Տրտմության սաղմոսներից Ա
Տե՜ր, մինչև ե՞րբ մեր աչքերը քեզ մընան.
Մեր գույժն հասավ հեռո՜ւ-հեռու ազգերին,
Աշխարհ լըցվեց մեր աղաղակ, մեր կական,
Ու չի անցել մեր տանջանքը տակավին։
Ինչո՞ւ, աստվա՛ծ, որբե՞րն արդյոք հայրական
Գութըդ կօրհնեն կոտորածի էս ձորում,
Թե՞ տարագիր պանդուխտները կըպատմեն
Ողորմությունդ օտար-օտար ափերում։
Մի՞թե, աստվա՛ծ, դեռ բավական չըտեսար
Էսքան ավեր, վիշտ ու ցավեր, հեծություն,
Մի՞թե, աստվա՛ծ, հաճելի չեն քեզ համար
Աղոթք ու սեր, կյանք ու տաղեր զըվարթուն։
1898