Տեսքով օծեք ձեզ այդպես,
Ինչ հրաշք էլ խաղաք դուք,
Ճանաչում եմ շատերիդ՝
Դուք եք միակ թշնամին,
Թևատարած իմ հոգու,
Որ ելել է թռչելու՝
Ու դեմ առել պատերին.
Հավատում եմ ես ազնիվ
Խոհեմությանն ու խելքին,
Հավատում եմ խոյացող
Ճամփաներին ու ելքին,
Միայն ուժերն են ափսոս,
Զուր անօգուտ փշրվող,
Թափվող քարին ու ցրվող,
Միայն ուժերն են ափսոս՝
Անընկրկում, աներկյուղ...
Եվ ժամանակն այսքան սուղ,
Եվ ժամանակն այսքան սուղ...

Սարքած փառքեր,
Սարքած փառքեր՝
Երջանկություն ծիծաղելի,
Կեղծավորի տված պարգև,
Գանձարաններ փրփուրով լի:
Բախտավորներ դուք իսկական,
Բախտավորներ...
Հարկավոր չեն ձեզ աշխարհում
Ոչ անկեղծ սեր,
Ոչ հրկիզում սրտանց ու խոր,
Ոչ արդար խոսք մի ջերմ ու տաք,
Դուք եք միայն
Ձեզ հարկավոր...
Եվ դուք էլ կաք:

Անանուն տաղանդ
Անշնորհք մարդու,
Դու հանճարներին մի օրում ծալող,
Դու պատ ու պատնեշ մոմի պես հալող:
Ո՞վ դիմանա քո քայքայող ուժին,
Քո տիղմին խավար, քո խոնավ մուժին։
Դու մշտադարան,
Դու հավերժ արթուն,
Անանո՛ւն տաղանդ
Անշնորհք մարդու:

Ու թեքված էլ անցա ուղիս
Այսպես անվերջ ետ նայելով.
Չեմ իմանում թե ում համար
Մորմոքեցի, ես ինձանից
Աշխարհն ամբողջ խնայելով։
Թե անօգուտ եղավ կյանքս՝
Նախ ինձ համար,
Թե խառն ու խութ եղավ կյանքս՝
Նախ ինձ համար.
Ու լցվում եմ, լցվում իմ մեջ,
Լցված լռում,
Ծանրը նետում ծովը սրտիս,
Երազներս լուսագրում:
Ու փակում եմ միտք ու ուղեղ,
Փակում նորից.
Վախենում եմ հոգուս նետել
Սուր մի հայացք՝ լուրջ ու խորին:
Ու որքան էլ միտք եմ անում,
Չեմ հասկանում,
Չեմ հասկանում
Ինքն իրենով այսպես հարբած
Այս իմ կողքի բախտավորին։

Նրանց, որոնք
Իրենց քթի ծռությունը,
Համարում են մեղքը դարի.
Իրենց հոգու կեռությունը
Վերծանում են ցեղի բախտով:
Նրանց, որոնք
Կործանում են ու կործանվում,
Համարելով իրենց հաղթող.
Ու քայլում են երջանիկի
Կեցվածք առած՝
Իջնում անդունդ...
Բախտավորներ, բախտավորներ...
Որ սեփական տունն եք քանդում
Եվ դուք կերտող,
Կառուցողներ,
Պինդ ուսներիդ առած դարեր,
Գոնե դուք մի ծափահարեք՝
Կեղծ, անարև փայլը վերին.
Ազնվական տեսք ու դիրքով
Ոչնչությունն ամենազոր,
Ամենատես, ամենահաս,
Ամենադավ ու ստորին:
Եվ երբ պիտի դուք ճանաչեք
Իր որդուն իսկ կեղծավորող,
Իր հարկի տակ դերասանին.
Եվ երբ պիտի տարբերեք դուք,
Ծախվող հոգի երկիմաստն ու
Անծախ երեք երեսանին:

Ինչ որ առել ես,
Առել ես արդեն.
Փառքդ փռել ես,
Փռել ես արդեն.
Երգը լռել է,
Լռել է արդեն:
Հիմա ետ քաշիր
Ավերող տանկը,
Հավաքիր մի կերպ
Տանելի ցանկդ.
Փառքի ոչնչով
Կորցրած թանկդ:
Ինչ որ առել ես,
Առել ես արդեն.
Վառածդ անդարձ.
Վառել ես արդեն:

Դու ձայն եղիր, ոչ արձագանք,
Արձագանքն ի՞նչ պիտի ասի,
Անդունդը ի՞նչ պիտի խոսի,
Դու ձայն եղիր, ոչ արձագանք.
Ոչ էլ՝ ոտքի տակից քաշվող,
Գետնատարած լռիկ մաշվող,
Անհուր, անսեր շուք ու ստվեր.
Կյանքն անսահման,
Կյանքն անհատնում,
Լույս ճամփաներ շատ ունի դեռ՝
Հավատ ամուր ու հիացում,
Շող հույսերի ոսկի թելեր,
Արդար կռիվ ու անրջանք,
Աշխարհ ցնցող շքեղ սերեր,
Կարոտների լույսով օծուն
Անհերքելի, անգին ու թանկ...
Դու ձայն եղիր, դու ձայն եղիր,
Դու ձայն եղիր, ոչ արձագանք:

Անդրադարձում, անդրադարձում,
Խեղճ, անանուն, ողորմելի.
Նայած լույսը ինչպես կգա,
Նայած դեմդ ի՞նչ կըբերի՝
Ստվեր կտա՝ ո՞ր կողմերից․
Թե ի՞նչ թափով և ի՞նչ կապով
Որտե՞ղ կտա, ո՞ւր կտանի,
Կըկանգնի պինդ ու անսասա՞ն,
Թե՞ հովի հետ կսասանի.
Թե՞ կանի խենթ հրի ճարակ,
Կըտա հովին ու հողմերին...
Քամու բերանն ընկած հավետ,
Ծփանքների վրա անհույս,
Անհուր, անթև դողացող լո՞ւյս.
Սակայն լույս ես, լույս ես էլի.
Ափսոս քո պաղ ցողանքներին՝
Անդրադարձո՜ւմ, անդրադարձում
Խեղճ, անանուն, ողորմելի :

Նորից մի անգամ ապտակեցին՝ ինձ,
Հավատի համար իմ այս մանկամիտ, --
Որ մնացել է դեռ նյարդերիս մեջ
Երազանքների այս հիմար քամին:
Եվ ծիծաղում են,
Ծիծաղում վրաս
Մարդիկ անարև,
Մարդիկ աներազ։
Որ դեռ լույսեր ու
Հույսեր են հորդում
Հոգուս հատակից,
Առանց կպտակի.
Եվ ես սրտնեղած ինձ հարց եմ տալիս...
Այս ո՞ր անգամն ես դեմ առնում պատին:

Ես չեմ նեղանում ձեզանից հիմա.
Ձեր խոսքերը ինձ ոչ տաք են, ոչ հով.
Վատ լողորդ եմ ես, ու հոգսերը ծով.
Ոչ հոգսերի հետ աղերս ունեք դուք,
Ու ոչ էլ ծովի․
Կար մի ժամանակ մեծարում էիք
Մեծավորներին
Հիմա իջել եք հասել իրարու.
Նստեցեք հիմա, իրարու դիմաց,
Բաժակաճառեր ասեք դարդիման.
Եվ շռայլեցեք ներբողներ թովիչ.
Ոչ հոգսերի հետ աղերս ունեք, դուք,
Ու ոչ էլ ծովի.
Ես չեմ նեղանում ձեզանից հիմա:

Ուր ես բարձրանում առած ինքդ քեզ,
Որպես դրոշակ,
Վեր պահած ամուր,
Եվ տալիս բաղդ փառքերի քամուն.
Իջիր մի թեթև, ազատիր ձեռքդ
Օգնելու փոքր-ինչ և ուրիշներին.
Թե չէ ո՞րն է էլ իմաստը վերին
Քո բարձր դերի:
Անհոգությո՞ւնը, աշխարհին ի ցույց,
Խոր մտահոգված
Մի կողմից միայն:
Անփութությո՞ւնը, որ արդյունք է զոկ
Անտես ճիգերի
Ազատությո՞ւնը այդքան թանկ առած
Եվ մոլուցքներին
Դարձրած գերի:
Բոլորը գիտեն այդ փրփուրների
Իսկական գինը.
Նույն պղպջակի կշիռն ունեցող
Նորոգն ու հինը:
Լոկ վերելակներ պահելու համար
Սարքածն ու սինը։
Խորհուրդ չէի տա գլուխ կորցնել՝
Վստահել փոշոտ պտուտահողմի
Դեղնած թերթերով
Փրփրած քամուն.
Եվ ինչու ես դու ինքդ քեզ քամում.
Եվ ինչու եմ ես
Պտտվում այսպես
Քո խելակորույս անիվների հետ,
Դանդաղիր դու գեթ:
Եվ ինչու է այդ դրոշ դառնալու
Մարմաջն անտդոք
Եվ անդադրում.
Ո՞վ է անկանոն հողմերին նետած
ճակատագիրն իմ
Այսքան անխոհեմ,
Սյոքան անխնամ
Այսքան հասարակ թղթերին գրում:

Զրկել ես դու քեզ
Անհոգ ժպտալու
Պարզ իրավունքից,
Սրտանց ծիծաղից,
Երբեմն նույնիսկ
Մանուկ դառնալու
Հրճվալից խաղից,
Ժպիտդ հիմա ծամածռանք է
Ու ցավ է հոգու.
Ամեն շարժումդ
Մի ջիղ է լարված,
Հայացքը՝ մեջքից
Խփողի հարված.
Բայց կանգնած ես դեռ,
Բայց դեռ չես չոքում,
Պատրաստվել ես դու
Մեծ ճանապարհի,
Բայց բերել ես քեզ
Փակուղի անել...
Գեթ գիտենայիր
Թե երբ և ուր ես
Դու քեզ կործանել:

Քո պաղած սրտով,
Անմասն, անվրդով,
Քեզ համար շահած,
Քեզ ամուր պահած
Քո մթին հոգով,
Ոչինչ աշխարհում
Դու չես ստվերում.
Դու քեզ ես միայն
Չարիքներ բերում՝
Եթե մարել ես
Քո մեջ մի լավ բան,
Եթե ծռել ես
Քո ուղիղ ճամփան,
Եվ ինքդ քո դեմ
Փակել ես հեռուն:

Մեծանունների մեծազոր ցանկում
Ժամանում ես դու անկումից անկում.
Եվ թվում է քեզ, թե ճախրել ես վեր,
Հեռուն գնացել.
Եվ գոհ ես հիմա՝ ամեն ինչ ունես,
Եվ ծիծաղում է բախտը քո դիմաց
Շռայլ, ու գունեղ:
Միայն մի փոքրիկ, մի չնչին կորուստ,
Երազն հանգել է,
Երգը՝ հնացել,
Ու քեզնից ոչինչ էլ չի մնացել:
Էլ ոչ մի կարոտ անհանգիստ ու խոր,
Ոչ մի հրաբուխ ու ոչ մի հեղեղ,
Եվ բախտավոր ես, այնքան բախտավոր,
Որ չես էլ կարող հասկանալ արդեն,
Թե ինչ է եղել։

Դու վեր ելնելիս ոտքի տակ տվիր
Սրբությունները ամենավսեմ,
Մեծ ու բարձրանուն.
Այդպես են գուցե մարդիկ բարձրանում,
Իսկ ես սխալ եմ ծնվել մի տեսակ,
Անհարմար անչափ,
Ժամանակների շարժ ու ձևերին,
Եվ չեմ սովորել արվեստները բարդ՝
Շողարձակելու հարկերը վերին:
Ոչ ժամանակն է հաշվի առել ինձ,
Ու ոչ էլ ես եմ հարմարվել նրա
Նեղ սահանքներին,
Կամ շուտ եմ ծնվել,
Կամ ուշացումով չափից ավելի.
Ո՞վ ինչ իմանա, թե ինչով խնդա,
Ո՞վ ինչ իմանա,
Ո՞րն է ցավալին:

Աղմուկներն ինձ չեն խլացնում,
Հոգուս մրմունջն է ահավոր,
Անլսելի հառաչը խոր՝
Նախատինքը իմ սեփական,
Ամենախոր խորքից եկող
Ուղիղ գծով հասնող սրտիս,
Ու ծայրեծայր ահաբեկող.
Աղմուկներն - ինձ չեն խլացնում,
Հոգուս մրմունջն է ահավոր,
Բայց կհաղթեմ ես ինքս ինձ,
Կհաղթեմ ինձ ու աշխարհին,
Ընկրկելը ուշ է արդեն
Պարտությունը՝
Անհնարին:

ՀԱՐԵՎԱՆԻՍ

Շնորհակալ եմ, որ դու ամեն օր
Գալիս նստում ես քո սեղանի մոտ,
Որ դու միշտ այդպես լուռ ես ու խաղաղ
Եվ քո հոգնաբեկ հայացքի խորքում
Ինչ-որ մի անդորր կա լուսաշաղախ:
Որ դու սրտագին ճառեր չես ասում,
Մարդասիրության ձևերի մասին,
Որ լուռ աշխատելն ես գերադասում,
Քար քարի դրած ապրելով հազիվ,
Որ դու անձնվեր, որ դու անձնուրաց,
Ընտրյալների դերեր չես խաղում.
Բարերարի պարտք չես առել վրադ
Ու շուրջդ ոչինչ չես աղավաղում:
Որ չես որոշել «նվիրվել» մարդկանց
Եվ աշխարհին մեծ շնորհներ անել,
Որ ցուցադրած գանձերը հոգուդ
Փառքի մրցանակ չես ուզում տանել:
Որ դու մի խաղաղ մարդ ես պարզապես,
Անաղմուկ սիրով համեստ ու լռիկ,
Որ ես շատ մոտիկ հարևան եմ քեզ...
Շնորհակալ եմ ճակատագրից:

Խեղդվելու չափ պետք ունեմ ես
Լավ ընկերոջ ու լավ մարդկանց,
Ոչ մի թավիշ շող ու շքեղ,
Ոչ մի գունեղ մետաղ ու գանձ.
Ոչ մի թռիչք երկինք հանող,
Փառքի կատար արևախանձ,
Ու պարտադիր սուտ սերերի,
Ոչ մի կպչուն սոսինձ ու սանձ:
Մաքուր, մաքուր ու լուսնատես,
Լուսաբացի ցուրտ օդի պես.
Ու հոգնել եմ, հոգնել եմ ես
Ձևացնելով ու ձգելով,
Չեղած լավը սուտ փքելով,
Հույս տալով ինձ սպասելով,
Ու մեղաներ ինձ ասելով:
Տարիները եկել դիզվել՝
Ծանրացել են թռիչք ու թափ,
Լավ սրտերի պետք ունեմ ես
Խեղդվելու չափ,
Խեղդվելու չափ:

Մոռացիր մի կերպ անմոռանալին.
Ուրացիր մի կերպ անուրանալին,
Եվ հաղթիր դու քեզ:
Հաղթիր ամենը,
Ինչ որ անհիմն է ու անհնարին։
Միևնույն է, դու
Ինչ էլ ստանաս,
Այդպես էլ կարոտ
Այդպես էլ կորած,
Հող ու ծուխ դառած
Պետք է որ գնաս:
Եվ միևնույն է չկա ոչ մի տեղ,
Ինչ փնտրում ես դու
Կես դար անընդմեջ։
Քո հնարածով ինքդ տարվելով,
Չգտնելով ու խելագարվելով,
Չկա կորուստիդ դուռն ու բանալին,
Ուրացիր մի կերպ անուրանալին:

