Ալիք
Մեղմ սուրալով, գուրգուրելով մի ալիք
Ծովի ծոցից ափն էր գալիս սիրաշունչ.
Նա սիրել էր բարձր բազմած, խոհալիք,
Մըռայլ մի ժայռ՝ հավետ անշարժ, անմռունչ։
Փրփուր-կրծքում նոր զգացած սեր, հուզում,
Կույս-ալիքը, ծովի հավերժ հարսի պես,
Սեր-համբույրով շո՜ւտ հասնել էր երազում
Սիրած ժայռի բարձր լանջին վեհ ու վես։
Եվ նա հասա՜վ… հասա՜վ, փարե՜ց, համբուրե՜ց
Ժայռի կուրծքը ու հառաչե՜ց ցավագին.
Փոշիացա՜վ խեղճ ալիքը ու մարե՜ց,
Միայն արցունք թողեց ժայռի լուռ կըրծքին…