Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հուսիկ Արա

Եվ սերը ասաց

Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
բացառությամբ սերը,
որ ես ունեմ քո նկատմամբ:

Եվ իմ սերը ասաց` լույս լինի,
քո աչքերը եղան.
տեսավ, որ աչքերդ չքնաղ են,
սպիտակ մասը ցերեկ կոչեց,
սևը` գիշեր,
որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:

Սերը ասաց` երկինք լինի,
քո հայացքը եղավ,
ասաց` երկիրը լինի,
քո ձեռքերը եղան,
որ պինդ գրկես իրեն,
հանկարծ չընկնի ջրերի վրա:

Սերը ուզեց արև լինի,
քո համբույրը եղավ,
ուզեց լուսին լինի,
քո հմայքը եղավ,
և աստղեր ուզեց՝ ժպիտը քո,
որ չմոլորվի առանձնության մեջ:

Եվ սերը քեզ ստեղծեց.
եղար դու`
մարմին ու էություն,
որ շատացնես
համբույրը,
հմայքը,
ժպիտը
և իշխես բոլորին ու իր վրա:

Ամեն բան հարաբերական է տիեզերքում.
միայն դու ես
բացարձակ Ես,
ինչպես առաջին խոսքը,
որ հնչեց քաոսի մեջ
և եղավ: