Հայկական Թալիբան
Թալիբներն ու Հայաստանի «ազգային ուժերը» իշխանության եկան միաժամանակ: Արդյո՞ք զուգադիպություն էր: Որպեսզի պատասխանենք այս հարցին, հիշենք ինչ եղանակով իշխանության եկան եւ նայենք տարածաշրջանի քարտեզին՝ հասկանալու համար, թե ի՞նչ խնդիր էր լուծելու Պակիստանի ու Աֆղանստանի սահմանին քոչվոր անասնապահությամբ զբաղվող Փուշտուն ցեղի ջահելության՝ «իսլամի նվիրյալների» շարժումը Աֆղանստանում եւ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին Աղվանքում բնակվող՝ Ադրբեջանի կոմերիտմիության ծայրամասային կազմակերպություններից մեկի ակտիվից եւ «հավատավոր» դաշնակցականներից կազմված միացյալ իշխանադավ խումբը՝ Հայաստանում:
Թե´ Ասիայի, թե´ Կովկասի թալիբները իշխանությունը զավթեցին մի քանի ամսում: Թե´ այստեղ, թե´ այնտեղ դիմադրության գրեթե չհանդիպեցին: Թե´ սրանք, թե´ նրանք ակնհայտորեն քաջալերված էին դրսի ուժերի կողմից: Որ սրանք էլ դիմադրության հանդիպելու դեպքում կդիմեին զենքի՝ ապացուցվեց հետագա արյունահեղությունների շարքով: Ըստ տարվա եղանակի Պակիստանում կամ Աֆղանստանում ապրող փուշտուններին դժվար է լիարժեք աֆղանստանցի համարել, եւ հենց այս հատկանիշն է որոշիչ եղել թե´ ասիական, թե´ կովկասյան վարձկաններին ընտրելիս:
Վարձկան ռեժիմի ընտրության առաջին պայմանն այն է, որ դրա ներկայացուցիչները մշտական բնակության վայրի կոմպլեքս չունենան, նախկինների գերեզմանով, զավակների ապագայով կապված չլինեն տվյալ երկրի հետ: Մի խոսքով, ունենան առնվազն երկու հայրենիք (նորմալ մարդիկ, որ ունեն մեկ հայրենիքի գիտակցություն, այդ գործի համար պիտանի չեն), որպեսզի հարկ եղած դեպքում մեկնումեկը ծախեն: Հասկանալի է թե՝ որը: Նման հրոսակների երկրորդ առանձնահատկությունը այն է, որ խրված լինեն նարկոբիզնեսում կամ նման այլ բիզնեսի մեջ, հետեւաբար եւ լինեն ապահովաբար կառավարելի հատուկ ծառայությունների կողմից: Նկատած կլինեք, որ Հայաստանի կուսակցական-պաշտոնական մամուլի հակաադրբեջանական քարոզչությունը երկու տարի առաջ կտրուկ անկում ապրեց: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում նարկոտիկների եւ պայթուցիկների հետ առնչություն ունենալու մեղադրանքով ձերբակալեցին Հայ Դատի գրասենյակի ղեկավարին: Ճիշտ է, ժամանակ անց նարկոտիկի մեղադրանքը, կարծես թե, հանեցին: Բայց հենց որ դաշնակցությունը ետ քաշվի Ղարաբաղը հանձնելու գործում Քոչարյանին օժանդակելուց, ԱՄՆ-ում կամ այլ տեղ կձերբակալեն դաշնակցության եւս մի ղեկավարի: Գուցե եւ մի քանիսին: Թույլատրվում է միայն անշառ հակաթուրքական քարոզչություն, որը սաստկացավ, ի դեպ, Վազգենի եւ Դեմիրճյանի սպանությունից հետո: Եւ Ֆրանսիայի գլխավորած հակաթուրքական թամաշան նույնպես թափ առավ պառլամենտի գնդակահարությունից հետո: Պիտի ենթադրել, որ Վազգենը եւ Դեմիրճյանը, լինելով հայաստանցի մարդ, զգուշանում էին Հայաստանը ներքաշել այդ խարդախ խաղի մեջ, ինչը հնարավոր դարձավ նրանց վախճանից հետո:
Այսպես թե այնպես, Քոչարյանին Ֆրանսիան շքանշանի արժանացրեց իրենց պառլամենտի հակաթուրքական որոշումից անմիջապես հետո, համենայն դեպս, թուրքերին մատնացույց անելով այդ գործի բուն մեղավորին եւ Ղարաբաղը հանձնելու հարգելի պատճառը ակնարկելով, թեեւ Ֆրանսիան Հայկական հարցով, ասվել է, խիստ պրակտիկ հարց էր լուծում՝ խափանելով Թուրքիայի՝ այս պահին անցանկալի մուտքը Եվրոմիություն:
Եվրոմիությունը Եվրախորհուրդ չէ, ուր կարող են ընդունել նույնիսկ Հայաստանի ու Ադրբեջանի նման երկրներին: Արժեր մի առանձին հոդվածով անդրադառնալ Եվրամիության շրջանակներում ինտեգրացիայի մասշտաբներին, բայց լավ է դա անեն տնտեսագետները, մենք սահմանափակվենք մատչելի մեկ օրինակով: Ասենք, աջաբսանդալի պահածոյի եփելու տեխնոլոգիան ու բաղադրակազմը պիտի համապատասխանի Հոլանդիայում ընդունված ստանդարտներին: Եւ նույն պահանջը՝ տասնյակ հազարավոր ապրանքների հանդեպ: Չհաշված քաղաքացիական, իրավական, բանկային, սոցիալական եւ այլ նորմերի համապատասխանեցումը Եվրոստանդարտներին: Թուրքիան, անշուշտ, զոռբայություն է անում, առանց իր զորքերը Կիպրոսից դուրս բերելու՝ կամենալով խցկվել Եվրամիություն: Բայց զոռբայության դեմ էլ միջոցներ կան: Ուրիշ բան որ չլինի, քրդական հարցն ու Հայկական հարցը կան ու կան: Դիվանագիտությունը դիվանագիտություն չէր լինի, եթե մատներ իր բոլոր մոտիվները, բայց «27»-ի դատավարության նախօրյակին այդ եղեռնագործության երկրի ղեկավարին շքանշանով պարգեւատրելու համար զուտ արեվմտյան ցինիզմ պիտի ունենալ: Իհարկե, պետք չէ քաղաքականության մասին դատողություններ անելիս բարոյական նորմեր հիշել, ուղղակի արժե մի պահ մտածել, որ եթե դիվանագիտության վիթխարի փորձ ունեցող երկրի թեկուզ եւ սոցիալիստների կառավարությունը գնում է նման աննրբանկատ... այսինքն անպատկառ քայլի, հաշվի չառնելով թեկուզ եւ Հայաստանի նման չնչին երկրի կենդանի ժողովրդի զգացմունքները, ուրեմն ի՞նչ հիմք կա կարծելու, թե այդ պետությունը ընդունակ է ազդված լինելու 85 տարի առաջ նահատակված ժողովրդի ճակատագրից: Եւ եթե քաղաքականության մեջ «շնացած» այդպիսի պետությունը, այնուամենայնիվ, դիմում է մի ժողովրդի բացահայտորեն արհամարհող ոչ դիվանագիտական քայլի, ուրեմն ինչ գին պիտի տրված լինի փոխարենը կամ ինչ պիտի տրվի անխուսափելիորեն:
Աֆղանական թալիբներին ենթարկեցին միջազգային շրջափակման: Հավանաբար, դուրս եկան իրենց խնդրի շրջանակից: Կամ ամբողջությամբ չկատարեցին խնդիրը: Կամ, որ ավելի հավանական է, ընդվզեցին չափը անցած պատվիրատուների դեմ եւ որոշեցին տեր կանգնել վերանվաճած երկրին: Այդքան կայունանալ եւ ինքնուրույն քաղաքականություն իրականացնել այն աստիճան, որ սկսեն մտածել իրենց տարածքով Կասպյան էներգակիրների ելքը ապահովել,-այդ բանը ոչ մեկի հաշիվների մեջ, կարծես թե, չկար: Համենայն դեպս, այդքան շուտ դա պետք չէր նույնիսկ Ամերիկային, որին այդ անկայուն վիճակը հարկավոր կլինի մինչեւ որ Պարսկաստանը ընդունի խաղի որոշակի կանոններ: Դա չի նշանակում, թե ԱՄՆ-ի ուզածի նման էլ կլինի հաստատ, բայց հզոր երկիրը կարող է սահուն կամ կտրուկ փոխել իր քաղաքականությունը, եւ բացառված չէ, որ Բուշը մոտ ապագայոմ սկսի Թալիբանի իշխանության ճանաչման գործընթացը:
Իսկ նարկոտիկները եւ Բեն Լադենին ապաստան տալը երկրորդական հարց են: Սկզբից էլ պարզ էր, որ թալիբները իրենց ձեռքում պիտի կենտրոնացնեն Աֆղանստանի տնտեսության գլխավոր ոլորտը: Ավելի լավ Ինտերպոլի համար, ավելի հեշտ է հսկողության տակ պահել խոշոր առաքողներին: Իսկ Բեն Լադենի համար ավելի ընդունելի մեկուսացում, քան Աֆղանստանում ապաստանելն է, չկա´: Թե´ ԱՄՆ-ի արաբ դաշնակիցներն են գլխացավանքից ազատված, թե´ Արեւմուտքն առիթ ունի ժամանակ առ ժամանակ չարիքը անձնավորելու եւ թալիբներին շանտաժի ենթարկելու, թե´ Ռուսաստանին է հնարավորություն տրված չեչենների ժողովրդական ապստամբությունը ներկայացնել իբրեւ դրսի էքստրեմիստների ոտնձգություն: Նաեւ պարզ էր ի սկզբանե, որ Հայաստանն ու Ղարաբաղը դառնալու են ամեն տիպի հանցագործների պարտակման վայր: Բայց ոչ մեկի երեւակայությունը չէր հերիքի կանխատեսել, որ հետախուզման մեջ գտնվող անձին կդարձնեն թեկուզ եւ չճանաչված հանրապետության կառավարության ղեկավար: Այս հարցում Աֆղանստանի թալիբները լակոտ են մերինի համեմատ: Նրանք Բեն Լադենին նույնիսկ մինիստր չեն նշանակում, այլ ստիպում են ղաչաղի թափառական կյանք վարել Աֆղանստանի անապատներում ու լեռներում: Հայաստանում այդպես դռնեդուռ չեն գցել անգամ Ղրիմից ու Ռուսաստանից փախած շարքային մարդասպաններին եւ խարդախներին:
Բայց միջազգային սանկցիայի ենթարկվեցին Աֆղանստանի թալիբները: Իսկ Հայաստանը չի ենթարկվել ոչ միայն այն պատճառով, որ արդեն իսկ տնտեսական ու քաղաքական շրջափակման մեջ է, այլ որ՝ հայկական Թալիբանը իր հանձնարարությունը կատարում է անառարկելի ոչ միայն Ռուսաստանի եւ ընդհանուր Արեւմուտքի շահերին «կոմպլեմենտար» ծառայելով, այլեւ Արեւմուտքի առանձին երկրների առանձին շահերի մասով էլ՝ իր հերթին: Այսինքն, մանրամասն ու անխտիր ծառայելով բոլորի շահերին, բացառությամբ, բնականաբար, Հայաստանի: Բնականաբար, որովհետեւ այդքան բազմաբնույթ շահեր չեն կարող համընկնել Հայաստանի ազգային շահին: Ճիշտն ասած, կենցաղում այդ սկզբունքը կանանց մի տեսակ անվանում է «կլիենտի մուննաթ»: Բայց դա արդեն մաքրակենցաղության հարց է: Ընդ որում՝ հոգու: Եւ ըստ էության ստացվում է, որ փուշտունները ըմբոստանում ու Աֆղանստանը, այնուամենայնիվ, համարում են իրենց հայրենիքը, ինչպես դա արել են մոնղոլները իրենց ժամանակին, ինչպես վարվել են թուրք-սելջուկները Փոքր Ասիան եւ Բալկանները նվաճելով, իսկ մեր երկիրը ասպատակող հրոսակները նորմալ նվաճողի բնազդ էլ չունեցան, այլ երկրի վրայով անցան չոռի նման: Եւ երեք տարում հասան նրան, որ Հայաստանը անցյալ տարեվերջին ՄԱԿ-ը ստիպված ներգրավեց սովի մատնված երկրների ցանկ:Որը համընկավ, ի դեպ, սրանց արտաքին քաղաքականության հայտարարած նոր՝ «ներգրավման» փուլի հետ:
.
7.03.2001