Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Թոթովենց

Աղոթքին ձևը

Գիշեր է։

Կուլա կույսը, կուլան անոնք, որ մինակ են, միսմինակ… Երկու ձեռքերու մեջ սեղմած իր գլուխը, աչքերը գոց, կը վազե ան հողմի մը պես դեպի երազներու քաոսը։

Մերկ է ան, ինչպես բոլոր գեղեցկությունները, և իր ցրքուն մազերուն տակեն կ՚երևին իր չքնաղ ուսերը, ինչպես լուսինկան՝ սաղարթներու բացատներեն, կամ ինչպես աղավնյակ մը՝ ցանցին մեջ։

Չխոսիր, լուռ է շուշանը, որ կաճի, լուռ է հույսը, որ կը մարի։

Մի՛ լար, ո՜վ կույս, վե՜ր առ գլուխդ և մեկդի նետե՛ ճա­կատիդ մեռելաբույր և դամբանական ստվերները, ոսկեզօծե զայն աստղերու խորհուրդով, վասնզի դուն իբրև ճառագայթ մը պիտի խառնվիս Արշալույսի հսկայական թափորին։

Ճշմարիտ ճառագայթ մը ըլլալ՝ երկու գիշերներու մեջ սավառնող աստվածություն մը կը նշանակե։

Չշարժիր ան, կ՚սպասե, որ Արշալույսը իր թևերուն վրա առնե և փայփայե իր տրտմությունը, որ երկինք մըն է։

Ծունկի եկած է, գլուխը սեղմած երկու ձեռքերուն մեջ, քիչ մը կորացած՝ լուռ կը հեծկլտա հեռավոր մշուշին մեջ։

Աղոթքը այս ձևը կառնե խավարին մեջ։

Կո՜ւյսը…