Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Կաքավի ողբը

Ա

Կըտուցը լիքը արին
Կաքավը նըստել քարին,
Ձեն է տալիս, կըղկըղում,
Գանգատ անում հավքերին.

Ա՛յ քուրիկնե՜ր,
Ա՛յ հավքե՜ր։

Բուն շինեցի էս սարում,
Ձագ հանեցի աննըման.
Իջավ՝ խաղա մարգերում,

Եկան կալան ու տարան,
Ա՛յ քուրիկնե՜ր,
Ա՛յ հավքե՜ր։

Էն կարկաչուն վըզիկը
Սուր դանակով զարկեցին.

Էն կարմըրիկ կըտուցը
Հուր կըրակին ձըգեցին,
Ա՛յ քուրիկնե՜ր,
Ա՛յ հավքե՜ր։

Էն մանրաքայլ տոտերը

Կըտրատեցին ծունկն ի վար,
Էն խատուտիկ փետուրը
Ո՛րն արին ձոր. ո՛րը՝ սար,
Ա՛յ քուրիկնե՜ր,
Ա՛յ հավքե՜ր։

Էն, որ սարերն էր հասել,
Քամին եկավ գում արավ,
Էն, որ ձորերն էր անցել,
Հեղեղն ելավ ու տարավ,
Ա՛յ քուրիկնե՜ր,

Ա՛յ հավքե՜ր։

Բ

Էլ ո՞նց անեմ, էլ ի՞նչ անեմ էն բընում.
Հանգիստ չունեմ, դադար չունեմ էն բընում։
Զօրը մենակ՝ չեմ դիմանում էն բընում,
Գիշերն անտակ՝ չի լուսանում էն բընում,

Անցած օրերն եկել նորից էն բընում,
Գել են դառել, ուտում են ինձ էն բընում.
Էլ չի մընում իմ սըրտիկը էն բընում,
Ցավով լիքը, լացով լիքը էն բընում։

Գ

Սև կաքավիկ, ո՞ւր պիտի դու նըստես հիմա։

Չորուկ բարդի ծառի վրա։
Սև կաքավիկ, թե որ նըրա տերը գա՝ ո՞ւր։
Լացող ուռու ճյուղքին տըխուր։
Սև կաքավիկ, էն տեղից էլ քշեն որ քե՞զ։
Կըրակ կըլնեմ, կէրեմ ինձ ես...

Դ

Վա՜յ կաքավիկ,
Սև կաքավիկ,
Չալիկ-մալիկ
Սիրուն հավիկ։

Վա՜յ քո ճուտին,

Էն խորոտին,
Վա՜յ սըգավոր
Իր մոր սըրտին։

Էլ չես կարդում
Հանդ ու արտում,

Մեր սարերից
Կորար տըրտում։

Վա՜յ կաքավիկ,
Սև կաքավիկ,
Վա՜յ իմ կորած

Սիրուն հավիկ։

1910