Փողոցային պճրուհին
ՇԱՄԻՐԱՄ
Նորից անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:
Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրված՝ անհագ վառվել են էլի:
Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:
Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին,
Ո´չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:
Մտի՛ր ակումբը հիմա, մտիր թատրոնն ու կաֆեն՝
Հազար արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:
Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ
Արքաների համար նոր բավական է մի ժպիտ.
Միայն ակնարկ մի թեթև և կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթև տարպանքներին հրակեզ.
Կգան մեկ-մեկ ու սիրով ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:
Եւ այնպիսի՝ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:
Բայց կլինի մի գիշեր ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:
Նորի՛ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի
Ու սարսափով մի անօգ նորից կելնես դու կռվի:
Եւ որպէսզի չտրվի նա ախտաժետ քո հրին
Ոտքի կելնե նրա հետ հազարամեա Նայիրին:
Եւ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը հետ, երկիրը քեզ կմնա:
Նա կմեռնի, որպէս զոհ բայց չես հաղթի դու նրան.
Դառն է խորհուրդը սիրո, շամբշոտաշուրթ Շամիրամ։