Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Նման գայլերի խըմբին ամեհի

Նման գայլերի խըմբին ամեհի,
Ձըմռան գիշերին ոռնում է քամին.
Եվ իմ պարտեզում – մռա՛յլ, ամա՛յի,
Խեղճ ուռիներիս ջարդում է քամին;

Ա˜խ, մանկուց լացեց քո սերը, սի՛րտ իմ,
Ոչ ո՛ք չհասկացավ երազդ աղվոր.
Զուր մի՛ որոնիր սիրտ մի մտերիմ, -
Ծնվել է ոգին հավերժ մենավոր;

Հանի՛ր քո սերը սըրտիցըդ անհույս,
Այդ խորթ, ապօչեն զավակն աշխարհի, -
Ձգի՛ր այս դաժա՛ն, մո՛ւթ գիշերին դո՛ւրս`
Ցուրտ քամու բերան… թո՛ղ երթա սառի…

Թո՛ղ լա, հեծեծա սերըս` որբ, անմա՛յր,
Եվ քամին լացը նրա թո՛ղ տանի
Ալեկոծ ծովեր, անապատ մի վայր,
Սակայն մարդո՛ւ մոտ… երբեք չըտանի…

Ոռնում է քամին, վայում դըժնդակ
Մռայլ գիշերին ձյուն-ձմեռնայնի.
Եվ սերըս ջարդված ուռիների տակ
Մեռնում է մենակ. Թո՛ղ երթա` մեռնի…

1904
Ալեքսանդրապոլ