Պողոս-Պետրոս
Վաղո՜ւց, երբ մոտ էր երկրին երկինքը,
Ու լըսում էր դեռ մարդկանց Տերն–Ինքը,
Էն լավ ժամանակ երկու մանուկներ
Ունեին մի չար, մի անսիրտ խորթ մեր։
Կորե՛ք, գընացեք, աշխատանք արեք,
Աշխատանք արեք ու եկեք կերեք.
Ի՞նչ եք վեր թափել անգործ ու անբան,
Հասած տըղերք եք հինգ–վեց տարեկան...
Էսպես բարկացավ մի օր խորթ մերը,
Ճիպոտներ տըվավ, ղըրկեց հորթերը։
Անհանգիստ հորթե՜ր, ամառվան շոգ օր.
Կետ արին, փախան, ընկան սար ու ձոր։
Նըրանց ետևից՝ լալով, հևալով,
Փոքրիկ որբերը՝ քարեքար գալով
Վազ էին տալիս անտառի միջում,
Վազ էին տալիս ու իրար կանչում.
Պողո՛ս, գըտա՜ր։
Չէ՜ է՜։
Պետրո՛ս, գըտա՜ր։
Չէ՜ է՜։
Վա՛յ–վա՜յ, վո՛ւյ–վո՜ւյ
Վա՛յ–վա՜յ, վո՛ւյ–վո՜ւյ...
Շատ որ ման եկան՝ խեղճերն հոգնեցին,
Եկան՝ խորթ մորը լալով պատմեցին.
Նա՛նի, ա՛յ նանի, կորան հորթերը...
Վա՛յ, գետինն անցնեք, ճըչաց խորթ մերը,
Թող դուք կորչեիք հորթերի տեղակ,
Անտակ ձորի մեջ, անժաժ քարի տակ։
Մի արջ պատահեր, մի գազան, մի գել,
Որ չէի տեսել ձեր շուքը մեկ էլ...
Դե՛, ետ գընացեք, գնացեք, կորե՛ք,
Մինչև չըգըտնեք հորթերը բերեք՝
Աչքիս չերևաք, ա՛յ աչքիս փըշեր,
Թե չէ՝ կըսպանեմ ես ձեզ էս գիշեր...
Ու ճիպոտն էլ ետ իրենց թաթերին,
Հոգնած ու սոված, արցունքն այտերին
Փոքրիկ որբերը անտառի միջում
Գիշերվան կիսին լալիս են, կանչում.
Պողո՛ս, գըտա՜ր։
Չէ՜ է՜։
Պետրո՛ս, գըտա՜ր։
Չէ՜ է՜։
Վա՛յ–վա՜յ, վո՛ւյ–վո՜ւյ,
Վա՛յ–վա՜յ, վո՛ւյ–վո՜ւյ։
Անտեր հորթերը չըկան ու չըկան։
Ճարները կըտրած՝ խեղճերը եկան,
Լալով չոքեցին.
Տե՛ր աստված, ասին,
Ի՜նչ կըլնի, գըթաս՝
Գոնե թևեր տաս,
Թևեր տաս՝ թըռչենք,
Թըռչենք ու կորչենք,
Որ էլ չտեսնի մեզ մեր խորթ մերը,
Մինչև որ գըտնենք կորած հորթերը...
Հենց ասին–չասին անմեղ բերանով,
Աստված որոտաց իր գըթոտ ձայնով.
Ահա ձեզ թևե՜ր, սիրուն երեխեք,
Թըռչուններ դառեք, թըռած ման եկեք,
Որ էլ չըտեսնի ձեզ ձեր խորթ մերը,
Մինչև որ գըտնեք կորած հորթերը։
Գիշերը քնեցեք ծառերի ճյուղին,
Ծեղն ու ծըղոտը արեք անկողին,
Ապրուստ էլ կերեք իմ լի սեղանից,
Երբ որ ղադարգուն եղաք ձեր տանից...
Էսպես վերևից հենց կանչեց աստված,
Փոքրիկ որբերր փոխվեցին հանկարծ
Ու թևեր առան,
Թըռչուններ դառան։
Ու թևեր առած՝
Թըռչուններ դառած
Դեռ մինչև էսօր,
Ընկած սար ու ձոր,
Ծըվում են, մընչում,
Մեկմեկու կանչում.
Պողո՛ս, գըտա՜ր։
Չէ՜ է՜։
Պետրո՛ս, գըտա՜ր։
Չէ՜ է՜։
Վա՛յ–վա՜յ, վո՛ւյ–վո՜ւյ,
Վա՛յ–վա՜յ, վո՛ւյ–վո՜ւյ։