Հանգստացրու ինձ
Հանգստացրո՛ւ ինձ,
Հանգստացրո՜ւ...
Оգնի՛ր, որ ցավըս...
Չի՜ անցնի ցավըս...
Գուցե պետք էլ չէ, որ անցնի ցավը:
Նա էլ է ծնունդ,
Ինչ-որ երեխա
Եվ... իր ապրելու իրավունքն ունի...
Օգնի՛ր, որ ցավիս ետևո՛ւմ պահվեմ.
Հանգստացրո՛ւ ինձ,
Հանգստացրո՜ւ...
Ինչի՞ համար է այս երկմտանքը:
Չէ՞ որ տանջվել եմ ես ազնվորե՜ն:
Թո՛ղ որ ամեն բան բաց պատկերված չէ,
Սակայն ամե՜ն բան պատկերացված է:
Ինչ-որ հնարքով կողպի՛ր մտքերըս.
Հանգստացրո՛ւ ինձ,
Հանգստացրո՜ւ...
Անչափ կարոտ եմ շատ պա՛րզ խոսքերի՝
Տափա՜կ-կրկընվա՜ծ,
Շատ գործածվելուց ողո՜րկ-լպրծո՜ւն,
Բայց նաև միա՛կ - չփոխարինվո՛ղ
Շատ պա՜րզ խոսքերի:
Թո՛ղ որ այցելեն ինձ այդ խոսքերը:
Եվ այնժամ գուցե ես ժպտամ նորից
Եվ իմ ժպիտով ինձ հանգստացնեմ:
Սակայն մինչև այդ ի՜նչ խոսքով կուզես
Հանգստացրո՛ւ ինձ՝
Հանգստացրո՜ւ...
Հանգստացրո՛ւ ինձ՝
Չգիտե՜մ ինչով:
Գուցե՝ ոչնչով:
Էլ չկա՜ հրաշք:
Իսկ դու կարող ես հրաշք ստեղծել
Թաքուն երազված կետկետուն քայլիդ հնչուն նազանքով՝
Իմ շրջակայքում,
Փոշով խավապատ հայելու վրա՝
Քո փորագրիչ - նկարիչ մատի մի խզբզանքով,
Որ նման լինի անհայտ մի լեզվի նշանագրի:
Իսկ սա մի՜շտ ունի թալիսմանի ուժ...
Տո՛ւր ինձ մի խորհուրդ,
Խորհուրդ այնպիսի՛,
Որ ո՛չ մի բառով չի բռնադատվում:
Էլեկտրագրի՛ր մի գալարագիծ կամ լուսալիք,
Ինչպես անում են ճշգրիտ կոչված սարքերը միայն:
Թարգմանությունը մի՜շտ սպանում է:
Քե՛զ մի թարգմանիր.
Ի՛նձ հանգստացրու,
Հանգստացրո՜ւ...
Տիեզերքի մեջ բոլոր մարմիններն ունեն գնդի ձև՞:
Եվ հիմա չունեմ ես իմ մեջ ոչի՜նչ,
Որը չլինի հանգույցի՛ նման,
Կոճակի՛ նման,
Նաև կորիզի՜.
Սե՛րը,
Տանջա՛նքը,
Մտքերը՜ս բոլոր՝
Հանգույցի՛ նման,
Կոճակի՛ նման,
Նաև կորիզի՜:
Տափակացրո՛ւ.
Ինձ հանգստացրո՜ւ...
Ասա. «Հերի՜ք է»:
Եվ ասա. «Կա՛նգ առ»:
Ու ես կանգ կառնեմ,
Ինչպես կանգնում են
Տրամվայների մոտեցող-հասնող շնչառությունից,
Ինչպես կանգնում են փակ դռան հանդեպ:
Ու ես չե՛մ ուզում ոչի՜նչ ուզենալ.
Ո՛չ այն պատճառով,
Որ ուզենալը վիրավորիչ է,
Այլ ա՛յն պատճառով,
Որ պատճա՜ռ չկա բան ուզենալու:
Բայց, այսուհանդերձ, ինձնից էլ թաքուն,
Գուցե կուզեի մի պահ կանգ առնել,
Ինչպես կանգնում են
Ո՛չ թե մոտեցող տրամվայների շնչառությունից,
Փակ դռան առջև,
Այլ այնպես,
Ինչպես կանգնում են նաև ծաղկի՜ հանդիման...
Դու այնպե՛ս ուզիր,
Որ ես չուզենա՜մ.
Հանգստացրո՛ւ ինձ,
Հանգստացրո՜ւ...
04-05.IV.1961թ.
Մոսկվա