Ա˜խ, մի անգամ ոսկետերև աշունքին
Ա˜խ, մի անգամ ոսկետերև աշունքին
Անցնում էի ծայրամասով քաղաքի,
տեսա երեք ղասաբներ`
Խիճուտ ափին քաղցրամրմունջ գետակի,
Մորթում էին քսանի չափ գառնուկներ:
Երկու գառի գլուխն արդեն կտրած էր,
Իր արյան մեջ թփրտում էր մեկը դեռ,
Իսկ ղասաբը ծխամորճը շրթունքին,
Չորրորդ գառին` աղիողորմ լացի մեջ`
Գետնին սեղմել` սպանում էր եռանդով.
Մյուս գառները զարհուրանքից կարկամած`
Նայում էին խոր ու անթարթ աչքերով
Մորթվող եղբորն ու ղասաբի դանակին,
Եվ ողջ մարմնով դողում էին, սրսփում.
Բայց մանավանդ տոտիկները նրանց նուրբ
Դողո˜ւմ էին, դողո˜ւմ էին սաստկագին…
1939