Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վրթանես Փափազյան

Ծովի վրա

1

Դեպի Աղթամար էինք գնում աշնանային մի զով գիշերով։ Գյուղից ելած, ծովափի ավազաների մեջ կանգ էի առել և սպասում էի քահանային, որի հետ խոսք էինք արել միասին ճանապարհորդելու։

Վերջալույսն էի դիտում Վանա ծովի վրա։ Ջուրը լերդ կանաչ էր կտրել. կոհակները միմյանց հրելով հեռանում էին դեպի խորքերը և փրփուրի գծեր կազմում. հեռվում երևում էին եզերքների գյուղերը, ծառաստանները. մի այլ կողմում Աղթամար կղզու կեսն էր, հորիզոնի մի կողմի վրա՝ Կտուց անապատը, իսկ մյուսի՝ Առտեր կղզին, որ մի մեծ սև թռչունի նման՝ երբեմն կարծես ընկղմում էր ջրի մեջ և երբեմն դուրս ցցում իր ժայռոտ լերկ գանգը։

Մայր մտնող արեգակն այդ միջոցին աղոտ ճառագայթներով խաղում էր ջրերի հետ ու լայն, լուսավոր ուղի գծում մինչև ափը. նրա դեմքը նման էր հրաշեկ գնդակի, որ հետզհետե ընկղմվում էր փրփրալից սև ջրի մեջ և լուսավորում գլխի վրայի ամպերը, նրանց եզերքներին վարդագույն աննման ժապավեններ կազմում և դիմացի մի այլ ամպի էլ բոցավառ ու անշարժ խարույկի տեսք տալիս։

Նավավար Թորոսն այդ միջոցին նավակի քիթը ցցել էր ավազի մեջ և մի քանի գյուղացիների օգնությամբ նավակն էր մտցնում ոչխարները։

Մինչ այդ՝ արեգակը հետզհետե ընդղմվում էր, ամպերը մեղմացնում էին իրենց բոցը, լուսո շառավիղը աղոտանում էր, ծովը թանաքի գույն ստանում, կոհակները մեծանում էին, ֆոսֆորային կայծեր արձակում և միմյանց մղելով՝ գալիս շառաչյունով փռվում էին ոտներիս տակ։ Եվ Առտերը թաքնվում էր խավարի մեջ, Կտուցը անորոշ կերպարանք ստանում ու եզերային ծառերը և գյուղերը նմանում էին մռայլ ստվերների։

Մի ձայն սթափեցրեց ինձ։ Քահանան էր. ձեռին բռնել էր մեծ կապոց, ապա մի հողե աման։

Գնանք, որդի, ասաց նա, նավ մտնենք։

Ու մտանք։ Պատրաստ էր։ Քահանան քղանցքը ծալերով ոլորեց, մեջքի վրա ցցեց, կապոցն ու գինին ցած դրավ ոտների մոտ։ Հետո, երբ ես կռթնած կայմին՝ նայում էի սև ջրերին, դարձավ դեպի արևելք և կարդաց.

Տեր, ուղղեա մեզ զգնացս մեր…

Եվ այդ խուլ աղոթքը, խառնվելով կոհակների շառաչյունին, նավակի ծփման ու Թորոսի՝ պարբերաբար նավակից շերեփով ջուր դուրս թափելուն, մի խոր տպավորություն էր սփռում շուրջը։

Բարձրում, գյուղի մեջ, տեղ-տեղ պլպլում էին ճրագներ, հեռուն՝ անտառի ծայրերում, երևում էին նախրորդների և ածխագործների կրակները. իսկ անտառի ստորոտներն ընկղմվել էին խավարի մեջ։

Վերջապես շարժվեցինք։ Թորոսը դադարեց ջուր դուրս թափելուց, հրամայեց առագաստ պարզել և թռավ ափի վրա, որպեսզի նավակը ջուրը մղե։

Ծովի տարածության հորիզոնից սկսում էր երևալ լուսնի կեսը՝ արծաթազօծ կողերով հայելու նման, և լույսի մեջ ողողել դողդողջուն ջուրը։

Սիրուն է, չէ՞, մեր ծովը, ասաց քահանան,– մարդ նայելուց չի կշտանում… Բայց շատ էլ կատաղի է անիծածը… Աստված անի, որ փոթորիկ չբարձրանա…

Հետո դարձավ նավավարին և գոչեց.

Թորոս, փոթորիկ կունենա՞նք։

Չէ՛, տե՛ր–հայր։

Մեջքը դեմ էր տվել նավակին։ Ասաց, ուժ տվավ, սահեցրեց դեպի ջուրը և ապա ցատկեց նրա մեջ ու դարձավ նավաստիներին։

Առագա՜ստը… աղաղակեց նա։

Ու նավակը շրջան գործեց, պատռեց ջուրը. առագաստը արագությամբ բարձրացած՝ ուռավ, մենք ծռվեցինք մի կողմի վրա ու առաջ սլացանք։

Յա Նարեկա սուրբ ճգնարան, ասաց Թորոսը, քոլոզը հանեց, խաչակնքեց, հետո նորից դրեց և, որպես թե խոսքը կիսատ էր թողել, դիմեց քահանային.

Չէ՛, տե՛ր-հայր, աստծու ողորմությունով փոթորիկ չենք ունենա. բայց ալեկոծության խոսք չունեմ, քիչ–միչ…

Նավակը սլանում էր և հետքերի վրա պայծառ գիծ թողնում. երբեմն կողը այնքան ծռում էր, որ ձեռքս կոխում էի ջրերի մեջ և թույլ տալիս, որ մատներիս ծայրերից կաթկթեն շողշողուն շիթեր։

Կղզիներն անհետացել էին. խավար խորքի մեջ ափն էր, այսինքն, Նեբրովթ և Գրգուռ լեռների կույտը և հեռվում Սիփանը իր ձյունափայլ կատարով։ Փչում էր ծովային զով, գրեթե ցուրտ քամի։

Քահանան ցրտից սկսել էր դողալ, մեկմեկու վրա գինու բաժակ էր դատարկում ու մռմռում.

Կարծես ցուրտ է, հը՞… չե՞ս ուզում, վարժապե՛տ։

Ու ինքն էր խմում։ Ես էլ խմեցի, մի բաժակ էլ Թորոսը կոնծեց, հետո բարձրացավ դեպի մեզ իջնող ցանցաձև հովանոցը և ծածկեց նրան մի կտավով։

Խմեցեք…,– բացականչեց քահանան տաքացած, կեր, արբ և ուրախ լեր… առ, առ սա փոխինդից… մի տաղ էլ ասա՝ լսենք. կարդացվող մարդ ես, ազգային տաղեր շա՜տ կգիտենաս…

Եվ ես, նայելով իմ հայրենի ծովին, հիշեցի հայ բանաստեղծի խոսքերը.

Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ…

Ու երգեցի. ձայնս տարածվում էր ջրերի վրա դեպի հեռուները և կարծես դողդողում էր թարմ օդի բարձրերում։

Ծովի ալիքները մեծանում էին, նավակը սկսում էր մեծապես շարժել։ Քիչ հետո քահանան պառկեց, իսկ ես մի տեսակ անշարժության մեջ, աչքս լուսնի շողքի տակ սրթսրթացող կապույտ ջրերի վրա հառած՝ խորասուզվեցի երազների մեջ…

Թորոսի ձայնը սթափեցրեց ինձ։

Կմրսես, վարժապե՛տ, ասում էր նա. քնի՛ր. հիմա մեծ ալեկոծություն կսկսի։

Քունս չի տանում, իսկ ալեկոծությունը սիրում եմ։

Ուրեմն այստեղ ինձ մոտ արի, որ ալեկոծություն տեսնես… նստելու տեղ կա։ Բայց ծածկոցդ վերցրու, որ մեջը փաթաթվես։

Վերցրի ծածկոցս և Թորոսի կողքին տեղավորվեցի։

2

Կատաղի ծով ունենք, խոսեց Թորոսը, անցյալ տարի հենց այս կողմերումն էր, որ մի Ավանցու նավակ ընկղմվեց և մոտ քառասուն հոգի խեղդեց։

Քառասո՜ւն…

Մեջն էլ մի քահանա կար ու երկու կանայք։ Աղթամար ուխտի էին գնում խեղճերը… Տե՛ս, վարժապե՛տ, քիչ դեպի աջ նայիր. այդ ալիքները տեսնո՞ւմ ես. մեծանալու–մեծանալու են և ծովը օրորեն… ըհը, եկան… չվախենաս…

Հեռվից, իջնելով ու ելնելով, թանձր կանաչագույն մի քանի խոշոր կոհակներ, հավաքվելով ուրիշ շատերի հետ, մեծացան ու հուզված, սլացան դեպի նավակը։ Մի ընդհանուր շարժումով ջրերը նավակի չորս կողմից ետ քաշվելով՝ փոսացան, ապա նորից դիզացան եկող կոհակների հետ, և երբ նավակը շյուղի պես նրանց կատարի վրա էր թռնում, պայթյունով ճայթեցին նրա կողին ու ջրի մի լեղի անձրև տեղացին մեզ վրա։

Այս առաջինն է, ասաց Թորոսը և ղեկը դարձրեց։ Դեռ սա ի՜նչ է որ, շարունակեց նա, այնպե՜ս սոսկալի սարեր են կազմում, այնպե՜ս կատաղաբար, երկու, աժդահաների նման, միմյանց վրա գահավիժում ու թավալում, որ, աստված մի՛ արասցե, եթե նավակը մեջն ընկնի, փշուր–փշուր կլինի… Բայց փոթորիկ չենք ունենա… Հրամանքդ առաջին անգա՞մն ես մեր ծովի վրա…

Առաջին անգամն է։

Շնորհքը կտեսնես մի քիչ… Անցյալ օրն էր, որ տակովն արավ հինգ նավակ՝ բոլորն էլ ցորեն և ոչխար բարձած։ Մի ամբողջ գյուղի տունը գրեթե ավերեց, ունեցած–չունեցածը ջուրը թափեց…

Ծախելո՞ւ էին տանում։

Այո՛, Վան էին գնում… նավավարներից երկուսը ազատվել են, մյուսները խեղդվել։

Ձե՞ր գյուղերից էր։

Ոչ… Ալչավազից էին. լուրը երեկ բերին մեզ… Բայց, վարդապետ, չէ՞ որ ալչավազցոց ցավերն էլ մերինների նման են. մեր սիրտն էլ են դաղում նրանց դժբախտությունները… Անցի՛ր ձախ կողմս, որ էլի չթրջվես։

Անցա ձախ կողմը։ Նորից մի ալիք պայթեց նավակի կողի վրա և լվաց նրա ցռուկը։

Այո,– շարունակեց Թորոսը, ծովն անգամ զուլումանում է մեզ։ Սրանից տասն օր առաջ հարկահանի ցորենաբարձ նավակները ճանապարհ ընկան։ Մի զարմանալի՛ բան էր… Առաջին օրը ծովը փոթորկից տրաքում էր. բայց հանկարծ հանդարտեց, և անիրավությամբ հավաքված ցորենը տեղ հասավ անվնաս… Այդ դեմքը ծուռ մուրտառին տեսնո՞ւմ ես…

Ո՞վ։

Լուսինը… Այնպես լուսավորել սկսեց, որ կարծես թե ծաղրում էր մեզ։ Իմ նավակը բերնեբերան լցրել էին… Ոստան իջանք. մի հատիկ իսկ չկորսվեց. հարկահանի ոտքը ուրախությունից գետնին չէր դիպչում…

Դիպվա՜ծ… ասացի ես։

Դիպվա՞ծ… գոչեց Թորոսը բարկությամբ և աջ ձեռքի թիակը դեմ տվավ. դիպվա՞ծ… Ինչո՞ւ այդ դիպվածը քոռանում է, երբ մեր արդար քրտինքն է մեջտեղ գալիս, երբ մեր ցորենն է գնում, մեր ոչխարները… Չ՚է, վարժապետ, մենք մի անիծված ազգ ենք…

