Դավաճանության զոհ
Ավա՜ղ, դու մեռար, թանկագին ընկե՛ր,
Բայց մեռար, որպես մի զոհ չարատանջ.
Ո՜հ, ինչո՞ւ խաբված՝ դու սիրանվեր,
Բացիր քո սիրտը ամենքի առաջ,
Ինչո՞ւ մանկական անկեղծ հավատով
Դու ձեռք պարզեցիր դավաճաններին,
Եվ եղբայրական անձնազոհ սրտով
Համբույր դրոշմեցիր չար շրթունքներին…
Ինչո՞ւ չարանենգ խաբեբայության
Դու զոհ բերեցիր քո սուրբ խորհուրդներ…
Եվ քսու մարդկանց կեղծ մտերմության
Դու ընծայեցիր և՛ հավատ, և՛ սեր։
Մի՞թե ծանոթ չէր քեզ այս բիրտ աշխարհ,
Այս անվերջ ծովը դառնությունների.
Ուր ազատ միտքը, ազատ գաղափար,
Ո՜ղջը զոհված է զազիր կրքերի…
Ուր ստրկությունը, որպես կուռ շղթա,
Խեղդում է և՛ սիրտ, և՛ վեհ ձգտումներ,
Ուր սև նենգության թույնը անխընա
Մարդկային կյանքը դարձնում է ավեր:
Ուր չկա անկեղծ ո՛չ մտերմություն,
Ո՛չ բուռըն ձգտում անձնազոհության,
Ուր անարգված է սուրբ ճշմարտություն,
Եվ փառքը շիջած առաքինության…
1888, 25 մարտի