Մոռացված շիրիմ
(Նվեր Ա....-ի հիշատակին)
Դո՜ւ, փափկաթև անուշ հովիկ,
Ո՞ւր այդպես լուռ մըրմնջելով՝
Կը սավառնիս մեղմիկ-մեղմիկ,
Ծաղկանց ոգի ներշընչելով:
Դեպի թավուտքն նոճիների,
Որք մենավոր կծածկեն շիրիմ,
Նվիրել համբույր փոշիների,
Որ հայրենյաց էր մտերիմ:
Իսկ դու, սոխակ, բարի հրեշտակ,
Այդպես քաղցրիկ և հանդարտիկ,
Տերևախիտ այդ ծառի տակ`
Ո՞ւմ կնվիրես քո մեղեդիք:
Ես երգում եմ զոհի մ’աճյուն,
Որ կամփոփե այդ սուրբ դամբան,
Ի սեր ազգին թափեց արյուն,
Ճշմարտության էր նա պաշտպան:
Կանաչագեղ դուք վարդենիք,
Զերթ քույրիկներ ջերմ` կարոտով,
Մի՞թե եղբայր գըրկած ունիք,
Կը փայփայեք անուշ հոտով:
Այո՜, եղբայր: Այդ գերեզման,
Ուր կա ազգի մի նահատակ,
Նա ուներ կամք, սեր անսահման,
Պաշտելի է յուր հիշատակ:
Իսկ սիգաճեմ դշխոյդ երկնից,
Ո՞ւր նազելով այդպես հուշիկ,
Արծաթափայլ քո վարսերից
Կը թափես շողերդ անուշիկ:
Դեպ այդ ձորը Մասյաց լերին,
Ուր մի շիրիմ` կծածկեն սոսիք,
Հավերժ հարսունքն Արմավիրին
Նորա շուրջը կհյուսեն դափնիք:
Ո՞վ է դրած շիրմի միջին,
Դու խո՜ գիտես, ասա՜ լուսին,
Ես էլ գնամ տամ մի համբույր,
Տանեմ ծաղկունք վրան բարեբույր:
Երիտասարդ մի դրած է անդ,
Անխոնջ գործիչ հայրենիքին,
Որ յուր ջանքը և ջերմ եռանդ
Ողջ նվիրեց նորա փառքին:
Փլատակների հին մոխիրից
Կուզեր կանգնել հայությունը,
«Այբ ու բենի» մեջ էր գտնում
Նորա միակ փրկությունը:
Հայի արտասուք նա սրբում էր,
Ազատության էր միշտ պաշտպան,
Նա չուներ սուր, մարտնչում էր,
Նորա զենքն էր գրիչ ու բան:
Բռնակալի ձեռքն դավաճան,
Բարօրության միշտ անհամբեր,
Նորա կյանքին տվեց վախճան
Հասուց հարվածք յուր մահաբեր:
Այդ շիրիմն, որ Հայաստանի
Կրում է զոհն յուր միջում,
Այժմ մոռացված է հայերից,
Իմ արտասուքն է նորան թրջում: