Փառաբանում եմ
Դառնամ փառաբանեմ ձկնորսներին ծովում՝
փոթորկի թունդ պահին,
Սերմնացանին՝ արտում, երբ է՛լ չի սպասում
նա տաք օրեր:
Դառնամ փառաբանեմ ձորից կաքավ թռցնող
զրընգոցը բահի,
Գերանդու խուլ երգը, որ դժվար է անգամ
նոտագըրել...
Պտղավորումն այգու, արտի փոշոտումը
փառաբանեմ կրքո՛վ,
Ազնիվ թթխմորով հունցված ցորեն հացը
մեր սեղանի վրա,
Մեր անխարդախ գինին, որ մեր սիրտն է լցնում
մի անբարբառ երգով
Եվ կյանքը դարձնում է... հնարավոր հրաշք...
Դառնամ փառաբանեմ մանուկների խաղը՝
այնքա՜ն ինքնամոռաց
Եվ մտասո՜ւյզ այնքան, ասես որտեղ որ է
հսկա մի գյուտ կանեն:
Դառնամ փառաբանեմ նրանց թաթիկները
ցեխաջրից սառած,
Իրենց սրտակտուր ու փութանցիկ լացը
ցավո՛վ փառաբանեմ:
Դառնամ փառաբանեմ ջահել աղջիկների
ծիծաղն աննպատակ,
Նրանց կանչող ե՛րգը, նրանց անցնող վե՛րքը
սիրո՜վ փառաբանեմ:
Վախո՜վ փառաբանեմ այն պատանու ձեռքը
և՛ դողացող, և՛ տաք,
Որն առաջին անգամ սիրտ է անում... դեպի
սիրած կուրծքը տանել...
Սե՜րը փառաբանեմ և՛ պառավ մո՛ր հանդեպ,
և՛ զառամյալ տատի՛,
Որոնց սուրբ փեշերից անցած քո ողջ կյանքի
ծով բուրմունքն ես առնում.
Սերը՝ որդու հանդեպ, առանց որի ի՜նչ ես -
մարդ ես մի աղքատիկ,
Մինչ գներն էլ շուրջըդ բարձրանում են անվերջ-
կյանքը թանկ է դառնում:
Դառնամ փառաբանեմ... փառաբանեմ մարդուն՝
ա՛յն էակին միակ,
Որ ծիծաղե՛լ գիտի, որ արտասվե՛լ գիտի,
երգե՛լ գիտի,
Թո՛ղ որ գիտի նաև իր նմանին դարձնել
անշնչացած դիակ,
Բայց և գիտի գրկե՜լ, գիտի գրել գրքե՛ր,
հերկե՜լ գիտի:
Նրա տքնությունը, բայց առավել ևս
հրաշք հուր-կայծակի
Այն բոց բռնկումը՝ այն ներշնչման պահը
փառաբանեմ ցնծո՛ւն,
Որ մեր աչքից ծածկված հազա՜ր ճանապարհ է
բացում հանկարծակի
Ու դարձնում է մարդուն... հավասար է դարձնում
իր ստեղծած աստծուն...
15.VIII.1954թ. 05-06.V.1957թ.
Նավչալու Մոսկվա