Ոսկու մադան
Աղքատությունից հանկարծ մի պարոն
Եղավ բախտավոր, արծաթով հարուստ,
Տալիս էր խնջույք, գնում էր թատրոն,
Ուներ ճոխ սեղան և հանգիստ ապրուստ:
Նա շինեց մի տուն` մեծ ու փառավոր,
Մուտքն էր պատած պարտեզ, բուրաստան.
Եվ մարդիկ ամեն` աղքատ, մեծավոր`
Նորան հայրությամբ միշտ գլուխ կըտան:
Եվ զարմանալու չըկա մի առիթ,
Միշտ հեղաշրջիկ անիվը կույր բախտին,
Հանկարծ բարձրացնե մեկին մինչ զենիթ,
Մյուսին գլորե դեպի խորն անդնդին:
Բայց մարդկանց զարմանքը չափիցն անցավ,
Որտեղի՞ց արդյոք այդ նոր Կրեսոս
Առանց քրտինքի ոսկու տեր դարձավ,
Այդ հարցի լուծումն էր դժվար, ափսո՛ս:
Թե ինձնից հարցնեն, այս է պատասխան`
Գանձարանումը նա մի ժամատան
Ամբողջ տաս տարի էր նա երեսփոխան,
Ուր գտավ առատ նա ոսկու մադան…