Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վանո Սիրադեղյան

Ճակատագրի հեգնանքը

Մեղրի՞ն Արցախի դիմաց, թե՞ Արեւմտյան Հայաստանը Արցախի դիմաց. գուցե Հայաստա՞նը Արցախի անկախության դիմաց... Թե՞, այնուամենայնիվ, Արցախը՝ Ֆրանսիայի դատապարտող բանաձեւի դիմաց:

Եթե կապակցվածություն եք փնտրում այստեղ, իզուր եք փնտրում, լավ կլիներ այդ բանը փորձեիք գտնել հայ դիվանագիտական մտքի ավանդական շիլաշփոթի մեջ: Իսկ վիճակը ավելի հասկանալու, բանաձեւելու առիթ կունենանք, հավանաբար, շատ շուտով, երբ ակնհայտ կդառնա, որ Քոչարյանը Ղարաբաղը հանձնել է ընդամենը մի քանի պառլամենտներում ընդունվելիք ցեղասպանության բանաձեւի դիմաց: Այս ծրագրի իրականացումը Քոչարյանի համար բացառիկ քաղաքական կապիտալ է՝ հետագայում Սփյուռքում դաշնակցական կուսակցության ղեկավարներից մեկը դառնալու համար: Ոչ մի հայ գործիչ դեռ նման կապիտալ չի ունեցել Սփյուռքի ազգային շրջանակների աչքում: Այլ բան է, որ այդ անձնական կուսակցական կապիտալը Արցախի գինն է: Բայց ի՞նչ Արցախի ու Հայաստանի մասին է խոսքը, եթե «պատմական արդարության» թեման է շոշափվում. ըստ էության՝ անպտուղ մի բան, որը, սակայն, տասնամյակների հեռանկարում հանապազօրյա հաց է ապահովելու դրսի կուսակցական ջոջերի համար:

Ի դեպ, ցեղասպանությունն ընդունող բանաձեւերը (ցանկացած ձեւակերպմամբ) ոչնչով չեն պարտավորեցնելու ո´չ Թուրքիային, ո´չ դրանք հեղինակած երկրներին, ինչպես չեն պարտավորեցրել Ռուսաստանին (որի պառլամենտը ցեղասպանությունը դատապարտել է տարիներ առաջ), ինչպես եւ Թուրքիան ոչնչով չպարտավորվեց՝ ցեղասպանության կազմակերպիչներին մահվան դատապարտելու: Երիցս իրավացի է Ստեփան Գրիգորյանը՝ պնդելով, որ Արցախի կարգավիճակը Քոչարյանը կանխորոշել է Ստամբուլի վեհաժողովին ստորագրությամբ ճանաչելով Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը: Այսինքն, Արցախը՝ Ադրբեջանի կազմում: Սա՝ դե յուրե: Դե ֆակտոն տեխնիկայի հարց է: Իսկ երեք տարի տեւած իր եւ Օսկանյանի տերմինակոխ դատարկախոսությունը ժողովրդի աչքին թոզ փչելու համար էր: Գրիգորյանը, սակայն, ջուր է լցնում դատարկապորտ գործիչների եւ արդեն իրական հանցագործ ռեժիմի ջրաղացին, ասելով, թե սրանցից խաբեությամբ են ստորագրություն կորզել, խոստանալով Արցախի հարցը լուծել: Մնում է ավելացնել, որ ստորագրելուց առաջ Ստամբուլի բանտ են մտցրել ու... ծեծել են:

Պետք չէ ավելի ծանծաղեցնել հայ ժողովրդի դիվանագիտակցությունը (իրավագիտակցության նմանությամբ) նենգամիտ տերությունների մասին հեքիաթով: Խաբել... խաբելու փորձ կարող են անել չնչին երկրների չնչին ղեկավարները միայն: Լուրջ երկրները այդ բանը իրենց թույլ չեն տալիս թեկուզ միայն այն պատճառով, որ դրա կարիքը չունեն: Շիտակ ասված է, որ հարցը պիտի լուծվի խաղաղ ճանապարհով: Ասել է թե՝ խաղաղ, առանց ղալմաղալի ձեր զորքերը դուրս բերեք ուրիշի տարածքից: Եւ եթե միառժամանակ թույլ են տալիս քեզ դնես էշի մոտերքում բռնված տղայի տեղ (իբր, չվան էիր ուզում), դա չի նշանակում, թե խաբեցիր: «Չպիտի լինեն հաղթողներ եւ պարտվողներ» բանաձեւը, որ հրամցրին երեք տերությունների ներկայացուցիչները երկու շաբաթ առաջ, մի բան է նշանակում՝ վերադարձ 1988 թիվ: Ոչ թե 1997-98թթ., որը ենթադրում է բանակցությունների սառեցման պահը, այլ 1988թ.: Չէ՞ որ պարտություններն ու հաղթանակները տեղի են ունեցել 1988 թվականից հետո: Ահա եռամյա քաղաքական անմեղսունակության պտուղները:

Ահա թե ինչու մեծ տերությունները ամբողջ երկու տարի ձեւ էին անում, թե բանակցություններ են ընթանում: Սպասում էին Ստամբուլում: Սպասում էին տարածքային ամբողջականության սկզբունքը՝ նաեւ նորանկախ պետությունների կողմից ամրագրելուն: Ահա թե ինչու հանդուրժեցին հեղաշրջումն ու հակասահմանադրական ընտրությունները 98-ին եւ գրեթե ժողովրդավարական համարեցին վայրագ պառլամենտական ընտրությունները 99-ին: Ահա թե ինչու կուլ տվեցին պառլամենտի գնդակահարությունը Ստամբուլից շաբաթներ առաջ: Եւ ահա թե ինչու Արեւմուտքը խստագույն բծախնդրություն էր հանդես բերում 1996թ. նախագահական ընտրությունների հանդեպ՝ ի տարբերություն 1999-ի: Եւ, վերջապես, ահա թե ինչու Տեր-Պետրոսյանը զիջեց իշխանությունը: Զիջեց ոչ թե այն պատճառով, որ ինքը իրեն լեգիտիմ չէր զգում, ինչպես մինչեւ հիմա կարծում էինք միամիտներս, եւ ընտրություններն էլ կասկածի տակ առան ոչ թե այն պատճառով, որ էդպես կասկածելի էին, այլ որովհետեւ դեմը Ստամբուլ կար: Իսկ տերություններին ձեռ էր տալիս ընթացող բանակցությունների սառեցումը մինչեւ խարտիայի ստորագրումը: Իսկ Տեր-Պետրոսյանը՝ կռահելով մեր գլխին գալիքը, հակառակը՝ շտապում էր օր առաջ խաղաղարար ուժեր մտցնել հակամարտության գոտի, որպեսզի Ստամբուլից շատ առաջ հաշտության պայմանագրի ստորագրման ընթացքը անշրջելիորեն առաջացած լիներ, եւ ոչ թե բանակցությունները սառեցվեին եւ ապա անհուսալիորեն հաջորդեին տարածքների ամբողջականության ճանաչմանը:

Տարբերությո՞ւնը. մինչեւ խարտիայի ստորագրումը արեւելյան Եվրոպայի եւ նախկին խորհրդային երկրների տարածքային ամբողջականությունը նման համապարփակ փաստաթղթով վավերացված չէր: Իսկ 1999 թվականից հետո այլեւս վավերացված է: Այն, ինչ ուզում էին մեծ տերություններն ու Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, հասկանալի է, բայց ինչի՞ էին ձգտում «Արցախի իշխանությունները» Հայաստանի «ազգային-կոմունիստական-ժողովրդավարական» եռասեռ կողմնորոշման կուսակցությունների հետ, երբ սկսած զինադադարից՝ վիժեցնում էին նախագահի կանխարգելիչ ծրագիրը՝ համարելով դա պարտվողական: Գիտակցո՞ւմ է Քոչարյանը թե ինչ է ստորագրել Ստամբուլում: Թերեւս, գիտակցում է: Իսկ գիտակցո՞ւմ էր այն ժամանակ, երբ վիժեցնում էր նախագահի ծրագրերը, ապա եւ՝ գործի էր դրել իշխանությունը զավթելու մեխանիզմը: Համոզված կարելի ասել՝ ոչ: Որովհետեւ թե´ ինքը, թե´ իր գաղափարակից տղերքը զմայլված էին իրենք իրենցով, որ դեսպանատներում իրենց մարդատեղ են դնում, որ մարդամեջ են մտնում միջազգային մանր-մունր հավաքներում եւ անհետեւանք շաղակրատում «ընդհանուր պետություն», «զուգահեռ հարաբերություններ» եւ այլ անհեթեթություններով: Եւ որ զրուցակիցները քաղաքավարությամբ լսում էին, դրանից եզրակացնում էին, թե քաղաքագիտության եւ դիվանագիտության ասպարեզում նոր խոսք են բերել Ֆիզուլու կողմից: Չէին մտածում, որ ունկնդիրները այդպիսի բաներ հարյուրավոր անգամներ լսել են Աֆրիկայի ու Համաշխարհային օվկիանոսի կղզիների վայրենիներից: Եւ իհարկե, իրենց հաշիվ չէին տալիս, որ լսելով են հավաքագրում դավադիրներին ու դավաճաններին: Եւ ոչ միայն լսում, այլեւ շիրա էին տալիս, որ անզիջում լինեն: Չէ՞ որ սրանց անզիջում լինելը խափանում էր Հայաստանի իշխանությունների ծրագիրը, ինչը դժվարություններ կստեղծեր Ստամբուլի փաստաթուղթը մշակողների համար:

Հետեւանքը եղավ այն, որ անզիջումը գնաց եւ ստորագրեց Արցախը Ադրբեջանի կազմում ամրագրող փաստաթուղթը: Իսկ ինչի՞ համար էին այս տարիները: Այս երեք տարիների՝ միլիոնի հասնող արտագաղթը, մնացած ժողովրդի թշվառությունը, կուսակցությունների ավերմունքը, գործիչների բարոյալքումը, պառլամենտի արյունահեղությունը ... Ոչ մի բանի համար: Եվ վստահ եղեք, որ առանց հետին մտքի: Պարզապես մտքի բացակայությունից: Եվ ոչ մի Մեղրի էլ չի եղել, որ դրանից բխող հոկտեմբերի 27 լիներ: Եղել է Ստամբուլի փաստաթղթի ստորագրելու հարց՝ հոկտեմբերի 27-ից անմիջապես առաջ: Եվ եթե պրոբլեմ է եղել մի կողմից՝ Քոչարյանի, մյուս կողմից՝ Դեմիրճյանի ու Սարգսյանի միջեւ, ապա դա այն է եղել, որ Ստամբուլում Թուրքիայից ու Ադրբեջանից հողային պահանջներ չունենալը հաստատող ստորագրություն դրած Քոչարյանը հնարավոր է, որ չկարողանար վերադառնալ Հայաստան: Ռուսաստանը կախ սրտով էր գնում այդ վեհաժողովին (հիշենք Ելցինի վաղաժամ վերադարձը): Վավերացվելու էր քաղաքական նոր իրողությունը Եվրոպա մայրցամաքում՝ իր համար ամենաանբարենպաստ ժամանակ, եւ Ռուսաստանին, երեւի թե, այդ պահին տարածաշրջանում պետք էր Բելոռուսի նման դաշնակից-դեստրուկտիվ մի երկիր, որը կստանձներ քաղաքական խուլիգանի դերը, որը վայել չէր Ռուսաստանին: Կարծես թե սույն հանձնառությամբ էլ «հայտնի ուժերը» ստացել էին Մոսկվայի համաձայնությունը՝ 1998-ի իշխանափոխության վերաբերյալ:

Կարծո՞ւմ էր Ռուսաստանը, թե հնարավոր է խափանել Ստամբուլի հռչակագրի ընդունումը: Հազիվ թե: Բայց կամակոր-կամակատար երկրի հաշվին կարող էր զիջումներ պոկել իր համար: Ասենք թե՝ Վրաստանից իր զորքերի դուրսբերումը գլխանց ետ գցեր 20 տարով, փոխանակ հիմա Վրաստանի հետ քյալա տար մի 5 տարվա համար: Արեւմուտքի այդ զիջման դիմաց կհամոզեր Հայաստանին՝ էլի ստորագրել փաստաթուղթը կամ սրտանց չէր պնդի... Բայց դա անցած բան է: Ցավալին այն է, որ Ռուսաստանի չկամությունը կարող էր ոգեւորած լինել Դեմիրճյանին եւ Սարգսյանին: Իր համար ամենաանպաստ ելքի դեպքում էլ Ռուսաստանը շահում էր: Այն էր շահում, որ Քոչարյան-Սարգսյան հակառակությանը հետեւում էր դեպքերի տրամաբանությունից բխող հաջորդ քայլը-դավաճան Քոչարյանին փոխարինում էր Վազգեն Սարգսյանը: Էլի նույն իշխանությունն էր լինում-մինուս ղարաբաղցու նեղացածությունը Ռուսաստանից՝ Արցախը Ադրբեջանին վերադարձնելուց հետո: Իսկ Մեղրին հասարակության քննարկման դնելը բլեֆ էր: Հիմա հո հասկանալի է, որ Մեղրին նույնիսկ Ալիեւը չի քննարկել: Ղարաբաղցիք իրար մեջ գուցե քննարկել են: Իսկ բլեֆը պետք էր, որպեսզի վերջում պարզվի, որ սուտ է: Եթե սուտ է, ուրեմն Քոչարյան-Վազգեն կոնֆլիկտն էլ սուտ էր: Եվ ապա՝ եթե Մեղրին չտրվեց, Քոչարյանը հերոս է: Վերջապես՝ Ստամբուլի ուրացումը քողարկելու համար:

Եվ ընդհանրապես, այս երեք տարիների ընթացքում ոչ դրսում, ոչ իշխանության ներսում ոչ մի հարց չի քննարկվել՝ Ստամբուլի փաստաթղթից բացի: Եվ ուշադրություն դարձրեք՝ հարյուրամյա Դաշնակցությունը ի՜ նչ անամոթությամբ է իր շարքերից ու ժողովրդից թաքցնում իրողությունը: Արեւմտահայերից ու արեւելահայերից հավաքած փողով հրատարակված թերթերում «Հայ դատի» ծխածածկույթ կապել ու քողարկում է Թուրքիայից ու Ադրբեջանից հողային պահանջ ունենալուց պետականորեն հրաժարվելու փաստերը: Ինչ խանդավառությամբ է պաշտպանում հողերը ոչ թե «ծախող», այլ արդեն ծախած մարդուն, որովհետեւ խորն է խրվել իշխանության այն կերատաշտի մեջ, որը զզվելի է միայն, երբ ուրիշներն են խրված լինում: Իսկ գուցե արժե՞ր Տեր-Պետրոսյանը ինքը կուսակցություններին կապեր կերի տաշտին՝ հանուն «ազգային համաձայնության»:

Երեւի խնայեց: Երեւի լուրջ էր կարծում, թե «Դաշնակցությունը ազգային արժեք է»: Երեւի լուրջ էր վերաբերվում քաղաքական օպոզիցիայի անհրաժեշտությանը: Թե չէ, հո չի կարելի մտածել, որ իրեն ենթակա ջահելների չափ էլ խելք չուներ հասկանալու համար, որ բյուջեի չնչինագույն մասն իսկ կհերիքի մի քանի պառավ բանաստեղծուհու բերան փակելու, մի քանի մանր կուսակցություններ իրենով անելու համար: Էլ չեմ ասում՝ գունավոր մետաղի ջարդոնից մի քիչ ետ գցեր՝ մեդալներ ձուլելու համար: Կարելի է ողջամիտ գտնվել եւ այլեւս չմտածել, չխոսել այս մասին, մանավանդ որ, անշրջելի է Ստամբուլի անիվը: Մանավանդ որ, այդպես էլ վարվում են բոլոր կուսակցությունները: Կարող կուսակցությունները չեն միջամտում, իշխանության չեն հավակնում ոչ թե այն պատճառով, որ վախենում են, այլ որ առաջնորդվում են «Շունը սատկացնողին են քարշ տալ տալիս» իմաստնությամբ: Ոչ ոք չի ուզում նրանց դե յուրե ծախած հողի դե ֆակտո հանձնողը լինել: Բայց կա մի հանգամանք, որը մնացողներին պիտի խորապես անհանգստացնի: Բանն այն է, որ որեւէ կուսակցություն, նույնիսկ հարյուրամյա, չի կարող 100 տարում 2 անգամ երկիրը հանձնել: Այսինքն կարող է նաեւ երկրորդ անգամ, բայց երեք պարտադիր պայմանով.

  1. պետքէ չկորցնել «համազգային թեկնածուի» վրայից թռչելու պահը
  2. պետքէ պատմության կեղծումը իրագործել նախապես, ոչ թե դարասկզբի նման հետին թվով.
  3. հողերըպիտի հանձնել միայն արյունով:

Սա նշանակում է, որ Ստամբուլի որոշման տեխնիկական մասը չի կարելի իրագործել «պարտվողական» եղանակով եւ հրամայել զորքերը դուր բերել Ադրբեջանից: Նախ՝ ճիշտ չէ, հետո՝ հրամանը կարող են չկատարել: Այդ պատճառով էլ գործը կձգեն քանի տարի որ հնարավոր եղավ, մինչեւ որ բանակն ու թիկունքը կազմալուծված լինեն: Բայց կազմալուծվելը բավական չէ: Պատմության համար՝ կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով, ռազմական օգնություն կխնդրվի հավանական դաշնակից պետությունից, հավանական դաշնակիցը չի գա, եւ կստացվի ամեն անգամվա պես, դաշնակիցները ուխտադրուժ դուրս եկան, իսկ Զոդի ճակատամարտը կարելի է բարոյական հաղթանակ համարել, որովհետեւ թշնամին Էջմիածին չմտավ: Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը, Սփյուռքը ժամանակ առ ժամանակ ցույցեր կանի Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց՝ զորքերը դուրս բերելու պահանջով... բայց այդ արդեն կլինի ճակատագրի հեգնանքը: Ճակատագիր, որից պրծում չկա:

.

17.01.2001