Տիրամայր
Ահա զգում եմ հայացքդ բարի,
Իբրև անդադար բարեխոսություն,
Եվ լույս է հագնում իմաստն իմ բառի
Աշխարհի բովում, օրերում անգույն։
Իսկ ես թերթում եմ անցյալս տարտամ,
Որ արժանի չէ քո Յոթ Վերքերին,
Ու խնդրում եմ քեզ հերթական անգամ
Գայթած ճամփեքս նորից ինձ ներիր։
Խոսնակս դարձիր սիրովդ անվերջ,
Իսկ արցունքդ թող իմ սրտով կաթի,
Որ երբ որոտան շեփորներն անշեջ
Ոտքերիս փոշին իմ մասին պատմի:
Որ ողջույններով բյուր ու անհաշիվ
Երկնուղեշ երկնեմ՝ մեղավոր որպես,
Թույլ տուր ինձ սրտով հպվել քո փեշին,
Ջերմացրու հոգիս ու գրկիր մոր պես։