Կարդա՛
Կարդա՛, ա՜յ իմ խելոք մանուկ,
Կարդա՛, գը՛րիր տարին բոլոր.
Գիր կարդողի խելքն է կըտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր։
Գիր կարդալով դու գըրքերում
Շա՜տ նորանոր բան կիմանաս.
Շա՜տ շատերից, շա՜տ բաներում
Մըտքով հեռո՜ւ կըսըլանաս։
Գիր կարդալով դու աշխարհիս
Կըճանաչես չարն ու բարին.
Ո՞վ է խընդում, ո՜վ է լալիս...
Ո՞վ է զըրկում խեդճ թըշվառին...
Գիր կարդալով դու քո սըրտում
Առատ, անբավ գանձ կըդիզես,
Այնպիսի՜ գանձ, որ աշխարհում
Ամեն հարուստ գըլուխ տա քեզ։
Կյանքում ծածուկ էլ քեզ համար
Բան չի՛ մընալ, որ չիմանաս.
Քո մեջ կապրի արար աշխարհ,
Հոգով այնքա՜ն կըզորանաս։
Դու կիմանաս, թե ինչո՞ւ մենք
Լողորդի պես կյանքի ծովում
Գիշեր-ցերեկ հա՜ լողում ենք…
Ո՞րտեղ է ափն… ո՞ւր ենք լողում…
Դու կիմանաս, ինչո՞ւ մարդիկ
Պետք է ապրեն իրար համար.
Ի՞նչ է մարդկանց ցավն ու կարիք,
Ի՞նչ է լույսը, ի՞նչ է խավար…
Կարդա՛, որդի՛ս, որ հորըդ պես
Դու էլ անուս, խեղճ չըմնաս,
Որ ամենքին վիզ չըծռես.
Եւ միշտ ազա՛տ առաջ գընաս…
Անբախտ հայրըդ գիր չըգիտեր,
Հողագործ էր կարոտ ուսման.
Գյուղի անգութ վաշխառուներ
Քաղցած, ծարավ թողին նորան։
Հազար ու մի թուղթ գըրելով.
Քո հոր տեղակ ստորագրեցին.
Հետո մեկ էլ օր ցերեկով
Ձեր ողջ տունը կողոպտեցին…
Շա՜տ թափառեց նա դես ու դեն,
Դատարանի շեմքը մաշեց.
Բայց անգրագետ, անուս, անզեն
Վերջին շունչը հողում քաշեց…
Կարդա՛, ա՜յ իմ խելոք մանուկ,
Կարդա՛, գըրի՛ր տարին-բոլոր.
Գիր կարդողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր։