Տնային փեսա
Ա
Գարնան թարմ և փափուկ երեկոներից մինն էր։ Արևի վերջին ճառագայթները դեռ ոսկեզօծում էին Կազբեկի ձյունապատ գագաթը։ Ժամատներից լսելի էին լինում մեղմ-բարեպաշտական հնչումները զանգահարության։ Հավլաբարի պառավ կնանիքը ծածկված իրանց սպիտակ չարսավներով, շտապում էին աղոթելու։
Նույն ժամուն Դուրկալենց Շուշանը, թևքերը ծալած, կաբայի փեշքերը գոտկումը խրած, լվացքի լագանը ձեռին, դուրս եկավ յուր փոքրիկ տնակի դռանը, և նայելով յուր չորս կողմն, երբ տեսավ անցնող չկա, շուռ տվավ լագանն յուր դռան առջև և սապնախառն ջուրը սպիտակ պղպջակներով անհետացավ փոշիներով պատած գետնի մեջ։
Փողոցի մյուս ծայրից երևեցավ պառավ Մաքթաղը, ձեռին բռնած մի քանի հատ մոմ։ Նա յուր հետ բերում էր յուր ջուխտակ թոռնիկներն, որոնց ամեն մինը նույնպես բռնած ունեին մի֊մի հատ փոքրիկ մոմեր։
Ո՞ւր ես էդենց շտապով գնում, Մաքթաղ ջան, հարցրուց նրանից Շուշանը, լագանը դնելով գետին։
Փեթխաինն իմ գնում, Շուշան ջան, օղորմած կենա, գնում իմ համբուրելու, պատասխանեց Մաքթաղը ջերմեռանդությամբ։
Էրնե՜կ քիզ, Մաքթաղ, վուր վուխտ ունիս համբուրելու, ես կի՛ մեր սուրբ Մինասն էլ չիմ կանացի գնա։
Վերջին խոսքը չդուր եկավ Մաքթաղին, և նա զարմանալով Հարցրուց. Ի՞նչի քա'։ Գանա կիրակնամուտ գիշերին էլ յի՞տ կու նրնկնին ժամիցը։
Է՞հ, ինչ անիմ, Մաքթաղ ջան, խղճութինը դժար բան է, հոգոց հանելով պատասխանեց Շուշանը։ Էսօր առուտեմեն կցած մատնիրս տրորվեցան շատ լվացք անելեմեն։ Իմ Նատոն էլ ջիր չի պոծի ութո քսելը։
Լսելով Նատոյի անունը մի նոր միտք ծագեց Մաքթաղի գլխում։ Նա փոխեց յուր խոսքը։
Լավ արիր, վուր միտս բերիր, ասա' թե քու աստուծը կու սիրիս, ո՞վ է էն ջհել տղեն, վուր չուստ֊չուստ ձիր տունն է գալիս։
Շուշանը փոքր֊ինչ շփոթվեցավ․
Ղարիբ օքմին է, Մաքթաղ ջան, էնպես գալիս է էլի՛. խան լվացք է բերում, խան կարկատան է բերում, շատ գամ էլ գալիս է էնպես խոսելու։
Ո՞վ է, վու՞ր տղանցի է։
Ղարաբաղցի է, Մաքթաղ ջան, մինծ մարթու վուրթի է՝ կի։ Ինքն ասում է, վուր հերն էնդի մելիք է. շատ փուղ ունի, ասում է, բաղ, բաղչա, մուլքեր ունի, կոսե։
Այդ խոսքերը շարժեցին Մաքթաղի զարմացքը:
Լա՛վ, ասաց նա, թե վուր էդենց մարթու վուրթի է, բաս ինչի է միո քաղքումը պարապ թրև գալիս։
Չիմ իմանում, Մաքթաղ ջան, իրան վուր հարցնում իս ասում է միթոմ հորմեն խռովիլ է ու միր քաղաքն է էկի։ Հերը կի հենց մի գլուխ գրում է՝ վուրթի ջան, հերի՛ք մնաս ղարիբ երկրումը, թող արի , տուն ու տեղիդ տիրութին արա. ամա ինքն կի՛ չէ գնում։
Բաս էստեղ ի՞նչ պիտի շինի։
Ասում է մաղազիա պիտիմ բաց անի, վուր լավ-լավ ապրանքնիր ծախեմ։
Իժում փող ունե՞։
Հիմի չունե, ամա ասում է, էնքան կու մնամ, ինչկլի հերս մեռնի, իժում կեհամ, նրա մուլքերը կու ծախիմ փող կու շինիմ։ Մաքթաղի խոժոռ դեմքի ծալքերը շարժվեցան մի հեգնական ծիծաղով։ Էդ լա՜վ բան է, Շուշան ջան, բաս դու աղոթք արա, վուր շուտ մեռնի։
Վո՞ւնց թե աղոթք անիմ, շփոթվելով հարցրուց Շուշանը,
Էլ ի՛նչ ասիլ կուզե, պիտի աստծուն աղաչանք անիս, վուր մուրազիդ շատ հասնիս... Շուշանը ձևացրուց դժգոհության նշաններ, Ի՞նչ մուրազ, ինչե՞ր ես խոսում, Մաքթաղ, խոսեց նա երեսը շուռ տալով։
Գանա չիմ գիտի վուր ուզում իս Նատոյիդ էն տղին տա, վուր տանու-փեսա շինիս։
Չէ', խաչը գիտենա։
Մաքթաղը շարունակեց յուր ճանապարհը ասելով, ինձ Զիկլոինց Մաքթաղ կոսին, Մաքթա՛ղ, չի՞ս գիտի վուր ծտերն ինձ համա խաբար ին բերում։
Շուշանը ոչինչ չպատասխանեց, մտավ տունը։
Բ
Մի նեղ բակ երկու փոքրիկ սենյակներով, շրջապատած տախտակամածով, ներկայացնում էր այն տնակն, ուր ներս մտավ Շուշանը։ Այդ բնակարանը նրան չէ պատկանում, այլ վարձած էր խիստ թեթև ամսականով։
Բակի մի անկյունում ուրագը ձեռին գործում էր մի հյուսն։ Նա կամ տաշում էր, կամ մեխում էր և հարմարեցնում էր տախտակները։ Նայելով նրա ձյունի պես սպիտակ մազերին' նրան կարելի էր համարել վաթսուն տարեկան ալևոր, բայց մարմնով նա տակավին առողջ էր, ժիր և գործունյա։ Նրա երեսի խոշոր գծագրությունն՝ յուր տխուր արտահայտություններով՝ բոլորովին համապատասխանում էր յուր կոշտ արհեստին։ Նա դագաղ շինող էր։
Ուստա Գրիգորն այդպես էր նրա անունը Շուշանի ամուսինն էր։ Նրա մոտ անհամբեր դեմքով կանգնած էր մի մշեցի համալ հսկայական հասակով և շտապեցնում էր շուտ վերջացնել դագաղը։
Հավա՜ր, բաբոք թեզ արա', խըլսուն է, տասը քափեկս կկորի, անդադար կրկնում էր մշեցին յուր հայրենական բարբառով։
Հե՜յ, Թոմաս աղա, դու թե չմեռնեիր, մշեցին չէր կարող տանել քո տասը կոպեկը... բացականչեց հյուսնը շարունակնլով յուր գործը։ Աստված օղորմի անոր խոգուն, ասաց hամալը։
Աստծու ողորմությունը թո՛ղ նապաստակի նման նրա գերեզմանի վրիցը թռչի, կտրեց մշեցու խոսքն ուստա Գրիգորը:
Ի՞նչու, աղեկ մարդ մը չէ՞ր Թոմաս աղան։
Լավ էր նրանով, որ շուտ մեռավ։ Աղվեսն էն ժամանակն է պետք գալիս, երբ որ սատկում է:
Թոմաս աղան ասա՞նկ մարդ էր, հարցրուց մշեցին։
Հա՛։ Այս շաբաթ մի քանի այդպիսիների համար դագաղ շինելու բախտն ունեցա, մինն եկեղեցո գանձապետ էր, մինն՝ հացի փոդրադչիկ, բայց մյուսը վաշխառու։ Ա՜խ, որքա՜ն ուրախ բանում է իմ ուրագն, երբ որ այդպիսիների համար դագաղ է շինում։
Երբ մեռնողս ա՞ղեկ մարդ է։
Այն ժամանակ ես ուրախ չեմ, ինչպես քանի օր առաջ շինեցի մի դագաղ վարժատան աշակերտի համար։
Ծերունի հյուսնի ուշադրությունը գրավեց տխուր երգի ձայնն, որ լսելի էր լինում փոքրիկ սենյակից։
« Ես սրտումս դարդ ունեմ,
«Ես սրտումս դարդ ունեմ,
«Փշով պատած վարդ ունեմ,
«Մերի՛կ, մերի՛կ, քոռանաս,
«Ես ատելի մարդ ունեմ»:
Այդ նրա դստեր Նատոյի ձայնն էր, որ նույն ժամուն ութո էր քաշում և երգում էր։
Նատո՛, Նատո՛, ձայն տվեց ծերունին։
Ի՞նչ է, հայրիկ, լսելի եղավ մի քնքուշ ձայն։
Ե՛կ էստեղ:
էս նիմուտին, հայրիկ, մի շաբիկ է մնացել ութոյելու:
Շուտով հայտնվեցավ սենյակի դռանը մի բարձրահասակ օրիորդ՝ թուխ աչքերով, սև մազերով, վարդ թշերով։ Նա յուր հասակի այն տարիներումն էր, երբ կուսական գարունքը դեռ նոր սկսել էր ծաղկել յուր ջերմ-մանկական թարմությամբ։
Ե՛կ դագաղի խուփը մախմուրով պատե, զանջիրաները մեխե, ծաղիկները կպցրու։ Դրանք քո գործն է, ասաց աղջկան հայրը։
Է՜հ, հողեմ նրա գլուխը, ծաղիկներ էլ պիտի կպցնեմ,- ատասխանեց Նատոն դժգոհությամբ։
Այդպես են պատվիրած, որդի։
Հայրիկ այն ժամանակ տուր ինձ վարդեր շարեմ, երբ ջեհելի համար է դագաղը։ Այդ փառքը հարուստներին է, որդի, նրանք մեզ նման աղքատներից խլած փողերով իրանց դագաղն են զարդարում...
Կրո՜ղը տանե նրանց, ի՞նչու են էդպես անում։
Որ էն կինքումը սատանաները հոտ քաշեն։
Ով գիտի, ուրախանում կլինեն սատանաներն, երբ որ էդ ծաղիկները կտեսնեն. էնպես չէ՞, հայրիկ, հարցրուց Նատոն ինքն ևս մի աոանձին ուրախությամբ նայելով նրանց շքեղության վրա։
Էդ բոլորը կէրեն դժոխքումը, պատասխանեց հայրը:
Վա՛յ, կէրե՞ն... կրկնեց Նատոն սարսափելով:
Բա՛ս, էրում են երբ որ դագաղը հարամ փողով է շինվում, վերջացրեց ծերունին։
Երբ որ հալալ փողով է շինվում, էն ժամանակ ի՞նչ են անում։
Սուս կա՛ց, Նատո, շատ բան որ սորվես, շուտ կպառվես, ասաց նրան հայրը շարունակելով յուր գործը:
Նատոն լռեց, և առնելով մի փոքրիկ մուրճ, սկսեց օզնել յուր հորը։
Օրը կիրակի էր։ Արեգակի ճառագայթներն ուրախ ժպիտով խաղում էին Շուշանի տան կոտրատված ապակիների հետ: Վաղորդյան զեփյուռը ծավալվում էր փափուկ և հովասուն թարմությամբ։
Մանկահասակ աղջիկները, զարդարված տոնական հագուստով, որը կանգնած էր իրանց դռան շեմքի վրա՝ գաղտուկ նայում էր փողոցում անցուդարձ անողներին, ժպտում էր և թաքցնում էր յուր գլուխն, երբ որ մի տղամարդ էր գալիս։ Որը՝ դեռ չէր հեռացել հայելուց, կոկում էր յուր դեմքը և զարդարում էր իրան: Ոմանք՝ հավաքելով իրանց կտուրների վրա, կամ նեղ բակերի մեջ՝ մի խումբ մեծ և փոքր աղջիկներ, դայիրա և դիպիլիպիտոն էին ածում, տաշի խփում և հերթով պար էին գալիս։ Ամեն տեղ տիրում էր ուրախություն, լսելի էին լինում ծիծաղ և հանաքներ: Իսկ Նատոն միայնակ և լուռ նստած էր յուր փոքրիկ սենյակում, նրա տխրամած դեմքր չէր ցույց տալիս ոչինչ ուրախություն։ Նույն միջոցին ժամիցը ետ դարձավ նրա մայրը, Շուշանը, և տալով աղջկան մի պատառ նշխարք, ասաց.
Վա՛, աղջի, ջեր շուրերդ չե՞ս հագի։
Է՜հ, ինչի համար հագնեմ... պատասխանեց օրիորդն երեսը շրջելով:
Դու էլի լացել ես, աչքերդ կարմրել են:
Չեմ լաց էլի, գլուխս է ցավում:
Հիմա էլ աչքերումդ արտասուք կա, ի՞նչու ես ինձ խաբում:
Չեմ գիտում... պատասխանեց օրիորդը տխրությամբ։
Էլի իծանիրդ մո՞տ ին էլի։
Նատոն ոչինչ չպատասխանեց և կամենում էր սենյակից դուրս գնար:
Արի՛ չարսավս ա՛ռ, կանչեց նրա մայրր։
Նատոն առեց չարսավը, ծալեց մի կողմ դրեց և սկսավ մոր համար թեյ ածել: Շուշանը նստած էր փոքրիկ տախտի վրա լուսամուտի հանդեպ:
Զումշուդ բեկը էսօր չէ՞ եկել, հարցրուց նա։
Այդպես կոչվում էր նրանց ղարաբաղցի փեսացուի անունը։ Իսկ Նատոն փոխանակ ուղղակի պատասխանելու հարցրուց.
Դեդի, ինչկլի ե՞փ էդ տղեն միր տուն պիտի գա ու գնա։
Հուղե՜մ քու տուտուց գլուխը, պատասխանեց Շուշանը հեգնական ժպիտով. միթոմ դու ուրախ չե՜ս վուր նա գալիս ու գնում է...
Ի՜նչ ունիմ ուրախանալու... հարևաններն ինչ ասիս ինձ վրա ին ասում... ամենի բերնի՛ մաստաքն ես իմ դառի...
Նրանց աչքն էլ տրաքի՛, բարկանալով պատասխանեց Շուշանը:
Այդ խոսակցությանը վրա հասավ ուստա Գրիգորը։ Լավ ես ասում, ա՛ կնիկ, ախար բանը բանի նման չէ, է՛, հարևաններն ի՛նչ մեղք ունեն, որ բամբասում են...
Շուշանն ավելի բարկանալով կտրեց ամուսնի խոսքը.
Ա՛ մարդ, էդ քու խելքի բանը չէ՛, ծիտը ձլիվ մե ղափասի մեջն իմ ձգել, հիմի դուն ուզում իս թռցնի՞...
Դուն դեդի, մեջ մտավ Նատոն արտասուքը սրբելով, դուն իմ բողազը պիտիս դուս կտրի, վունց որ տեհնում եմ...
Օրիորդը էլ չսպասեց պատասխանի, սենյակից դուրս եկավ։
Իմ հոգին գիտենա, դրուստ է ասում Նատոն, ասաց ուստա Գրիգորն աղջկա դուրս գնալուց հետո։ Ջեր չնշնած տղին ախար վո՞ւնց կուլի տուն թողնել, գանա էդ քաղաքի նամուսը ձլիվ գնացե՞լ է։
Լավ ես ասում, Գրիգոր, կտրեց Շուշանն ամուսնի խոսքն. ես էլ գիտեմ վուր էդենց է, ամա անիծվի՛ հիմիկվա ադաթը... Ի՞նչ անեմ, վո՞ւր ջուրը նընկնեմ... Աղջիկս հասիլ է, մոտ տասնութը տարեկան է դառի, հիմա մարդու տալու վախտն է։ Մենք երկուսս էլ աղքատ մարդիք ենք. դու ձլիվ կարում ես քո, ուրագով միր օրական հացը դադել: Ես էլ, տեհնումիս ինչպես չարչարվում իմ ջեր էս ամսվա տան քրեհը չիմ կարացի տալ։ Տանտերն ամեն օր գլուխս տանում է, փուղ է ուզում։ Դե՛, արի դու փուղ ու բաժինք բե՛ր, վուր աղջիկդ իրա ուզած մարգին տաս: Վո՞ւր տեղից պիտի բերես։ Ու առանց փուղ ու բաժինքի էլ, դու գրտես վուր մեր քաղքումն աղջիկ չին ուզում։ Անիծվի՛ էդենց ադաթը... Հիմա ձլիվ մե խամ օքմին իս գթի, ղարիբ տղա է, էստեղի ադաթը չէ իմանում. ասում է, Նատոն սիրուն է, ես առանց փուղի էլ կու պսակվիմ։ Հիմա դուն ինձ ասա՛, ա՛ մարդ, կուլի՝ վուր էդ թավուր տղին մեր ձեռնեմեն թող տանք։
Շուշանի այդ երկար մոնոլոգը դարձյալ չկարողացավ հանգստացնել նրա ամուսնին և նա պատասխանեց.
Էդ ամենը դրուստ ես ասում, Շուշան. ամա դուն են ասա՛, թե կնկան ի՛նչով պիտի պահե. դուն մեկ մուքթա փեսա ես գթի, որի ջիբերը գլխիցը ավելի դատարկ է։
Ի՞նչ է ասում, քա՛, ախար փուղավոր մարթու վուրթի է, հորես հերը կու մեռնի ու դովլաթն իրան կու մնա, ասաց Շուշանն ինքնաբավական հուսով։
Բալքա շուտ չմեռավ։
Չմեռավ մինք կու պահենք, տանու-փեսա կշինենք։
Էդ լա՛վ է... հեգնորեն պատասխանեց ուստա Գրիգորը:
Թե վուր վատ ըլի ինձանից պահանջի, ասաց կինը, դուն գործ չունիս։
Ես չնշնված տղին իմ տուն չեմ թողնի։
Իմ ուզածն էլ էդի է գալի է՛, ախար, ա՛ մարդ, դուն չես թողնում, վուր էս բանը գլուխ բերեմ։
Ես էդ գործեմեն իմ ձեռները լվացի, ես կնկտերանց բազառին խառնվելու գլուխ չունիմ, ասաց ուստա Գրիգորը և տնից դուրս գնաց, մոտեցավ մի խումբ մարզիկների, որոնք մի պատի
ստորոտը նստած, արևի շվարի դեմ, զրից էին անում։
Իսկ Նատոն, դուրս գալով սենյակից, երկար գլուխը ձեռքին հենած, խորին տխրության մեջ, նստած էր իրանց բակի ցածրիկ պատի հովանվո ներքև մի տախտակի վրա, երբ ներս մտավ նրանց դրացի Քեթոյի աղջիկը՝ Նինուցին։
Ի՞նչ կու տաս, վուր ասիմ, թե ո՛ւմ վրա էիր փիքր անում, ծիծաղելով ասաց Նինուցին և նստեց Նատոյի մոտ։
Է՜հ, Նինուցի, էրնե՛կ քիզ, վուր դարդ չունես, ու էդպես կանացիլ իս ծիծաղել, խոսեց Նատոն գլուխը բարձրացնելով։
Ե՞ս դարդ չունեմ... դո՛ւն չիս պիտի ունենա, դո՛ւն...
Ի՞նչի։
Նրա համար վուր Գիգոլին քիպ սիրում է։
Ի՛նչ անիմ, վուր սիրում է... կրկնեց Նատոն սառնությամբ։
Էլ ի՞նչ պիտիս անի, սարսաղ, մե էնթավուր սիրուն, ջեհիլ տղեն վուր աղջկան սիրում էլի, նա էլ դա՞րդ կունենա...
Բա՛ս չի՞ ունենա...
Է՛հ, հուղե՜մ քու տուտուց գլուխը... ինքն էլ չի գիտի ի՛նչ է խոսում, պատասխանեց Նինուցին քոքոլա տալով Նատոյի երեսին։
Նատոն րոպեական մտածությունից հետո պատասխանեց յուր ընկերուհուն. Դուն փո՛ւղ ասա, փո՛ւղ, անխի՛լք, հիմա միր սիրելն ո՞վ է հարցնում...։ Հազար կուզե աղջիկը սիրե, հազար կուզե տղեն սիրե, ո՞վ է այնումը գցում։ Նրանք էնենց կու մաշվին, էնենց կու մեռնին ու իրանց սերն էնենց գերեզմանը կտանին, ու դովրը էլի փուղավորին է մնում...
Անիծվի՛ էդենց ադաթը, պատասխանեց Նինուցին դեմքը խոժոռելով։
Նատոն ոչինչ չպատասխանեց, նրա գունատ դեմքի վրա արտահայտվում էր սրտի բոլոր հուզմունքը։
Ամա դուն էն ասա՛, Նատո ջան, Գիգոլին խոմ փուղ չէ ուզում, հարցրուց Նինուցին ցավակցելով յուր ընկերուհուն։
Գիգոլուն ո՞վ է մտիկ անում, պատասխանեց Նատոն տխրությամբ. խոսքը հորն ու մորն է։
Տղեն վուր ուզում է, քա ջան, հերն ու մերն ի՞նչ դավի ունին։
Փուղի դավի ունին, իմացա՞ր։ Երկու ընկերուհիների մեջ կրկին տիրեց լռությունը։ Նրանցից ամեն մինը մտածում էր յուր վիճակի վրա։ Երկուսն էլ պսակվելու աղջիկներ էին, երկուսն էլ փող չունեին։ (Ցավալի դրություն, երբ ամուսնական շղթան դարբնվում է արծաթի օղակներով...)։
Էն ղարաբաղցի տղեն ի՛նչ է ուզում, ընդհատեց Նինուցին լռությունը:
Է՜հ թաղեմ նրա գլուխն էլ... պատասխանեց Նատոն առանձին զզվանքով։
Ո՞վ է նա։
Ի՞նչ գիտեմ։ Կապ կտրածի մեկն, ո՛վ է:
Ասում են, դեդիդ ուզում է քեզ էն տղին տա։
Ուզում է։
Իժում դուն ի՞նչ ես ասում։
Ես ի՞նչ պիտիմ ասի...
Կգնա՞ս, էլի՛։ Գիգոլուն պիտիս թողնի՞, էլի՛։
Մունջ կա՜ց, թե աստուծ կսիրես, Նինուցի, դարդերս մի թազացրու։
Նինուցին տեսնելով Նատոյի աչքերի արտասուքը, լռեց։ Մի քանի րոպե նրանք տխուր կերպով նայում էին միմյանց վրա։
Լավ, աստված օղորմած է, մի լաց ըլի, բռնեց Նատոյի ձեռքից Նինուցին. դե՛, վիր կաց գնանք միր հարևան Սաբեդինց տունը. էնտիղ աղջիկները հավաքվիլ ին, պար ին գալիս։
Է՜հ, ի՛նչ պար գալու սիրտ ունիմ... ասաց Նատոն ետ քաշվելով։
Աղջի գժվի՞լ իս. էս կիրակի օրը վուչ շորերդ իս հագի, վուչ գլուխդ իս սանդրի. ով գիտե, երեսդ էլ չիս լվացի, ծիծաղելով առաջ տարավ Նինուցին։
Թո՛ղ տուր, թե աստված կսիրես։
Բայց Նինուցին չէր դադարում նրան քարշ տալով դեպի Սաբեդինց տունը, երբ սենյակից լսելի եղավ Շուշանի ձայնն, որ կանչում էր նրան։ Նատոն իսկույն թողեց յուր ընկերուհին և վազեց դեպի մայրը։ «Խե՜ղճ Նատո», ասաց Նինուցին և գնաց Սաբեդինց տունը պար գալու։
Նինուցին Նատոյի միակ ընկերուհին էր, որի հետ նրանք շատ անգամ մասլահաթներ էին անում, թափում էին իրանց սրտի դարդերը և մխիթարում էին մեկ-մեկու։ Այդ երկու աղջիկներն ոչինչ գաղտնիք չունեին միմյանցից։
Նույն ավուր երեկոյան պահուն Նինուցին կանգնած էր իրանց տանիքի վրա, որ կից էր Շուշանենց կտուրին և նայում էր դեպի փողոցը։ Նա անցավ Շուշանենց կտուրը, տեսավ Նատոյին իրանց բակումն, երբ ջրով սրսկում էր նա յուր ծաղիկները։
Նատո, Նատո, ձայն տվեց նա։
Նատոն վեր նայեց, տեսավ Նինուցին էր։ Ի՞նչ է, հարցրուց օրիորդը։
Դեդեդ տա՞նն է։
Տանը չէ՛։
Ապա ո՞վ կա ձիր տանը։
Ոչ ով չկա։
Էստի արի՛, բանիմ ասում։
Ի՞նչ իս ասում, էնտղանցեն ասա՛, էլի՛:
Էստղանց չիմ կանա ասի, դե վիր արի:
Նատոն բարձրացավ յուր ընկերուհու մոտ:
Արեգակի վերջալույսը դեռ խաղում էր եկեղեցիների խաչազարդ գմբեթների հետ։ Շրջակա տների կտուրները կանաչին էին տալիս նոր բուսած խոտով։ Կտուրների վրա տեղ-տեղ արածում էին փոքրիկ ուլեր և այծեր, և նրանց մոտ մի քանի ընտանիք, դուրս գալով իրանց խեղդված տնակներից նստած կանաչ խոտերի վրա, խմում էին երեկոյան թեյը և զվարճանում էին հիանալի տեսարանով։
Նատոն նայեց դեպի յուր չորս կողմը։ Տե՛ս, Նինուցի, ի՛նչ սիրուն կանաչիլ ին կտուրները, կոսես թե, մախմուռով ըլին ծածկված։
Հա՛, Նատո, պատասխանեց ընկերուհին խորին համակրությամբ. միր կտուրներին էլ միր սեյրանգահն է, ուրիշները ֆայտոնով Մուշտեիդ ին գնում, ու էնտեղ քեփ ին անում, մենք էլ միր կտուրների խոտերովն ինք ուրախանում։
Մտիկ արա՛ , Նինուցի, ձեռքով ցույց տվեց Նատոն, հորեն ղազախեցի Բարբարեն, մոտին էլ իր աղջիկը չայ է շինում. էն էլ էրևնեցու հարսն է՝ նրանց մոտը նստած չայի վրա մեձրած կուլին. էն էլ խաշապան Սհակի կնիկը. Կատոն, էն էլ խաբար-բրզանն, ով գիտե ինչի՛ր կուլի խոսում...
Է՜հ, նրա լեզուն էլ կտրվի՜, ասաց Նինուցին յուր քոքոլան դեպի Կատոն ուղղելով։ Ի՞նչու ես էլի էդպես տխուր, դարձավ նա դեպի Նատոն, ուղիղ նրա երեսին նայելով։
Ես էլ չիմ գիտում... պատասխանեց Նատոն ավելի տրտմութլամբ։
Կուզի՞ս ուրախացնիմ քիզ, հարցրուց Նինուցին ժպտելով։
Ինչո՞վ։
Նինուցին մոտեցավ, Նատոյի ականջին փսփսաց մի խոսք։
Ղո՞ւրթ իս ասում, ղո՞ւրթ իս ասում, չէ՛, խաբում կուլիս, Նինուցի, անհամբերությամբ հարցրուց Նատոն, պինդ գրկելով յուր ընկերուհին։
Ժպիտ, ուրախություն, հրճվանք, այդ բոլորը կարելի էր նույն րոպեին կարդալ Նատոյի գեղեցիկ դեմքի վրա...
Դրո՞ւստ իս ասում, Նինուցի ջան, կրկնեց Նատոն դարձյալ փաթաթվելով նրա վզին։
Քու արևը գիտենա, վուր դրուստ իմ ասում, պատասխանեց Նինուցին. դե՛, գնանք։
Երկու օրիորդները, ձեռքը ձեռքի տված, ուրախ-ուրախ իջան Նինուցենց տունը։
Նինուցին ներս տարավ Նատոյին մի սենյակ, ուր միայնակ նստած էր մի պատանի։ Նա հագած ուներ մեխակի մահուդից կաբա, կապույտ գլասից արխալուղ, կապած ուներ արծաթի մինս արած քամար և վզին փաթաթել էր բաղդադի աղլուխ։ Պատանու սևորակ աչքերը, կամ արած հոնքերը, մախմուռ թշերը, սև գանգրահեր մազերը՝ տալիս էին նրա դեմքին վայելչագեղ կերպարանք։ Նա նստած էր սեղանի մոտ, որի վրա դրած էր գույնզգույն ծաղիկներից հյուսած գեղեցիկ փունջ։
Էդ ի՜նչ սիրուն թայգուլ է, Գիգոլի ջան, ասաց Նատոն, և ծպտելով մոտեցավ պատանուն, վեր առավ փունջը։
Հավանում ե՞ս, Նատո ջան, նույնպես ժպտելով հարցրուց պատանին։
Շատ սիրուն է, խոսեց Նատոն, և ձեռքը Գիդոլու ուսին դնելով, նազելի կերպով նայում էր նրա երեսին։ էդ ո՞ւմ համս իս բերի։ Երիտասարդը կարմրեց։ Իսկ Նինուցին նրա փոխարեն պատասխանեց.
Ո՛ւմ համա պիտի ըլի, քի համա բերած կուլի, էլի՛։
Նատոն սկսեց ծիծաղել։
Նատո, դո՞ւն լավ իս, թե է՞ս, հարցրուց պատանին ցույց տալով փունջը։
Օրիորդն ոչինչ չպատասխանեց և նրա թշերն յուր ձեռքի վարդերի գույնը ստացան։
Ի՞նչի ձեն չիս հանում, հարցրուց Գիգոլին բռնելով օրիորդի ձեռքից։
Դուն իս լավը, դո՛ւն, պատասխանեց Նատոն յուր ձեռքի ծաղիկներով հեզիկ շփելով պատանու երեսին:
Չէ՛, դո՛ւն իս լավը, դո՛ւն իս սիրուն, Նատո ջան, կրկնեց Գիգոլին և կամենում էր գրկել նրան, բայց օրիորդը ետ քաշվեցավ։ Երբ Նինուցին մեջ մտավ։
Ի՞նչ իք կռվում, երկուսդ էլ լավն իք, ասաց նա. ամա վունց քու հերը, Գիգոլի, Նատոյին քեզ համա կուզե, վունց է: Նատոյի մերը փուղ ունե, վուր նրան քիզ տա։
Գժվի՞լ իս, Նինուցի՛, ինչի՞ր իս խոսում, դարձավ պատանին դեպի Նինուցին շփոթվելով։
Ես դրուստն իմ ասում, ավելացրեց Նինուցին և պատմեց բոլորն, ինչ որ լսել էր ղարաբաղցի փեսացուի մասին։
Ղո՞ւրթ է ասում, դարձավ նա դեպի Նատոն։
Հա՛, Գիգոլի, ինձ նրան ին տալի, պատասխանեց Նատոն տխրությամբ։
Ես կու մեռնիմ, ու չեմ թողնի վուր էդ բանը գլուխ գա, խոսեց պատանին մի փոքր վրդովելով։
Նրանք մնացին միայնակ։
Նատոն տխուր նստած էր Գիգոլու մոտ, երբ պատանին դարձավ դեպի նա. Մի՛ դարդ անի, հոգի ջան, դու իմն իս, ե՛ս քոնն, ոչ ով չի կանա միզ մեկմեկուց բաժնել...։ Այդ խոսքերին հաջորդեց մի ջերմ գրկախառնություն և երկուսի էլ երիտասարդական շրթունքները միախառնվեցան միմյանց հետ...։
Անցան մի քանի շաբաթներ, անցան մի քանի ամիսներ:
Աշունքն էր։ Տեղափոխիկ թռչունները խմբովին դիմում էին դեպի օտար աշխարհ։ Ծիծեռնակը բաժանվում էր յուր բույնից։ Ծառերի դալկացած տերևները դեղնում էին։ Նրանց հետ և սիրուն Նատոյի վարդագույն թշերը գունատված, խամրած՝ օրըստօրե կորցնում էին իրանց քնքուշ կուսական թարմությունը։
Մութ գիշեր էր։ Սառը քամին անախորժ կերպով փչում էր Շուշանենց տան կոտրատած ապակիներից. սենյակում բավականին ցուրտ էր։ Միայնակ և տխուր նստած էր Նատոն ճրագի մոտ, կարում էր յուր կարը։ Նրա մայրը խոհանոցում պատրաստում էր ընթրիք։ Ուստա Գրիգորն յուր արհեստանոցում (որ բաղկանում էր ներքնատան մի նեղ սենյակից) գործում էր։
Նույն ժամուն խավար փողոցի միջով աննկատելի կերպով գնում էր մի մարդ։ Նա հասավ Շուշանենց տանը և վագրի արագությամբ թռավ ցածրիկ տախտակապատից։ Նա իսկույն կանգնեց սենյակի դռանն, երբ նրա ականջներին հասան այդ մելոդական հնչումները՝
«Արի՛, իմ սիրեկան,
«Դարդիս ճար արա՛,
«Քո սիրո խանջարեմեն,
«Ջիգարս փարա, փարա»:
«Նա ինձ սիրում է՜», ասաց եկվորը և ավելի մոտեցավ դռանը: Հնչեց կախարդիչ երգի երկրորդ տունը:
«Ես քեզի չեմ մոռանա,
«Քանի որ սաղ եմ,
«Քո սիրո զանջիրեմեն
«Մինչև մահ դուսաղ եմ»...։
«Նա ինձ սիրում է՜»... կրկնեց երիտասարդը և զմայլած ներս վազեց։ Նատո ջան, իմ սիրեկան, կոչեց նա և օրիորդին պինդ ճնշեց յուր կուրծքի վրա։
Եկվորը Ջումշուդ-բեկն էր։ Նա իսկույն սոսկաց, երբ յուր աչքերը հանդիպեցան Նատոյի վշտալի, միևնույն ժամանակ զայրացած աչքերին: Նատո ջան, կրկնեց երիտասարդը, թողնելով նրան յուր գրկից, դարդ մի՛ արա, հիմա դու բախտավոր ես։ Ես հիմա հարուստ եմ, քեզ միշտ ոսկու, արծաթի, բրիլիանտի, ատլասի ու մախմուրի մեջ կպահեմ։
Օրիորդը գլուխը քարշ ձգեց, ոչինչ չպատասխանեց․ նրա դեմքն ընդունեց ավելի տխուր արտահայտություն։
Ի՞նչու չես խոսում, Նատո ջան, մի ձեն հանի, քո հոգուն մատաղ, շուտ-շուտ կրկնում էր երիտասարդը։
Քո բրիլիանտներն ինձ պետք չե՜ն... ասաց օրիորդը և արտասուքը թրջեց նրա աչքերը։
Երիտասարդը վշտանալով թողեց նրան, երբ ներս մտավ Շուշանը։ Նա դարձավ դեպի մայրն, ասելով.
Դեդի ջան, ես հիմա բախտավոր եմ. էս օր փոշտից, նամակ ստացա, հայրս վախճանվել է և ինչքան ապրանք մուլք փող է թողել, գիտե՞ս, մին էս օթախով լիքը։
էդ լա՞վ խաբար է, ուրախանալով կոչեց Շուշանը։
Բա՛ս վատ խաբար է, պատասխանեց երիտասարդը նույնպես ուրախությամբ։ Հայրս ղարավուլ էր նստած յուր խազինի վրա, բայց հիմա նրա դռները բաց էլան ինձ համար։
Փա՛ռք աստծու, փառք իրա մեծ զորութինին, բացականչեց Շուշանը խորին ջերմեռանդությամբ։
Հիմա Նատոյիս բախտն էլ բաց էլավ։
Շուշանը նստեց թախտի վրա։ Ջումշուդ-բեկը տեղավորվեցավ նրա մոտ։
Գիտե՞ս ինչ կա, դեդի ջան, ես պետք է շուտ գնամ, շարունակեց երիտասարդը։
Ո՞ւր, զարհուրելով հարցրուց Շուշանը։
Ղարաբաղ։ Գնամ, որ հորս թողած կայքերին տիրություն անեմ։
Վերջին խոսքը ձգեց Շուշանին մտատանջության մեջ։ Վո՜ւյ, քոռանամ ես, ասաց նա շվարած կերպով, էդ վունց կոլի, վուր դուն գնաս առանց պսակվելու։
Հիմա ի՞նչով կարող եմ պսակվել, որ էստեղ փող չունեմ։
Շուշանը խորին կասկածանաց մեջ ընկավ, գուցե յուր փեսացուն հայրենիքը գնալուց հետո կրկին չվերադառնա, այդ պատճառով մտածում էր վաղօրոք կապել նրա վիճակը յուր դստեր հետ:
Վուրթի, ասաց նա ծանր կերպով, ինչկլի ե՞փ իմ Նատոյի աչքը պիտիս քոռ ճամփին պահի․ էդպես բան չի՛ ըլի․ պսակվի՛ իժում աստված բարի ճանապարհ տա, ուր ուզումիս՝ գնա։
Հիմա ձեռքումս փող չունիմ, որ հարսանիք անեմ, ինչպես պսակվեմ, հարցրուց երիտասարդը։
Ասում իս, վուր ձեռիդ փուղ չունի՞ս, բան չկա, ես մի քանի թուման պարտք կանեմ, կու մխսիմ ու քու լայաղ հարսանիք կոնիմ։
Ջումշուդ-բեկի նպատակն էլ հենց այդ էր, թեև նա խորամանկությամբ պատճառում էր յուր գնալն, որպեսզի որքան կարելի է շտապեցնե հարսանիքը։
Շատ լավ, դեդի ջան, ես քո խոսքը չեմ կոտրի, ինչպես ասում ես, էնպես կանեմ, բայց դու էլ շտապիր, որ ինձ շատ չուշացնես այստեղ։
Շուշանն ուրախացավ, գրկեց յուր փեսացուն։
Ջումշուդ ջան, ես էգուցեվետ կու տեսնեմ հարսանիքի թադարեքը։
Նատոն, որ հեռու կանգնած լսում էր այդ խոսքերը, դուրս գնաց սենյակից խորին հուսահատությամբ։ Նա նստեց բակի խավարումն յուր սովորական տախտակի վրա, երկար լաց էր լինում և ա՜խ ու վախ քաշում, երբ ճրագը ձեռին յուր արհեստանոցից դուրս եկավ նրա հայրը։ Նա իմացավ յուր դստեր դարդը, բռնեց նրա ձեռքից։ Գնանք, Նատո ջան, էստեղ մի՛ նստի, ցուրտ է, կմրսես, ասաց նա ներս տանելով նրան սենյակը։
Է
Անցավ մի ամբողջ շաբաթ Ջումշուդ֊բեկի հոր մահվան լուրը հայտնվելուց։
Մի գիշեր Շուշանի քրոջ Սոփոյի տունը սովորականից փառավոր կերպարանք էր ստացել։ Սենյակները լուսավորված էին ճրագներով։ Եռ էր գալիս բազմությունը գույնզգույն հագուստներով։ Ամեն տեղ ուրախությամբ փայլում էին երեսները։ Լսելի էին լինում երգի, զուռնայի և նաղարայի ձայներ։ Նատոյի հարսանիքն էր։ Շուշանի տունը փոքր լինելու համար, այստեղ էր կատարվում հանդեսը։ Այս և այն անկյուններում, և այս և այն սենյակներում հավաքված հյուրերի մեջ, անց էին կենում զվարճալի խոսակցություններ։ Մի տեղ տերտերը, հավաքած յուր շուրջը մի քանի արհեստավորներ, զարմացնում էր նրանց յուր խորին գիտությամբը, խոսելով սրբերից և հրաշքներից։ Մի տեղ կանայքը բաց էին արել բամբասանքի բազարը։ Մի այլ սենյակում աղջիկները շրջապատած Նատոյին դայիրա էին ածում, երգում էին և պար էին գալիս։ Իսկ Շուշանն ոտքի վրա անդադար պտիտ էր գալիս, զանազան կարգագրություններ էր անում և յուր հյուրերի հետ քաղցրախոսում էր ու նրանց սիրտն էր շահում։
Սաբետ, ասում էր Թաթուխենց Նատալյան յուր մոտ նստած կնոջ ականջին, տեհնում ե՞ս Շուշանի բախտն, վո՞ւնց առանց փուղի ու առանց բաժինքի տանու-փեսա ճարեց իր համար։
Էդ էլ Աստծու տուրք է, Նատալյա ջան, պատասխանեց Ճոն-Օհանեսի կինը Սաբետոն։
Հալբաթտա, առանց աստծու կամքի փոթոլը ծառից վեր չէ գալիս, մագրամ, ադմորթին պիտի բախտ էլ ունենա։
Չէ՛, էդ ղարիբականնիրը փուղին շատ մտիկ չին անում, մեջ մտավ կալատոզ Սիմոնի կինը՝ Մաշոն. նրանք աղջկան ին մտիկ անում. աղջիկն օղոնդ լավն ըլի, էդ է հարկավոր նրանց։
Մագրամ, էգ ղարաբաղցին ի՞նչ մի հուտով ծաղիկ ջոկեց իր համա... նրանց խոսքը կտրեց խարազ Դարչոյի կինը՝ Բարբարեն։
Չէ, Բարբարե՛, էդ ո՛ւր իս ասում, միղք է էդենց խոսիլը․ Նատոն, հախ աստծու հալալ կաթնակեր ու սիրուն աղջիկ է, - պատասխանեց դաբաղենց Մակին։
Լավ հալալ կաթնակեր ես գտի… նրա բաներն ես լավ դիտեմ մանդրուք ծախող Գիգոլու հետ... խոսեց Բարբարեն երեսը շուռ տալով։
-Է՜հ, էդ ինչի՞ր եք խոսում, մեջ մտավ ղազազ Ծղալոբի կինը Սալոմեն. մեր ժուկում ո՞վ է մտիկ տալիս վուր աղջիկը լավ կաթնակեր ու հալալ ըլի. էս ժուկում աղջկա սիրունութինն էլ վուչինչ է, նրա խիլքն էլ վուչինչ է, նրա ուսումն էլ վուչինչ է... հենց աղջիկը շատ փող ունենա, փեսեն նրա համար հազիր է, թեկուզ նա քոռ ըլի, թեկուզ քաչալ ըլի, աննամուս ըլի դիփ մեկ է...։ Թե չէ էդենց քոռ քոռինա մուշտարիքը հազրեմեն մե գամ ռաստ չին գալիս, վուր առանց փուղ ու բաժինքի նշնվին։ Սալոմեի խոսքերը գրավեցին կանանց ընդհանուր համակրողությունը և ամենքը միաբերան ձայն տվին, անիծվի՛ էդ թավուր ադաթը... նրա մոգոնողի տունը քանդվի՛...
Բայց տղամարդերի մեջ անց էր կենում բոլորովին այլ խոսակցություն, բոլորովին կենսական այլ խնդիրների վրա։ Նրանք խոսում էին նույն օրերի հացի և այլ ուտելիքի թանկության մասին։
Էդ բոլորը ժողովրդի մեղքերիցն է, ասաց նրանց քահանան․ երբ մարդերի մեղքը բազմանում է, աստված էլ խրատում է նրանց տեսակ-տեսակ պատիժներով։ Գիտե՞ք, ո՜րքան թերահավատացել է մեր ժողովուրդն, էլ ոչ ժամն են իմանում և ոչ աղոթքը, էլ ոչ պասն են իմանում և ոչ պատարագը. էլ ոչ սուրբն են իմանում ոչ սրբությունը. դիփ մի խոսքով մոոացել են, հենց սատանայի ճամփան բռնած գնում են։
Քահանայի խոսքերը շարժեցին մի քանիսի ջերմեռանդությունն, որոնք իրենց երեսները խաչակնքելով ասում էին. Միղա աստծու, միղա իր սուրբ զորութինին։
Բայց երբ որ մարդիկը չար ճամփեմեն դառնան, հառաջ տարավ քահանան․- Քրիստոսի ճամփովը գնան, այսինքն կամենում եմ ասել մատաղ մորթեն, սուրբերը համբուրելու գնան, աղքատներին ողորմություն անեն, տերտերի հախը չկտրեն, աստված էլ քաղցր աչքով մտիկ կոնե նրանց, հացը գինին ու ամեն բան կբոլացնե։
Թե քու Քրիստոսը կու սիրես, տերտեր ջան, էս քարուզնիրը թող մնան, քահանայի խոսքը կտրեց մի կարմիր և ուռած թշերով տղամարդ՝ շիրաջի Կոնին. աղբաթը խեր հարսնիքի տուն է, խոմ եկեղեցի չէ, ինչ Ավետարանի վուխտ իս գթի, թող մե քիչ գինի խմենք, քեփ անենք, սրտերս բաց ըլի։
Բի՛ բերանդ պաչ անեմ, Կոնի ջան, նրան գրկելով ասաց ձկնապան Մեխակը. ախբեր, ի՞նչ միր խելքի բան է խուրը գըրբերեմեն խոսիլը. միրն էն է՝ ուտենք խմենք, քեփ անենք ու աստծոն փառք տանք։
Բարաքալդի, բարաքալդի, Միխակ ջան, քո հոգուն մեռնիմ, գռռացին մի քանի ձայներ։ Հախ աստծու լավ օրինավոր խոսք ասեցիր։
Քու կենացը, քու կենացը, ձայն տվեցին զանազան կողմից, նրանցից ամեն մինը չխկացնելով Մեխակի հետ իրանց բաժակները։ Սույն միջոցին կույր աշըդր՝ Բեժանը, քաշեց ճիանուրի աղեղն երգելով Սայաթ֊Նովայից.
«Աշխարքումս դարդ չիմ անի
Քանի վուր սաղ իս ինձ համա»...
Ա՜խ, թե գիտենայի էս գինին ո՞վ է մոգոնի, ասաց խմողներից մինը հիացմամբ նայելով յուր կարմիր բաժակին. ես ամեն տարի նրան մատաղ կու կտրեի։
Գանա էս էլ չի՞ս գիտի, ուստա Պետրոս, նրա խոսքը կտրեց քահանան։ Ես վուր ղանցեն գիտենամ, քու հոգուն մատաղ, տերտեր ջան, պատասխանեց ուստա Պետրոսը։ Գրի սիվն ու սպիտակը դուք եք իմանում, աստծու խոսքերը ձիր մոտն ին, մենք ի՞նչ ինք սորվի, վուր ինչ գիտենանք։
Գինին Նոյ նահապետն է շինի, ասաց տերտերը մի առանձին նշանակություն տալով յուր գիտությանը և ավելացնելով մի քանի խոսք Քամի մասին։
Բոլորը զարմանալով լսում էին։
Փառք Նոյի սուրբ զորութենին, ասաց ուստա Պետրոսը երեսը խաչակնքելով։
Նոյի հոգուն մեռնե՜մ, բացականչեց մի աշխույժ երիտասարդ բարձրացնելով յուր բաժակը. էս էլ Նոյի կենացը, թե նա չէր էլի մենք էդ պլպլուն թասերը վո՞ւր տեղից պիտի խմեինք։
Բոլորը ձայն տվեցին նրան և մի֊մի բաժակ խմեցին Նոյի կենացը, կարծելով, թե նա դեռ կենդանի է։ Այդ ընդհանուր ուրախության մեջ տերտերը նկատեց, որ միակ տխուր մարդն ուստա Գրիգորն էր՝ նորահարսի հայրը։ Նա անդադար դուրս էր գալիս, ներս էր մտնում, կարծես, մի բան նրան անհանգստացնում էր։
Ի՞նչ ես նոթերդ կիտել, ուստա Գրիգոր, դարձավ դեպի նա տերտերը. օրհնած, էս ուրախությունը քոնն է, դու ի՞նչու ես դարդ անում։
Ուստա Գրիգորը, գլուխը միայն շարժեց ցույց տալով, որ ինքը զբաղված է, և հեռացավ առանց պատասխանելու։
Ը
Գիշերվա կեսն էր։ Հասասների խռպոտ ձայնը, մոլաշրջիկ շների աննպատակ հեծկլտոցը, տարաժամ տարփածուի կառքի դղրդոցը երբեմն ընդհատում էին փողոցների խուլ գերեզմանական լռությունը։ Բազարի խանութներից մինի մեջ միայն փայլում էր աղոտ լույսը, ուր նստած էր մի պատանի։
Աղա, ըշխըմա՞ ես քըշեր էտենց զարթուն ես մնալի, չես քնելի, ասաց պատանուն խոյեցի հասասը, գլուխը ներս տանելով խանութի դռնից։
Քունս չէ տանում, Կարո, պատասխանեց պատանին։
Պատանին մեր Նատոյի սիրականը՝ Գիգոլին էր։ Լսելով ղարաբաղցի փեսացուի պատմությունը, և օրիորդի ծնողաց նպատակը՝ Գիգոլին չկարողացավ յուր համբերությունը զսպել, տեսնելով, որ յուր սիրուհին շուտով կորած կլիներ յուր համար։ Նա, որքան և պատկառանք էր դնում յուր հոր և մոր պատվին, որքան և ամաչկոտ էր յուր որդիական հնազանդության մեջ, այսուամենայնիվ համարձակվեցավ յուր ծնողաց առջև պարզ խոստովանվել յուր սերը դեպի Շուշանի աղջիկը։ Նա ո՛չ միայն գտավ ծնողաց կողմից ամենասաստիկ ընդդիմադրություն, այլև նրանք սպառնացին, եթե պատանին բոլորովին չէր փոխելու յուր միտքը, կարող էր իսպառ զրկվիլ հայրական ժառանգությունից։ Դրա հետևանքն այն եղավ, որ Գիգոլին թողեց հոր տունը, և այնուհետև գիշերում էր յուր խանութի մեջ։ Համալը, տեսնելով նրա տխրությունը, նստեց խանութի դռան շեմքի վրա և սկսավ պատանուն զբաղեցնել յուր զրույցներով։
Դյուն մե դարդ ունես, որ քյունդ չի տանելի, հարցրուց հասասը։
Ունեմ, Կարո, դարդ ունեմ… պատասխանեց Գիգոլին խորհրդական ձայնով և պատմեց մասնավորապես Նատոյի մասին։
Է՜հ, աղա, ես էլ որ քո պես հալա ջահիլ էմեր, քշերները քյունս չէր տանելի, ասաց հասասը յուր հին ցավերը միտ բերելով, մեր գեղը մե ախչիկ կար, էնղդար խորոտիկ էր, որ կասես մարալ-ջեյրան էր. էն ընձիկ էր սիրելի, ես դրան էմեր սիրելի. էրկուսիս էլ սրտերը կապած էներ մեկզմեկու։ Էլավ որ, մեր գեղի մալիքի լաճու աշկը ընկավ էն ախչկան, սիրեց դարը, էլ էն ախչիկը ընձի չըտըվին և փսայվեց մալիքի լաճու հետը։ Մե ամիս քաշեց ախչիկը դարդըմախ էլավ...։ Ես էլ դարդեմեն ետ էն երկրեն տուս էգամ, որ էլ չտսնամ դար գերեզմանը…
Խոյեցի հասասն այդ խոսքերն այնպիսի մի ցավալի կերպով պատմեց, որ ինքը նույնպես չկարողացավ զսպել յուր արտասուքը,և վերջին տողերն արտասանելու միջոցին նրա ձայնը բոլորովին խեղդվեցավ։
Գիգոլին ցավելով նայում էր նրա վրա, տեսնելով, որ սերն ունի յուր բոցավառ զորությունը մինչև անգամ այնպիսի պարզամիտ և անմեղ արարածների մեջ, որպիսի էր խոյեցի հասասը։ Եվ նա դարձավ դեպի Կարոն այդպիսի խոսքերով․ Էդպես է, Կարո՜, Բայց ավելի լավ է, որ մարդ ինքը մեռնի ու չտեսնի յուր սիրած աղջկան մեկ ուրիշը տանելիս… դու էլի բախտավոր ես, Կարո, որ տեսար քո սիրածի գերեզմանը․․․
Կարոն տեսավ, որ յուր խոսակիցն ավելի տխրության մեջ ընկավ, ասաց նրան․
Աղա, ձեր թաղը էս քշեր խարնիս կա, աղեկն էնի, որ դուքանդ փակես, էթաս էնտեղ, որ սիրտդ բացվի։
Հարսնի՞ք… կրկնեց Գիգոլին մի զարհուրելի սարսուռ զղալով յուր ամբողջ մարմնի մեջ։
Խրամանքս, խարնիս, ես ձեր թաղեն էս քշեր ընցամ, զուռնա-նաղարայի ձեն էր իգալի Շուշանի քրոջ Սոփոյի տնեն։
Գիդոլին բոլորովին շփոթվեցավ և խնդրեց հասասին օգնել իրան խանութը կողպելու։
Կես ժամից հետո նա հասավ պառավ Սոփոյի տանը։ Նվագածությանը ձայները մի նոր սարսափ ձգեցին նրա վրա։ Պատանին քարացած, կանգնած լսում էր Հարսանիքի տնից եկող ձայները, և նրա վրդովմունքը գնալով սաստկանում էր։ Հանկարծ երևաց մի օրիորդ, որ փոքրիկ լապտերը ձեռին վազում էր դեպի մոտավոր տունը։
Ա՜խ, Նինուցի, դո՞ւն ես, կոչեց պատանին նրան տեսնելով։
Ես իմ, Գիգոլի ջան, ձայն տվեց օրիորդը և կանգնեց։
Ուր ես գնում։
Միր տուն, մանտոս վիկալնեմ, խիստ ցուրտ է․ հիմա պսակ պիտի գնանք։
Ի՞նչ պսակ, շփոթվելով հարցրուց պատանին։
Չի՞ս գիտի, Նատոյի պսակն է էս գիշեր։
Պատանին բոլորովին թուլացավ։ Նատոն հիմի էլ է սիրում քիզ, Գիգոլի ջան, ասաց Նինուցին․ քանի գամ սիրտը գնաց, թիլացավ, ես նրան ուշքի բերի․․․։ Նա ասում էր ինձ. Նինուցի, ես կմեռնիմ, ինչկլի ինձ եկեղեցի տանին։
Ախ, աստվա՜ծ... կոչեց պատանին խորին հուսահատության մեջ։
Նատոն միղ չունի, Գիգոլի ջան, առաջ տարավ օրիորդը. նա ասում էր, որ քիզ չի մոռանա ինչկլի մահը կսիրե քիզ...։ Բայց քոռանա՜ քու հորն ու մոր աչքերը, վուր ձիզ մեկմեկուց բաժանեցին...։
Պատանին էլ ոչինչ չխոսեց, նա յուր դողդոջուն քայլերն ուղղեց դեպի Քուռի կողմն, երբ Նինուցին հեռացավ նրանից։ Այդ լռությունը խիստ զգալի եղավ օրիորդին, որին հայտնի էր Գիգոլու հուսահատ դրությունը։ Այդ պատճառով Նինուցին հեռվից նայում էր, տեսնել, թե որ կողմը գնաց պատանին։ Օրիորդն էլ չսպասեց գնալ իրանց տունը, վեր առնել յուր մանտոն, այլ կրկին մտավ հարսանիքի տունը և հազիվ լսելի ձայնով շշնջաց եղբոր ականջին.
Ստեփկո, մեր Գիգոլին էս նմուտին Սաղի կուռը գնաց, ես խիստ դարդոտ տեսա նրան, գնա, տես ինչ էլավ խեղճ տղին։
Լսելով այդ խոսքերը Նինուցայի եղբայրն, իսկույն դուրս վազեց։ «Խե՜ղճ Գիգոլի, ինչու է գնում նա Սաղի կուռը», ասում էր Ստեփկոն ինքն իրան։
Երկնքի սև ամպերը սկսել էին արդեն նոսրանալ և, Քուռի ափերը լուսավորում էին լուսի դունաթափ շողքերով։ Քանի րոպեից հետո Գիդոլին հասավ գետի եզերքը։ «Էլ էստումեն դենը ինձ պետք չէ ապրել», ասաց նա և պատրաստվում էր իրան ջուրը ձգել, երբ Ստեփկոյի երկաթի մատնեքը բռնեցին նրան։
Ա՜խ, Ստեփկո, թե ախբեր իս, թող տուր, աղաչում էր պատանին։
Ինչ իս շինում, գժվի՞լ իս, պատասխանեց Ստեփկոն հեռացնելով նրան գետի ափից։
Ա՜խ, ի՞նչի դուն վրա հասա՜ր...
