Փոստային լեզվով
Ես մարդ եմ կոչվում, եթե ոչ - ասե՞մ -
Պիտի կոչվեի հեռագըրատուն,
Որ ունի... լոկ մե՛կ հեռագըրավար։
Աշխարհի բոլո՜ր-բոլո՜ր ծայրերից
Անծանոթ-անհայտ մարդիկ բյուրավոր
Դարձըրել են ինձ գաղտնարանն իրենց.
Առանց ավելորդ որևէ բառի,
Մինչևիսկ առանց կետադըրության,
Գաղտնիքներն իրենց ինձ են վստահում.
Հայտնում և՛ վիշտը,
Ե՛վ խնդությունը։
Լռին վկան եմ ես նրանց սիրո,
Նրանց բաժանման ականատեսը,
Նրանց կարոտի խոսքերը գիտեմ
Եվ տառապանքի շնչին եմ ծանոթ։
Թե հարսանիք է՝
Նրանց բոլորի հյուրն եմ առաջին.
Եթե ծնունդ է՝
Իմն է առաջին բառն աչքալույսի.
Ու եթե թաղում՝
Ես եմ առաջին հուղարկավորը...
Տեղյակ եմ նրանց հաջողությանը,
Տեղյակ եմ նրանց ձախորդությանը,
Դատարկ առիթով ուրախանալուն,
Դատարկ բաներից տխրելուն նաև,
Որ միշտ ջանում ու ձգտում են ասել
Առանց ավելորդ ո՛րևէ բառի
Եվ նույնիսկ առանց կետադըրության.
Եվ այս պատճառով
Երբեմըն կակազ-թլվատ են թվում...
Ես մարդ եմ կոչվում, եթե ոչ... կյանքում
Հեռագրատուն պիտի կոչվեի։
Եվ այդտեղից է գալիս երե՛ք բան.
-Ուրիշների ցավն ու խնդությունը
Իմ սրտին այնքա՜ն մոտ ընդունելը։
-Ծով գաղտնիքներըս,
Որոնց մի չնչի՜ն մասն եմ բաց անում։
-Եվ երրորդ՝
Նաև... թլվատությունըս...