Պոետ
Թո՜ղ կույր ամբոխը ծաղրե քեզ, պոետ,
Թե երազամոլ քո հոգվո ցնորք`
Դարուս իրական պահանջմանցը հետ`
Էլ չէ համաձայն, զո՛ւր է քո շնորք:
Եվ խաժամուժի պետք չէ քեզ գովեստ,
Թո՜ղ ասեն՝ մարդու կյանքը գործնական
Պահանջում է հաց, ապրուստ և արհեստ,
Եվ ոչ սնոտիք բանաստեղծական:
Դու, մուզաների որդի սիրելի,
Անվեհեր սրտով հնչեցո՜ւր քնար,
Երգ քո ոգելից, վերին ազդմամբ լի
Մինչև հավիտյան կըսիրե աշխար:
Թո՜ղ արհեստասեր չոր փիլիսոփան
Քարոզե կյանքի մարմնավոր հոդված,
Բայց դու, հոգեկան խորհրդոց թարգման,
Քո սուրբ շրթունքով խոսում է աստված:
Երգե՜ դու պոետ, երգե՜ երգ անուշ,
Հնչեցուր քնարիդ լարերն ուժգին,
Եվ ոգևորված քո տաղեր քնքուշ
Գուցե զարթեցնեն հայի քնած հոգին…