Հծծյունք
Երբոր վարդի փունջք հայեցի՝
Ծըլան տժգույն ճակտիդ վերև,
Խոնարհեցիր աչերդ արև,
Քեզ այն օրեն ես սիրեցի:
Թերթեր հուզող սյուքի մը պես՝
Թըռար սրտիս ծալքերն թոթվել,
Քընարի մը կըրակե թել՝
Քեզ ձըգեցիր դու աղիքես։
Արդ կը փախչիս ինձմե սյուքի
Պես, շուքըդ տաս լոկ քընարիս,
Գիսաստղի պես հեռուն կ՚նազիս՝
Հովին տըված մազերդ ոսկի:
Երբ աստղալույց գիշեր է զով,
Շրջագայիս Պաղլար Պաշի,
Գիտե՞ս թե սիրտս ո՜րչափ մաշի՝
Շրջազգեստիդ լոկ շրշյունով:
Գա սյուքն ազատ քեզ այցելու,
Նային քեզի աստղերն ազատ,
Ըստվերին մեջ մինակ ու զատ՝
Ես կը դողամ քեզ մոտելու:
Ո՜հ, թող երթա՛ սյուքն իր ծաղկոց,
Նայի՛ն աստեղք թող յ՚Օվկեան,
Եվ թող մեկ մ՚ե՛ս ալ թալկանա՛մ
Քու նայվածքիդ մեջ կրակուբոց:
Մահիկն երբոր շառագունած՝
Իջնե լեռնեն ի հորիզոն,
Ալ կ՚անհետիս, չ՚ես շրջիր հոն՝
Կագին, հովին, աստղին դիմաց:
Գերեզմաննոցին ցուրտ ծառեր
Կը փըսփըսան մեռելոց հետ,
Շրջազգեստիդ շրշյունին գեթ
Ինձ արձագանք մահահրավեր:
Նըվաղած են լույս ու ժըխոր,
Դադրած շրշյունք կանանց՝ անմռունչ
Արդ կը թաղվին համբույր, մրմունջ՝
Աստեղազարդ անդունդին խոր։
Շրջազգեստիդ խշրտուքն հար
Կը փըսփըսա դեռ ականջիս,
Հեծկլտալով իջնե հոգիս
Արտոսրալից անդունդ մ՚ի վար…:
1871