Զմրուխտյա երգեր, երազներ շքեղ
Զմրուխտյա երգեր, երազներ շքեղ,
Գարնան վարդի հետ եկան, գնացին.
Համբույր ծաղկաբույր և սեր հրաշագեղ
Գարնան հովի հետ եկան, գնացին:
Ուրիշի նման բույն չըշինեցիր,
Կյանքի մրըրկավ զարկըված թռչուն,
Ու հիմա մենակ ու որբ մնացիր,
Եվ թարմ տարիներդ եկան, գնացին:
Անտուն մնացիր ու թափառական,
Ընկեր, բարեկամ եկան, գնացին,
Մոլոր ճամփեքում մնացիր մոլոր,
Քարավան, երամ եկան, գնացին:
Ու հիմա աշնան մեգի մեջ խավար,
Ականջըդ հառած սրտիդ լուռ լացին,
Օտար ափերում կանգնել ես շվար,
Ինչ որ ունեիր, անդա˜րձ գնացին …
1904