Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Համո Սահյան

Առաջին սերս

Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։

Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։