Ապրեցինք բարձր ջերմաստիճանով,
Եվ խլթխլթացինք տարիներ ի վեր.
Երգեր լսեցինք սիրո անունից՝
Խոհուն, անձնուրաց ու սրբանվեր.
Եվ դավեր տեսանք նվիրումի տակ,
Փառքեր ոսկեզօծ ու գեղաքանդակ,
Անհագ ծարավի վրա հիմք դրած,
Եվ ուրացումի անդունդին հենած,
Ապրեցինք մենակ.
Խլացած հոգու աղաղակներում,
Շուրթերով լռած.
Եվ համբերության հսկայածավալ
Մի դարպաս կռած.
Ու որքան ուժ էր հարկավոր հոգու,
Կանգնելու ուղիղ բոլորի հանդեպ
Մնալու անթեք:

Հերիք նետվես դու աջ ու ձախ,
Անհավասար հոսանքներում
Խառն ու երեր.
Ափը գտնել,
Խարիսխ նետել է հարկավոր.
Երկար տևեց
Փնտրումներն ու
Զոհաբերումն ուժերից վեր,
Կեղծն ազնիվից
Արդեն զատել է հարկավոր:
Հերիք ձգես
Դու ինքդ քեզ,
Հորդորելով, հորինելով
Չկա ոչինչ դեղին հատիկ
Ցորենի պես մաքուր զտած.
Թե ողջ կյանքդ անցնի պիտի,
Ինչ-որ մի բան որոնելով,
Ի՞նչ անես դու որոնածդ,
Վերջին պահին միայն գտած:
Մթագնում են քեզ հոգսերն օրերի,
Ծռվում ես դանդաղ,
Ծռվում ու չոքում.
Դառնում ես անմիտ մանրուքի գերի
Ու վեհությունը կորցնում հոգու.
Դժվար օրեր են,
Անասելի հեշտ`
Հարստանալով աղքատանալը.
Շարքից դուրս եկած
Առաջ վազելով,
Ամենանվաստ ետին մնալը,
Վեր բարձրանալով
Անդունդ գնալը
Փայլելու համար
Կորցնել հավետ լույսերը հոգու.
Եվ անհագեցում
Ինչ որ կույր կանչով,
Խեղդված իրենով
Ու փառքի տենչով,
Մարդը կարող է կողոպտել իրեն,
Մարել սեփական կրակը վերջին
Խոյանք ու խոկում։
Կանգ առ իմ անգին,
Էլ մի շտապիր.
Տես կտրվել է մտքերիս թելը,
Հերոսություն է չսխալվելը:

Մութը ճաքել է մի ճառագայթով․
Ու խլացել են ինչ-որ հին ցավեր,
Ու վերացել են դրժում ու դավեր
Ո՞ւր եք, հավաքվեք աշխարհի լավեր,
Այնպես պետք եք դուք
Իմ կարոտ կյանքին
Դեմքեր սրտառուչ,
Պատկերներ անգին
Հիմա, որ պիտի օրը՝ արթնանա,
Ճառագայթումով լցված ու լուսեղ
Ես ձեզանով եմ ուզում ընդունել
Արևածագը
Ձեզանով բացվող օրը սկսել՝
Դժվարը կիսել.
Լույսն ընդարձակել,
Անդունդը փակել
Ձեզանով շտկել ճամփաները շեղ
Խոտորնակ ուղին, կայանները նեղ
Ո՞ւր եք, հավաքվեք աշխարհի լավեր
Հոգիներ անգին, ջերմ ու սրտակեզ,
Ես հոգնած եմ շատ,
Ես կանչում եմ ձեզ:

Աշնան շունչն է իջել պաղած,
Ու խամրում է շուրջդ խաղաղ,
Շաղերի մեջ ուլունք-ոզունք,
Դալուկ, դեղին
Խոտ ու սաղարթ:
Արդեն ցուրտը առած հողին
Չոր տերև ես հիմա դիզում.
Երազներիդ մերկ ու թափուր
Վերջին ծղոտն ես հրկիզում.
Եվ ինչ ես դու քեզ՝ կտրատում,
Պատառ-պատառ,
Ջարդում, հատում,
Ու ծառս լինում ինքդ քո դեմ,
Ճամփադ կտրում,
Դեմդ պատում,
Ի՞նչ ես ուզում դու աշխարհից,
Եվ քեզանից ի՞նչ ես ուզում:

Այդպես ուղիղ անսեթևեթ,
Սիրտ ու հոգի մեջտեղ դրած,
Ողջ նվիրած ինչ որ ունես,
Չառած ոչինչ
Ու կորցրած,
Ու կորցրած...
Անապավեն, անհենարան՝
Ձիք՝ անճկուն ու շիփ-շիտակ,
Ոչ մի պահող բռնելու ճյուղ,
Ոչ մի կամուրջ քո ոտքի տակ,
Այդպես անզարդ,
Այդպես անզեն
Ուր ես եղել դու մարտի դաշտ
Եվ ինչպես ես ապրելու դու,
Ինքդ քեզ հետ այդպես անհաշտ,
Այդպես անհաշտ ու անբարիշտ
Ում համոզես, ով իմանա՝
Թե որն է սուտ ու որն է ճիշտ,
Թե կյանք տվող որն է բարին,
Որն է անսերն անհնարին.
Հորձանքներում այս խելահեղ,
Հեղեղներում խուլ ու հորդուն
Եվ ինչ ասես քո աչքերին
Նայող որդուն:

Միայն՝ մի թեքվիր, Միայն՝ մի բեկվիր, Միայն՝ շիփ-շիտակ, արժանավայել Միայն՝ կարենաս Առանց շիկնելու Քո որդու արդար աչքերին նայել։ Մեկ է, թե որ սուտ Բարեկամը քո, Մթագնած հոգով, Ինչ պիտի խոսի: Մեկ է, թե՛ մարդկանց Ձեռքով քաշքշած Առվակը բախտիդ Ուր պիտի հոսի: Թե ով ընկերոջ անունը առած, Քեզ պիտի հրի, Որ ընկնի առաջ. Եվ ինքը իրեն պատվանդան դառած, Պատկերն իր անհագ Ի՞նչ պիտի անի: Խորամանկությամբ իր յոթհարկանի Եվ խլուրդածին Ճանապարհներով Փառափուքսը իր ուր պիտի տանի. Թե ով անձնուրաց Փրփուրը բերնին, Ներբող կձոնի՝ Արգին, Աշխարհին Ու տիեզերքին Եվ այդ ամենը անիվներ կանի Իր վսեմաշուք, Փառահեղ ելքին, Միշտ իրեն քաշող Նժարը ձեռքին, Անտարբեր - մարդկանց Վշտին ու վերքին, Առաջ կըվազի դրոշակն առած, Փքուն խոսքերի փրփուրը վառած։ Եվ մարդիկ հարկավ Կըծափահարեն. Թող ծափահարեն: Եվ կշլանան, Եվ կխլանան Մինչև փուքսն անտես Կնստի մի քիչ, Ու լուռ կարկամած, Զարմանքով կամաց՝ աչքը կբանան Մի նոր դրոշակ Բռնելու համար. Շաղվելու նորից մի նոր հաջիշում, Փուչ քամիների Վեր հանած փոշում, Եվ նրանք հարկավ Պետք են իրարու Իզուր չեն հնոց խոսքերը ասված ոչ, իմ արդար Պառնասի աստված, Երբեք ու երբեք դու մի արասցե Քեզ ուրիշ անուն, Քեզ ուրիշ հասցե, Հարկավոր չէ քեզ Այդպիսի դրոշ ու ներբող ու փառք, Ժայռի կածանով Թող անցնի ճամփադ, Անդունդի ափով Փոքրիկ ու անփայլ, -Ուղղաձիգ ու վեր, Անբարեգուշակ Դժվար ամեն քայլ, Պայծառ անուններ պահած հոգուդ մեջ, Որպես դրոշակ: Միայն գիտենաս, որ մերժել ես ողջ Ու ոչ մի զիջում

Ոչ մի ընդմիջում.
Միայն գիտենաս պահել ես բարին,
Լավը խնայել.
Միայն կարենաս առանց շիկնելու,
Քո որդու արդար,
Արդար աչքերին նայել:

ԵՎ ՀԱՎԱՏԱ ՔԵԶ

Քեզանով նշիր
Քո ժամանակը,
Կնքիր ալեծուփ
Այրվող սերերիդ
Գեղեցկությունը
Օրերի վրա.
Մեղմիր անհատակ
Քո հոգու տաքով
Խստությունն օդի
Եվ եղանակը,
Եվ տուր աշխարհին
Երգերդ բարի,
Շքեղ ու շռայլ:
Եվ երազներիդ
Հրթիռները շեկ
Նետիր սլացող
Ժամանակներին,
Հասկացիր խորունկ
Իմաստը դերիդ.
Վրիպումների
Համար հարկադիր
Ինքդ քեզ ներիր,
Եվ մի տուր քամուն
Շիկացումներիդ
Սլաքները կեզ:
Ունկ դիր հոգեբուխ
Քո որոտումին,
Եվ հավատա քեզ:

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

I
Անքնություն,
Խուլ պատերազմ՝ նյարդերիդ մեջ-
Գրոհ-գրոհ
Վեր ու վարից...
Անընդմիջում ճակատամարտ
Ինքդ քո դեմ,
Անպատասխան կռիվ ու վեճ
Քանդող ուժով մեծ ու հզոր
Կրակներից ու խավարից:
Անքնությո՛ւն,
Ծանր կապար...
Եվ թափառիր,
Եվ թափառիր,
Ու ոչ մի տեղ պատնեշ ու պատ,
Ոչ մի սահման ու ոչ մի փակ,
Անցիր առաջ, հորդիր վարար,
Եվ թևածիր,
Եվ թևածիր
Այդպես իզուր, այդպես պարապ,
Եվ տարածվիր աշխարհով մեկ
Այդպես անափ անհուն դառած,
Միլիոն-միլիոն աստղեր վառիր,
Ու հրաշքներ հրաբխիր
Աջ ու ձախից:
Արևներ առ ուլունք շարիր
Ու երկնքի կրծքին կախիր,
Տիեզերքներ առ ու ծախիր,
Մինչև ողջը խամրի, լռի,
Կամաց-կամաց
Դառա ավազ,
Դառնա մոխիր.
Անքնությո՛ւն...

II
Լուսափեղկըդ
Փակիր ամուր,
Լույսդ մարիր
Եվ արձակիր բազմահազար
Դարպասները տիեզերքի,
Եվ աշխարհի անթվակիր,
Անհավասար
Բոլոր պարտքերը վճարիր,
Եվ թևածիր, և թևածիր
Պրկած հոգով, մտասևեռ,
Հասիր հյուսիս,
Թռիր (հարավ,
Թևակոտոր, թևատարած՝
Սուր բևեռից
Մինչև բևեռ,
Աշխարհների անլուծելի
Խնդիրները բոլոր լուծիր,
Հասիր բոլոր զրկվածներին,
Զարկվածներին,
Հոգսի ծովով պատածներին,
էլ հուսաբեկ,
Էլ չսպասող՝
Արդեն հոգնած-հատածներին
Գտիր մեկ-մեկ
Ու հատուցիր,
Շռայլ շռայլ վարձատրիր,
Հարստությունդ անսահման
Այրվող հոգով ողջը ցրիր,
Եվ պարգևիր առատ-առատ
Ափերիդ մեջ
Արևն առած,
Աշխարհների խիղճը վառած,
Ու խենթացիր այդպես անթարթ,
Այդպես հանդարտ,
Ու ծուխ տալով այդպես արթուն,
Ու դարձիր տուն,
Ու դարձիր տոմն,
Դու ոչ մի ափ չճանաչող,
Սահման ու չափ չճանաչող
Խենթ,
Ահավոր
Անքնություն:

III
Փրկություն չկա
Ինքդ քո դեմ լարած
Դրժումից ու դավից,
Փրկություն չկա:
Խաղաղ քուն չկա
Քո ներսում վառած
Ափսոսանքի ցավից,
Խաղաղ քուն չկա:
Ո՞վ կարող է քեզ
Այսքան սուր դատել,
Այսպես հասկանալ,
Այսպես նախատել
Եվ բծախնդիր,
Եվ թափանցող
Զգալ այսքան խոր,
Հսկել այսքան խիստ
Եվ պատժել այդպես՝
Ինչպես դու քեզ:

Երազիս մեջ շարունակ
Գնացքից ետ եմ մնում:
Տարված չնչին մի շուքով,
Մի անօգուտ մանրուքով,
Մեկ էլ տեսնում եմ հանկարծ
Իմ շոգեքարշն է գնում.
Կորչում է նա մթամած
Մշուշներում ծխալով
Ու հալչում է հոգուս մեջ
Խշխշոցը հեռավոր...
Ու տանում է ամեն ինչ,
Առնում է ողջն ու գնում
Երազիս մեջ շարունակ
Գնացքից ետ եմ մնում:

Ինչ-որ մի հավք
Մեր հեռավոր անտառից,
Տխուր կանչում է մենակ:
Կես--գիշերին
Որքան էլ խոր
Քնած լինեն հոգուս մեջ,
Վշտերս այն ժամանակ:
Խեղճ թռչունը կարոտել,
Արթնանում են
Ո՞ւմ է արդյոք
Ի՞նչ կսկիծ է
Մի՞թե չկա
Փոքրիկ սրտիկը վառում:
Մի մերձավոր, մի մոտիկ,
Որքան ծանր պիտի լինի
Կեսգիշերին,
Խոր գիշերին
Մենակությունն անտառում:

Չեմ իմանում ի՞նչ է ինձ հետ կատարվում,
Չեմ հասկանում կյանքի օրենքը վերին.
Ամբողջ կյանքս զոհած քո մի ստվերին,
Դրել եմ քեզ խենթ խաղի մեջ ու տարվում.
Չեմ իմանում ինչ է ինձ հետ կատարվում:

Դու չեղար բնավ հավաքված ու խիստ,
Շաղվեցիր հաճախ երեխայի պես,
Մերթ ըմբոստ ու խենթ,
Մերթ հանդարտ ու հեզ...
Մնացիր հաճախ շփոթ ու շվար,
Չպահեցիր քեզ
Ոմանց նման ճիշտ,
Եվ չունեցար այն,
Ինչ քեզ էր տրված...
Ջուրը թափեցիր երեխայի պես՝
Ինչ այնքան անսեր նվիրեցին.
Կարևորություն չտվիր դու քեզ,
Մարդիկ էլ այդպես
Սովորեցին։
Դու չտարվեցիր փառքով իրենց փուչ,
Եվ մարդիկ բնավ չներեցին:
Բայց անհնար էր կորցնելը այն,
Ինչ քոնն էր անդարձ
Արդեն վերուստ...
Դու քո սխալով ճշմարիտ միայն,
Քո շեղումներով գեղեցիկ հավետ,
Քո կարոտներով լի ու բախտավոր,
Եվ չունեցածով միայն հարուստ։

ԼՈՒՍԱՄՓՈՓԻ ՏԱԿ

Հոգնած եմ.
Գուցե
Հոգնած ես և դու
Այսպես մի փոքրիկ
Լուսամփոփի տակ
Նստած ես մենակ:
Ու տեսնում ես դու
Ծագող մի ժպիտ
Գորովանքով լի,
Եվ գուցե միայն
Միայն քեզ համար
Անհայտում անդարձ
Ու անկրկնելի։
Եվ լսում ես դու,
Խուլ հեռուներում
Թափվող ծիծաղի
Արծաթը հնչեղ...
Ու վերջալույսի
Կապույտ, կարմրավուն
Շաղանքների մեջ
Մարմրող հավետ
Ու կորչող կանչեր:
Ու տեսնում ես պարզ
Խամրող մի պատկեր,
Ազնիվ գծերին,
Բայց արդեն մոտիկ
Խենթ ու խուսափուկ,
Առկայծում է լուռ`
Ու թևում տխուր
Հուշերիդ վրա
Անհետանում է,
Երևում նորից
Մութ պտույտներից
Լույսի մեջ ընկած,
Թիթեռի նման...
Եվ հուշում է մի
Հարազատ անուն,
Որը շատ վաղուց
Չես արտասանել,
Բայց ամենազոր
Օրերի ուժով
Չես կարողացել
Սրտիցդ հանել.
Մի հանդարտ անուն,
Մի անթարթ անոմն,
Որն իր մեջ մի ողջ
Աշխարհ է տանում:
Հոգնած եմ...
Գուցե
Հոգնած ես և դու.
Գուցե քո հեռվում
Լուսաբաց է պարզ.
Իմ շուրջը հիմա
Գիշեր է խորին
Եվ եկ մեր բոլոր
Սիրելիների
Խնդության համար
Ու երջանկության
Անցած օրերի
Վեհությունը խոր
Վերհիշենք նորից:
Եվ խոստովանենք
Մեր հեռուներին
Ամեն մեկս մեր
Լուսամփոփի տակ,
Թե ո՞րն է մարդու
Էությունն անհաս,
Գեղեցկությունը
Ամենավերին:
Այն որ ոչ մի կերպ
Չես արտասանում,
Չես տալիս երբեք
Օրերի քամուն
Եվ այս աշխարհի
Բոլոր տեսակի
Ցածրություններից
Անջատած հավետ
Ու վեր ես տանում...
Ի՜նչ լավ է որ կա
Աշխարհ մի անծիր
Այսքան թափանցիկ,
Այսքան խորն ու փակ:
Եվ կա աշխարհում
Մի խաղաղ անկյուն
Մի փոքրիկ սեղան
Ու մի լուսամփոփ.
Եվ նստած ես դու
Լուսամփոփի տակ.
Եվ թուղթ կա ճերմակ
Եվ գրիչ բարի,
Որ թարգմանում է
Անթարգմանելին՝
Այս մեծ աշխարհի...
Քեզ հաշտ առավոտ,
Քեզ գիշեր բարի:

ԺԱՄԱՊԱՀԸ

Բարձին, հենց քո
Ականջի տակ
Ժամացույցը
Թիկ-թակ, թիկ-թակ,
Անխոնջ, աննինջ,
Անապական
Այդ սրտիկն է
Քո սեփական:
Ցերեկը մեծ
Գործերի մեջ
Մոռանում ես
Ինքդ նրան,
Բայց նա երբեք
Չի լքում քեզ,
Անխոտորում
Ու անվարան
Խփում է իր
Զարկը հատու,
Եվ աշխարհում
Ապրում ես դու,
Տարվում ես դու
Ծիլ ու ծառով,
Թռչում մինչև
Աստղ ու արև,
Թևում սարով
Ու անտառով,
Շուռ ես տալիս
Մտքով սարեր,
Երազներ ես
Վառում լուսե,
Կրակներ ես
Մարում հոգու,
Կարոտներով
Մեծ ու վսեմ
Խառնում իրար
Հույզ ու խոկում:
Մեկ խնդում ես,
Մեկ բողոքում,
Մեկ թնդում ես,
Մեկ լուռ չոքում
Ու մորմոքում,
Ու մորմոքում,
Ու երբ հոգնած
Գալիս ես տուն,
Բարձի վրա,
Գլուխ դնում,
Զգում ես լայն
Ու անհատակ
Տիեզերքը
Քո կրծքի տակ,
Խոր իմաստուն,
Մեղմ ու հանդարտ,
Միշտ անընդմեջ
Ու անընդհատ,
Ամենանուրբ,
Ամենաբարդ,
Ժամացույցը
Քո կրծքի տակ
Թիկ-թակ, թիկ–թակ,
Թիկ-թակ, թիկ-թակ
Խփում է իր
Զարկը հատու,
Եվ աշխարհում
Ապրում ես դու:

ՀՈԳՆԵԼ ԵՍ ԻՄ ՍԻՐՏ

I
Սիրտս հիվանդ է.
Թվում է օդը խիստ պակասել է.
Ու վերջակետի օրը հասել է,
Եվ ինձ դասել է
Անանունների իր ցուցակի մեջ.
Դասել է ու վերջ։
Եվ հիշում եմ ես անուններ անգին,
Եկած ու փարած մարող իմ կյանքին:
Թվում է օդը խիստ պակասել է,
Բայց ուրիշները շատ հեշտ են շնչում,
Թե՞ այդպես հեռվից թվում է միայն
Ծանր շնչողին,
Իսկ ինչի համար,
Իսկ ինչպես, ինչո՞ւ
Ո՞ւմ եմ ես հիշել
Ես ո՞ւմ եմ կանչում,
Ցավով մշուշված այս պաղ անրջում
Սիրտս հիվանդ է.
Արևը թույլ է, օդը՝ պակաս,
Այս ամենը մի հանգչող երազ է,
Եվ դու չես եղել,
Եվ դու չկաս:

II
Հոգնել ես, իմ սիրտ,
Դժվարանում ես,
Վատ ժամանակ ես
Զենքերը դնում,
Երբ հաղթանակը
Արդեն տանում ես,
Երբ ահա, ահա
Շատ քիչ է մնում:
Ցավով ծփում ես,
Դժվար խփում ես,
Ու տրոփում ես
Կարոտակեզ.
Ու սփոփում ես,
Ու սփոփում ես,
Անուշ խաբում ես
Դու ինքդ քեզ:

Ես շատ եմ քեզ հոգնեցրել,
Համբերիր էլի.
Հանուն մարդկանց, որոնք դեռ
Թանկ են ու շատ սիրելի:
Շատ եմ եղել ես անփույթ,
Շատ եմ եղել ծայրահեղ:
Կարծել եմ թե անհատնում
Ուժ ունես դու ամբարած.
Հաշվի չառած քար ու խութ,
Նետել եմ քեզ ամեն տեղ,
Եվ պահանջել եմ գնալ
Կրակներդ ողջ վառած:
Եվ էլ ի՞նչ հույս, ի՞նչ հավատ,
Թե նեղ տեղից չհանես,
Թե ծանր բեռ չտանես,
Ի՞նչ հենարան, ի՞նչ հավատ.
Ես շատ եմ քեզ հոգնեցրել,
Համբերիր էլի
Թեկուզ վերջին,
Քո վերջին
Կրակներով լի:

Ինչ կարող եմ ես քեզ անել,
Դու անվերջ իմ դեմ ես գնում,
Քեզ փորձանքից ինչպե՞ս հանել,
Դու անվերջ իմ դեմ ես գնում:
Ջուրն ես թափում բոլոր տեսակ
Խորհուրդները իմ խելացի,
Չես կամենում ոչինչ տեսնել
Քո անիմաստ սիրուց բացի:
Խեղճացնում ես ինձ իմ առաջ,
Ու աշխարհի.
Ծանր կյանքն իմ դարձնում ես
Էլ առավել
Անհնարին:
Ինչ խնդրում եմ ես քեզանից,
Հակառակն ես դու կատարում,
Ինչով ուզում եմ քեզ պատել,
Հրկիզում ես, ողջը վառում,
Չի դիմանում քո հրի դեմ,
Ոչ մի արգելք ու ոչ մի փակ.
Ամեն տեսակ պատ ու պատնեշ
Ավերում ես հիմնահատակ:
Փայտ ես նետում ոտքերիս մեջ,
Սկաններ ես ճամփիս դնում,
Ի՞նչ կարող եմ ես քեզ անել,
Դու անվերջ իմ դեմ ես գնում:

Երգ դարձիր, սիրտ,
Հալվիր երգի տողերի մեջ,
Քո սիրավառ շողերի մեջ.
Երգ դարձիր, սիրտ:
Ամեն մարդ իր կյանքով բարի
Մի նվեր է մեծ աշխարհի,
Ոմանք մի ծով ծիծաղախիտ,
Ոմանք մի շող ու մի կաթիլ,
Ոմանք էլ չար հողմի նման
Խուժելով են ճամփա հարթում
Եվ դարերի ջանքերն արդար
Քամուն տալիս ակնթարթում:
Դու չես կարող հրաբուխի
Ճամփան փակել,
Դու չես կարող սև հեղեղներ
Ամբարտակել
Այրվիր իմ սիրտ, վատի համար,
Ուրախացիր չնչին լավով,
Հոսիր, իմ երգ, մեղմ ու կամաց,
Լցվիր մարդկանց վիշտ ու ցավով
Ու հալվիր դու,
Հալվիր հանդարտ ու շիթ առ շիթ
Երգ դարձիր, սիրտ:

Ես անփույթ եղա
Հանդիպումներին,
Ինձ համար շատ թանկ
Ու անկրկնելի:
Ձյունե աստղերիս
Կրակներ լցրի,
Եվ կրակներըս
Թափեցի անփույթ
Պաղ ջրերի մեջ:
Կարծում էի թե
Անծայր է ուղին,
Ու գալիքն անվերջ:
Անկարող եղա
Հասկանալ խորունկ,
Ինչ նվիրում էր
Աշխարհն ինձ այնքան
Շռայլ ու բարի:
Գիտեմ ոչ մի լույս,
Ու ոչ մի կարոտ
Անցած ճամփեքով
Էլ չի դառնա ետ,
Ես անփույթ եղա
Հանդիպումներին
Ինձ համար շատ թանկ
Ու անկրկնելի.
Անարդար եղա
Ես ինքս ինձ հետ:

ԼԵՌԱՆ ՃԱՄՓԱ

Լեռան ճամփա,
Քարերն ի վեր,
Անընկրկող
Ու անստվեր,
Կատարների
Սիրտը բացող
Դեպի արևը բարձրացող
Լեռան ճամփա:
Դժվար ճամփա
Դժվար ու խիստ,
Անդունդներով
Շրջապատված,
Անապահով
Ու անհանգիստ,
Կայծակների
Թրով հատված
Շեկ շանթերով
Թրծած, վառած,
Հեղեղներով
Տիղմը տարած,
Քամիներով
Սրբած՝ մաքուր,
Տարած փոշի
Ու պղտոր ջուր
Լուսաբացի
Ցուրտը կապույտ՝
Լույսն առաջին
Քո մեջ հորդող
Դու առաջին
Ջերմ ալիքը
Մեզ հաղորդող,
Դու բոլորին
Ձիգ դեպի վեր,
Դեպի արևն
Առաջնորդող
Լեռան ճամփա: