Գրգանք
Անոր որ պիտի գա…
Ափը լճակին մենավոր`
Ուր տընակս իմ կախարդորեն շիներ եմ`
Ձեռն ի ծընոտ ըսպասեցի իր գալուն:
Նըռենիին տերևներուն տակ բոսոր,
Նուռի մը պես ճեղքըված,
Սիրտըս, շիթ շիթ, արյուն թորեց ծունկերուս`
Կարոտը սե՜րս արյունեց.
Եվ ամիսներ բովանդակ
Եղնիկի պես լացի գոհար արցունքներ
Ափը լճակին մենավոր:
Ու վերջապես ան եկավ
Այգիներեն քաղցրաբույր`
Ու ողկույզներն, ըստինքներու պես լեցուն,
Հողին վրա կը կախվին,
Մոր մը գըրկեն, որ իր մազերը խարտյաշ
Ամեն առտու, ճաճանչներու պես, սանտրեց,
Շուշաններու պարտեզեն`
Ուր տատրակներն Անմեղությո՛ւնը կ'երգեն`
Ան վերջապես ա՛լ եկավ:
Ո՛վ վարսագեղ հովվուհիս,
Որ աղբյուրին լույսեն ծըլած խոտին մեջ,
–Գալու համար իմ սիրույս–
Լըքեց անթիվ գառնուկներն իմ մոլորուն.
Եվ զարնելով փարախին դրան քարին վրա
Խորտակեց սրինգը տոսախ
Խենթի մը պես կողկողագին ողբալեն,
Ո՛վ վարսագեղ հովվուհիս:
Երբ նես մըտավ իմ շեմես,
Ձյուն կարապներս օձաճապուկ վիզերնին
Կարկառեցին դեպ անոր,
Դեպ մարմարե իր ոտքերուն համբույրին:
Եվ շունս հըլու, փորին վըրա սողալով,
Եկավ լիզել կրունկներն անոր ադամանդ.
Ժըպիտներով աչքերը լի, վիթի պես,
Ան ներս մըտավ իմ շեմես:
Տնակըս բույրո՜վ լեցվեցավ,
Զի ծոթրիններ ծորեցան
Պատմուճանին քըղանցքեն,
Զի արևով օծված ոսկի մազերեն
Բուրյան մեղրեր ծորեցան.
Եվ բիբերեն` մարգրիտներու պես փաղփուն`
Թափթըփեցան ասուպներ.
Տնակըս լույսո՜վ լեցվեցավ:
Մեզ գըրգարան շինեցի.
Գարնան բոլոր վարդերը գոգ գոգ բերած`
Հարդարեցի մեր անկողինն հիմենի.
Նունուֆարներն` որոնց ծղոտները կակուղ
Հոտող սուրիս ներքև արյուն ծորեցին`
Մեր գըլխուն տակ բարձ եղան.
Ծաղիկներովն հողին և ջինջ ջուրերուն,
Աղվամազով տատրակներու դունչերուն
Մեզ գըրգարան շինեցի:
Վարդերուն վրա փըրփրեցավ
Իր մերկությունն երե՛ք անգամ կաթնային,
Հընդկաստանի յուղերով
Լույսերու պես օծեցի շեկ վարսերն իր.
Եվ ծալերուն մեջ մարմինին` իր բոլոր
Խընկամաններըս քըրմորեն պարպեցի:
Ան, առաջին համբույրիս տակ խըռոված,
Օշնանի պես պըղպըջուն
Վարդերուն վրա փըրփրեցավ:
Ու քընացավ կուրծքիս վրա…
Օ՜, մատերս իմ` որ ժամերով լողացին
Մազերուն մեջ հորդառատ.
Օ՜, բերանն իմ` որ բերնին վրա ըզգըլխիչ`
Խըմեց սափորն իր սըրտին:
Իրար հյուսված, մենք բաղեղներ խանդակաթ.
Ծաղիկներուն միջև հեղ մ'ա՛լ ծաղկեցանք:
Ան քընացավ կուրծքիս վրա…
Կարապներն ա՛լ թուխս նըստան.
Եղեգնուտին մեջ քամին մեղմ նըվագեց
Ծըլարձակման մեծ օրենքները Գարնան.
Նունուֆարի հոտված ծղոտները դարձյալ
Ջուրին մեջեն արձակեցին փթիթներ:
Մերին սըրտերն ունկընդիր
Իրարու մեղմ տըրոփյունին` նընջեցին.
Եվ լիճին խորն, աստղերուն վրա թևամփոփ,
Կարապներն ա՛լ թուխս նըստան: