Հանդիպում
Իմ քաղաքում հիմա գարնան իրիկունն է իջնում շքեղ:
Հանդիպակաց բոլոր տանիքների վրա
Մի վիթխարի, բայց անվտանգ հրդեհ են բորբոքել
Մարող վերջալույսի ճառագայթները հուրհըրան:
Փողոցներում հիմա հանկարծ զարթնած քամին խաղում է խենթացած
Կանաչ սաղարթների, կանանց զգեստների մետաքսի հետ:
Զբոսանքի ելած աղջիկների ծիծաղն արծաթաձայն,
Ճիչը մանուկների, պուրակների շունչը բուրումնավետ.
Բաց պատուհաններից ներխուժում են իմ սիրտն ու իմ տունը
Եվ լցնում են հոգիս մի բանաստեղծությամբ, երգով մի վես,
Որի համար չափ է երջանկությամբ լեցուն սրտի տրոփյունը
Եվ որը հանգ ունի - ծիծաղի պես:
...Եվ մտածել, որ դո՜ւ, դո՛ւ, որ բանաստեղծ ես և սիրահար լույսի,
Բանտի նկուղներում լույսը մթից հիմա չես տարբերում,
Որ արյան մեջ ներկված յաթաղանի նման մի կեռ կիսալուսին
Երկրիդ և քեզ վրա, Նազի՛մ, իր պաղ լույսն է արևի տեղ փռում.
Որ դու լոկ մտքով ես զբոսանքի ելնում գերված Ստամբուլում,
Ուր քո մայրն է շրջում՝ սպիտակած վշտից, կորված՝ տանջանքի տակ,
Որ քո սիրած մարդկանց միայն քնի մեջ ես դու համբուրում
Եվ արյա՜մբ ես գրում բանտիդ «Նամակները»՝ արյա՛մբ քո տաք...
Իմ տան պատուհանից երևում են ահա մթնում իրիկնային
Գերված Մասիսները, որոնք մի ժամանակ կոչվում էին «Ազատ»:
Նրանք իմաստալից ինձ աչքով են անում: Անցնո՜ւմ եմ սահմանից.
Բանաստեղծի համար սահմանը միշտ բաց է - երգն է նրա վիզա՛ն:
Իսկ ես բանաստեղծ եմ: Հայոց երկնի տակ եմ իմ կյանքն անցկացըրել...
Նույն աստղերի լույսն է ներս թափանցել ձեր ու մեր երդիկից,
Մեր Տիգրիսի ջուրը մեր այգիների հետ ձեր մարգերն է ջրել...
Մենք լոկ գրչակիցներ, պոետներ չենք միայն, այլև հայրենակի՛ց:
Ստամբուլը որքան քո քաղաքն է, նույնքան իմն է նաև.
Դեռ հին Բյուզանդիոնից այնտեղ փայլն է մնում մեր հանճարի...
Այնտեղ Պարոնյանն է Պոլսո թաղերի մեջ մի օր պտույտ արել՝
Իր ծիծաղի խեղդող սահանքի մեջ առած մեր ջոջերին:
Այնտեղ ամփոփված է Պետրոս Դուրյանը մեր՝ մեր պաշտելի՛ն.
Ո՞վ է ձեր թրքուհուն ավելի լավ երգել ողջ աշխարհում:
Այնտեղ է գեղգեղել Միսաք Մեծարենցի իրիկնային շվին,
Հանճարն Ադամյանի Պոլսո թաղերից է սկիզբ առնում:
Այնտեղ Կոմիտասն էր - մեր դարավոր երգի մեմբրա՜նը թրթռուն,
Նա՛, որ օտարներին մեր լեփլեցուն հոգին թարգմանում էր տաղով.
Այնտեղ Վարուժանը իր եղեգնյա գրչով ցասման խոսք էր կռում,
Կարմիր մեր արյունն էր Սիամանթոն երգում իր սպիտակ տողով...
Այնտեղ... Նույն այն ձեռքը, որ տասներկու տարի քեզ պահում էր բանտում,
Մորթեց մի ժողովուրդ, որ ի՛ր հողի վրա, և ի՛ր երկնքի տակ
Երեք հազարամյակ օտար ձեռքով քանդվող իր բույնն էր կարկատում,
Աշխատում էր, երգում ու կոթողներ կերտում երեք հազարամյակ:
...Կրած վշտերի չափ լայն ու մեծ է սիրտը իմ հայ ժողովրդի.
Ներողամի՛տ է նա, բարի՛, անհիշաչա՛ր,
Սակայն ապաքինված, փակված վերքից չէ՞ որ միշտ մնում է սպի,
Իսկ դարավոր վերքի փակված սպին արդեն մորմոքում է հաճա՜խ:
Ուրեմն իմ ծեր հորը, որի գերդաստանից ինքն է միայն մնում,
Որի համար է հենց կարծես գրված «Կռունկն» ու «Անտունին»,-
Ինչպե՞ս հանդիմանել, երբ «օսմանցին» հաճախ նրա լեքսիկոնում
Միայն չար թշնամո՛ւ, միայն արնախումի՝ իմաստ ունի:
Եվ իմ պառավ մորը, որ ոչ մեկը չունի յոթ եղբորից,
Ինչպե՞ս հարկադըրել, որ «Համիդ» լսելիս չհասկանա հրեշ...
Մեր զոհերի արյան հատուցումն է անցնում որդուն հորից,
Այդ թվերին ծնված հազարավոր որբեր զո՜ւր չեն կոչվել «Վրեժ»:
Սակայն հատուցումը, ահեղ վրեժն անգամ պարզ է հիշում հասցեն:
Թափված արյան հետքը ամեն տեսակ փոստից անխափան է գործում:
Թափված արյան հետքը, որ հորդ անձրևներն իսկ չեն լվացել,
Նրա՛նց դուռն է տանում, ովքեր բանաստեղծիդ սպանել են փորձում:
Եվ լալիս է մայրս քո մոր ծանր վշտից: Նրա համար, Նազի՛մ,
Կորած եղբայրներից կրտսերագույնն ես դու և կամ ավագ որդի:
Հայրս, կարծես մտքով նորից զնդան ընկած՝ ետ ու առաջ քայլում,
Քայլում է լո՜ւռ, խոժո՛ռ, ապա մռլտում է. «Շո՜ւն շան որդիք»:
...Փչում է զով քամին մի հեռավոր ծանոթ նվագի պես,
Ասես քո երգն է դա, որ սահմանն է անցել առանց վիզա:
Զբոսանքից հիմա վերադառնում ենք տուն՝ մտերմուհիս ու ես:
Մեր սիրտն այնպես լիքն է, և մեր քայլերն այնպես թեթևասահ:
Նա քեզ անգիր գիտի: - «Սիրել փո՜քր-ինչ ավել և փո՜քր-ինչ լավ»,-
Երգիդ սիրած տողը արտասանում է նա և քեզ հիշում.
-Տեսնես ինչպե՞ս է նա, տեսնես այս ամենը ինչո՞վ կվերջանա,-
Վախո՛վ հարցնում է նա, հարցնում է նա հույսո՛վ և սպասում:
Իսկ ես գիտեմ՝ ինչո՛վ: Մենք նստում ենք գարնան կիսախոնավ հողին,
Ու ես երազում եմ. -Այդ կլինի՛, բայց ո՞ւր՝ Ստամբուլո՞ւմ, Վանո՞ւմ:
Եթե Վանո՛ւմ՝ ապա խնձորենու ներքո, եթե Ստամբուլո՛ւմ՝ափին ծովի
Իրար հանդիպում ենք, հյուրընկալում իրար, օթևանում:
Չկա ո՛չ մի սահման, ատելությո՛ւն չկա ու բա՛նտ չկա կյանքում,
Լոկ գրքերն են հիշում կոտորածի՛, մահվա՛ն, բանտի՛ մասին:
Սպիտակ Տո՛ւն չկա, չկա Սեյմ ու Մեջլի՛ս, կա երկրագո՜ւնդ՝
Ազատ, միասնական, բռնի չբաժանված հազար մասի...