Այդպես մի խոսի, Թորոս, մենք ի՞նչ ենք արել, որ անիծված լինենք։

Չգիտեմ. հավատա, որ չգիտեմ… Ապա ինչո՞ւ ամբողջ տարին ապրում ենք, սիրտ ենք մաշում, դողում ենք, երբ երկնքի վրա ամպ չկա, ուրախությունից գժվում, երբ անձրև է գալիս, ահագին կռիվներ ենք սարքում միմյանց մեջ՝ մի հասկ ցորենի համար, մեր բերնից կտրում ենք, մեր երեխայոց մերկ թողնում, արևի տակ ճենճերվում, խանձվում ենք, ձեռքներս կոշտանում… Քամում ենք, հավաքում, աշխատում ենք մի խիլ անգամ չկորցնել և հետո՞… հետո գալիս են մի սյուրու գայլեր, խփում են մեր գլխին և մեծ մասը տանում, իսկ մյուսը, երբ ուզում ենք գործադրել ծովն է կուլ տալիս… Է՜հ… արեց, հուզմամբ դարձրեց ղեկի բռնատեղին և նայեց լուսնին։

Ձեզ ո՞վ է ասում տվեք՝ ինչ-որ ուզեն, ասացի ես, եթե մեծ մասը չտաք, այս փոքր մասի՝ ջրի մեջ կորսվելը, որ պատահմամբ է լինում և ո՛չ միշտ, ձեզ շատ չի վշտացնի։

Չտա՜լ, չտա՜լ… Մի քանի տարի է, որ քեզ նմանները այդպես են գոռում… Չտա՜լ… Ինձնից ավելի համարձակ, ինձնից ավելի ընդդիմադրող չկա գյուղում… Եվ ինձնից ավելի վնասվողն էլ չկա։ Գյուղացիք անգամ ինձ անվարվեցող են կոչում, նախատում են… անունս «ծուռ» են դրել. հարկահավաքին էլ ասում են՝ «բանի տեղ մի դնի, Թորոսը հանաք է անում»… Եվ հարկահանն էլ ինձ «կատակով» ավելի է նեղացնում, ինձնից ավելի վերցնում, հետո նույն տեսակ «կատակով» նավակս լցնում և հրամայում, որ ձրի փոխադրեմ… Աստված է վկա, քանի՜–քանի՜ անգամ ուզեցի նավակը ընկղմել, ցորենն էլ ու շահնային էլ ջուրը թափել, ինձ էլ հետը, բայց… այս անիծած կրծքի տակ սիրտ կա, խիղճ կա…

Եվ երկու ուժգին հարված տվեց կրծքին, որից դուրս թռավ մի խոր հառաչ։

Իմ ձեռքս չէ՞… շարունակեց նա, ա՜յ, որ ղեկը այսպես դարձնեմ, ալիքները դեմ կգան ու կփշրեն ամեն ինչ։ Ո՞վ կիմանա… Ես էլ լողալով կամ կազատվեի կամ ոչ… շատ էլ մեկ ազատվելու պետք չունեի, կմեռնեի՝ այդ ավելի լավ էր… Բայց վերև աստված կա, որ դատում է մեզ, այստեղ խիղճ կա։ Ո՞ր մեկին ջրով անես, ո՞ր մեկի հավաքածը ջուրը թափես. ինչո՞ւ, դրանով կազատվե՞նք այդ անիրավներից… Այս ալիքները տեսնում ես. հավատացած եմ, որ եթե նավակիս միջի ոչխարները Մկրտիչ աղայինը՝ վաշխառուինը չլինեին և ինձ կամ գյուղացու պատկանեին, իսկույն նավակը շուռ կգար, կփշրվեր… Բայց անիրավ ապրանք է, և պիտի տեսնես՝ ողջ տեղ է հասնելու։ Մի պապիրոս չունե՞ս, վարժապետ…