Թ
Սույն միջոցին պառավ Սոփոյի տան քահանան ոտքի ելավ, կոչնականներից ամեն մինը վառեցին իրանց լապտերները և պատրաստվում էին եկեղեցի գնալ պսակի խորհուրդը կատարելու։
Ջումշուդ-բեկը զարդարված էր յուր հարսանիքի հագուստով, որոնք նույն օրերում Շուշանը նրա համար կարել էր տված։ Երիտասարդն յուր սրտի ամենասքանչելի հրճվանքի մեջն էր։ Իսկ Նատոն, թեև նույնպես զարդարված, բայց նրա գունաթափ դեմքը, վշտահար աչքերը ցուցանում էին հուսահատության ամենասարսափելի հուզմունքն, որ նույն րոպեին խռովում էր օրիորդի սիրտը։
Հանկարծ ներս մտավ մի անծանոթ հյուր։ Դա էր սպիտակ մորուքով հսկայատիպ մի ծերունի։ Նրա սև շալե չուխան, ահագին մոթալ փափախը, կաշյա տրեխները ցույց էին տալիս, որ նա գալիս էր հեռու երկրից։ Ծերունու օտարոտի երևույթը, խոժոռ կերպարանքը յուր վրա դարձրեց բոլոր հանդիսականաց ուշադրությունը։
Իսկ այդ անակնկալ հայտնությունը կայծակի հարվածք ունեցավ փեսայի վրա, որի դեմքն իսկույն կավիճի պես գունաթափվեցավ։
Ծերունին, ամենևին ուշադրություն չդարձնելով յուր շրջապատողների վրա, անփույթ կերպով մոտեցավ փեսային, և յուր լի բարկությամբ սպանիչ հայացքը ձգելով նրա երեսին, ասաց․
Ադա՛, քնձահոր լակոտ, ըսքան տարի թո՞ռնըս կորալ, քանի վախտ ա տու եդնադ մանըմ գալիս, էլ ոչ Ռուսեթ, էլ ոչ Ղզլբաշի երկիրը, օլքա չըմ թողալ՝ լոխ մանըմ էկալ՝ բալքում քե քթնաի փիմ. ամա դու քո տոնըդ տեղդ, քուլփաթըդ՝ մննադ քըցալըս, ղիարբադիար (երկրե երկիր) քո քեփը արամիշըս անըմ։ Ադա՛ թուլու տղա, բա՛ իսկի անըմ, թա ես էլ հար օնեմ, մար օնեմ, տոն օնեմ, տեղ օնեմ...։ Բա՛, իսկի՞ մետըդ չըս քցըում, որ քո խոխեքը տյուզնը-ծարավ կոտորվում են, քո նշանածի աչքերա լացնելու քոռացալա՜...
Սարսափը և զարհուրանքը տիրեց Ջումշուդ֊բեկին։ Նա սառած նայում էր ծերունու երեսին առանց կարողանալու մի բառ անգամ պատասխանել։
Հանդիսականքն ոչինչ չհասկացան այդ խոսքերից։ Միայն Շուշանը, տեսնելով որ ծերունին ձեռքը ձգեց և կամենում էր բռնությամբ դեպի դուրս քաշել յուր փեսացուն, վազեց և բռնելով նրա թևքից, ճչաց․
Բիձա՛, բիձա՛, ո՞վ ես, ի՛՛նչ ես անում, ի՞նչ դավի ունիս դրա հետ։
Ծերունին յուր վայրենի դեմքը շրջեց դեպի Շուշանը, պատասխանեց մի փոքր մեղմացնելով յուր գյուղական կոշտությունը Ես հո՞ւ եմ... հըրցնումըս դու, ես էդ անաբուռ տղի խեղճ հարնըմ (ցույց տվեց նա Ջումշուդ-բեկի վրա), էդ իմ բեդասըլ տըղաս ա'...
Ես չեմ ճանաչում քեզ, պատասխանեց Ջումշուդ-բեկը։
Չըս ճանչընը՜մ... յաշը՞մըս էդ մըհակը... ձայն տվեց ծերունին բարձրացնելով ահագին մահակն, որ բռնած ուներ ձեռին։
Շուշանն այսքանը հասկացավ, որ ծերունին հայտնեց, թե նա փեսայի հայրն էր․ Ի՞նչ հեր, ճչաց նա մեջ մտնելով, սա՛ հեր չունի, սրա հերը մեռել է։
Գյուղացու վայրենի դեմքը ցնցվեցավ մի թթու ծիծաղելով և նա պատասխանեց հեգնորեն, ուղիղ Շուշանի երեսին նայելով.
Հա՛, դրա հարը մռալ ա... ամմա էլլըհա մրռըլ տեղա իրակացալ...։
Դուն սրա հերը չի՛ս, սա Մելիք Թորոսի վուրթի Ջումշուդ-բեկն է, սրա հերը մինծ մարթ էր, քի պես արջ չէր» պատասխանեց Շուշանն ավելի կրքով։
Իսկ գյուղացին խիստ արհամարհական սառնությամբ ասաց նրան.
Մելիք Թորոսին տղան ա՜, հա՞ ... Ջիմշուդ-բեկն ա՛ հա՞...։ Դրուստ ա՛, մելիք Թորոսին տղան շատ մեծ մարթ ա, ամմա էդ յալանչին (ցույց է տալիս փեսայի վրա) նրան տղան չէ, դա ինձ նման շնեցի առչին ճոտը Գյուքի՛ն ա, Գյուքի՛ն...
Գյուքին ո՞վ է, ի՞նչ իս խոսում, դա հիմի իմ փեսեն է։
Վերջին խոսքը զգալի կերպով սարսափ ձգեց ծերունու վրա և նա դարձավ դեպի Շուշանը, հարցնելով.
Քու փեսադ ա, հա՞։ Հա՛, իմ փեսեն է, էս գիշեր պիտի պսակենք, տեհնում ե՞ս վուր հարսանիք է, պատասխանեց Շուշանը ցույց տալով հանդիսականները։
Ծերունին բոլորովին թուլացավ։ Նա դարձավ դեպի որդին այդպիսի անեծքներով.
Տափը մըննես դու, ըստուծու կեծակը տա քեզ... ըստեղելը՞ս խափալ... ըստեղելը՞ս օզում փսակվես...
Հետո նա դարձավ դեպի Շուշանն որդու վրա ցույց տալով. Նանի, Հախմիանտերը ընեծի՛ դրան, չորք տարի ա ես օլքից-օլքա դրա ետնան շոռըմ գալիս, էլ տեղ չմնացալ, որ դա չփսակվի..․ էլ տեղ չմնացալ, որ ուրան կնեկը բըրախ տված չընի... ամեն շհարում դրան խոխեքը, դրան կնեկները ուզողըթյուն ըն անըմ...
Պսակվե՞լ... զարհուրելով հարցրուց Շուշանը։
Հա՛, նանի՛, օխտը հետ փսակվալա էդ պտըհասու էկածը․․․ լըհա մըհեկս տանը կնեկ օնի։
Բոլոր հանդիսականքն, որոնք մինչև այն րոպեն զարմացած նայում էին այդ դրամային, քարի պես սառեցան։
Վա՜յ իմ միղքը... կոչեց Շուշանը գլխին տալով։
Վա՜յ իմ նամուսին... կոչեց Նատոն ուշքից գնալով։
Թողե՛ք ես էդ անիծվածին սպանեմ... կոչեց ուստա Գրիգորը, ուրագը ձեռին առյուծի պես ներս վազելով։
Իսկ «տնային փեսան» արդեն ուրվականի պես աներևութացել էր...
Սույն միջոցին մի պատանի մոտեցավ ուշագնաց Նատոյին. Ե՛ս իմ քու փեսան, ե՜ս... կոչեց նա վեր բարձրացնելով նրան հատակի վրայից։
Դա Գիգոլին էր։