Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Րաֆֆի

Սկզբունք կրթության

Արմենուհի, ազնիվ տիկին,
Քեզ մատա՛ղ լինի իմ հոգին,
Երբ ստինքեն քո մայրական
Կըծորես կաթն քո մանկեկին՝
Դու ներշնչե՜ նորա սրտում
Սեր հայրենյաց, սերն յուր ազգին:

Երբ օրորոց քո մանկեկին
Կըօրորես, ազնիվ տիկին,
Երբ աչերուն նորա պարզ-ջինջ`
Կըհրավիրես քաղցրիկ նինջ՝
Դու անուշիկ՝ այդ երգ քնքշիկ՝
Երգե՜ նորան՝ ուշիկ-ուշիկ.

Նանի՜կ, նանի՜կ, իմ աչաց լույս,
Խեղճ հայրենյաց դու միակ հույս,
Նանի՜կ և շուտ մեծացի՜ր դու,
Ընկած ազգիդ եղի՜ր ձեռնտու:
Սիրե՜ Հայաստան, սիրե՜ հայ ազգը,
Սիրե՜ դու նորա ժպիտն, արտասուքը:

Արմենուհի՜, ազնիվ տիկին,
Երբ նստած մոտ տաք օջախին,
Ընտանեկան քո շրջանում
Հեքիաթ կասես քո երեխին,
Առասպելներ պառավախոս
Մի՜ սերմանիր նորա գլխին:

Դու պատմի՜ր, տիկին, վեպը հայ ազգին,
Նորա քաջերի արությունք նախկին,
Նորա վատերի գործն ամոթալի,
Բյուր չարիքներով և արյունով լի: