Իմ կաթնեղբայրը
Ես եղբա՜յր չունեմ,
Մայրս էլ մեղք չունի.
Ծնել է,
Սակայն ծնելը քիչ է,
Սնելն է դժվար,
Քանի որ հաճախ
Ե՛վ սով է լինում
Ե՛վ գաղթ,
Ե՛վ ավեր։
Ես եղբայր չունեմ։
Ու եղբայրացար,
Ինձ եղբայր դարձար,
Ո՛վ համբերություն։
Ես շատ եմ քայլել քեզ հետ միասին,
Դու իմ մանկության միա՜կ խաղընկեր,
Իմ պատանության միա՜կ գաղտնարան,
Իմ ջահելության լո՜ւռ խորհըրդակից։
Փոքր էիր այնքան՝
Երբ փոքր էի ես,
Ինչքան մեծացա՝
Դու էլ մեծացար,
Երկվորյակի պես
Ետ չմնացիր
Ու չթողեցիր երբեք ինձ մենակ.
Երբ տատանվեցի՝
Դարձար ինձ նեցուկ,
Խեղանդամվեցի՝
Դարձար դու հենակ...
Ու դեռ քայլում ենք։
Իմ Համբի՛կ... Համբե՛ր... իմ Համբերությո՜ւն,
Դու էլ ես հոգնել,
Հոգնել ես, սակայն ծպտո՛ւն չես հանում,
Թե տրտընջում ես՝
Միայն ականջիս,
Որ շատ է լեցուն քո շշուկներով,
Ինչպես փչակը՝ շնչով հովերի,
Եվ ա՛յն լռությամբ,
Որ քիչ է լինում,
Եվ ա՛յն լռությամբ,
Որ հասավ թե չէ՝
Ես վեր եմ թռչում,
Ասես խոցեցին,
Ինչպես այն քնած ջրաղացպանը,
Որ իր աղացի խուլ աղմուկի մեջ
Կարող է քնել մեռածի նման
Եվ խայթվածի պես իսկույն արթնանալ,
Երբ որ իջնում է մի պահ լռություն՝
Երբ չի աղմըկում իր ջրաղացը...
Իմ Համբի՛կ... Համբե՛ր... իմ Համբերությո՜ւն...
18.XII.1959թ.
Թիֆլիս