Ամենամարտական դեպքը մոտավոր անցյալից
Սարվորը հնձվորին մածուն է բերում, հնձվորը սարվորին կարտոֆիլ։ Սարվորը վերևում է, հնձվորը՝ ձորում։ Սարից բերելը հեշտ է։ Ձորից ձին փրփուր կաթելով է բարձրանում վեր։ Հետիոտն բեռ տանելն անմտություն է։ Բեռը կարտոֆիլ պիտի լիներ հենց որ զառիվերը վերջանում է՝ կա։ Կոլտնտեսությանն է, չի կարելի, բայց զառիվերի գլխին է, ուրթին մոտիկ։ Պահակ կա, բայց ախար շատ լավ կարտոֆիլ է՝ սպիտակ ու խոշոր- իսկը խոճկորներ։ (Գյուղի 1500 մետր հողդ հա՛ շուռ ես տալիս, սերմ գցում, սերմ վերցնում, վերցրածդ էլ բթամատի չափ)։ Հետո, ախար, զառիվե՜րը, շալակո՜վ... Ձի՛ն է փրփուր կաթում։
Կգնաս առանց շալակի, զառիվերի գլխին կարտոֆիլի ցանք կա, այնտեղից կշարունակես շալակով։ Պահակն Ադամ քեռին է։
Եվ օգոստոսի վերջերից, հենց որ կարտոֆիլը հասնում էր, դաշտը մի կողմից սկսում էր սևանալ. դա մածնի հատուցումն էր։
Պահակ Աղամ քեռուն ասում են, որ լավ չի պահակություն անում։ Համաձայնում է։ Պարտավորեցնում են, որ աչալուրջ լինի։ Պարտավորվում է։ Բայց սևը շարունակում է մեծանալ և մինչև քոչի սարից իջնելը բռնում է դաշտի կեսը։
Որոշում են, որ ճամփի վրա, ուրթի տակին, էլ կարտոֆիլ չեն ցանի։ Բայց ախար, սար գնացողը մեղք կլիներ. գյուղից շալակեր տաներ սարը և տարածը լիներ գյուղի դառը կարտոֆիլ։ Անխղճություն կլիներ։ Նորից ցանում են և, որովհետև ճամփի վրա է լինում, պահակ են դնում։ Պահակը նորից լինում է Ադամ քեռին։ Եվ՝ անցած, նախանցած, հին տարիների պատմությունը։
Այս անգամ Ադամ քեռուն շատ լուրջ զգուշացում են տալիս՝ հանելու սպառնալիքով։ Մեղքն ընդունում է ղեկավարների առաջ նաև՝ մտքում։ Ոչ մի թուփ կարտոֆիլ, այս վճռով Ադամ քեռին դուրս է գալիս գրասենյակից, ճամփա ընկնում պահակատեղ, բայց զառիվերը ելնելիս քանի գնում թուլանում է վճռականությունը։ Ախար, անտերը շատ է դիք ու շատ է երկար, քամում թողնում է առանց մի կաթիլ ջրի։ Դե նախագահի պարտքն է, որ բրիգադիրն զգուշացնի, բրիգադրի պարտքն է՝ իրեն Ադամ քեռուն հիշեցնի, նրա պարտքն էլ «հա» ասելն է։ Ինչպես նաև հնձվորի պարտքն է սարվորին կարտոֆիլ տանի։ Հո շալակո՞վ չպիտի տանի, հո նախագահն ու բրիգադիրը անհասկացո՞ղ չեն։ Ձի՛ն է փրփուր կաթում...
Զառիվերի գլխին այնքան նեկտարածաղիկ կա... Մի ափի չափ հովիտ է, բայց այնքան ծաղիկ կա... Հենց հասնում ես՝ քաղցր բուրմունքը ռունգներիդ է խփում։
Հովտից Ադամ քեռին դուրս է գալիս հոգին խաղաղված, ռուգների մեջ տանելով հովտի բույրը։ Մի քիչ դենը Սպիտակ աղբյուրն է. բլթում է քարի միջից, մի կունքով, սառը և սառնությունից կապույտ երանգով, ու գլորվում է ձորը։ Ափերը միագույն կանաչ են, փափուկ։ Բացարձակ անդորրի մեջ աղբյուրը զնգում է։ Ինչպես մանկական հեքիաթում։
Աղբյուրից դենը պահակի քողտիկն է՝ կանաչ խոտով ծածկված, կանաչ աշխարհի հետ ձուլված-կորած։ Մոտիկից էլ չի երևում։ Կարծես իսկի քողտիկ չկա, պահակ չկա։ Կարտոֆիլն առանց պահակի է։
Պահակ, անպայման, կար. գյուղը լուր ընկավ, որ Դանելանց Ադամ քեռին մեկին բոթել է՜... Կարտոլ հանելիս է եղել, չի թողել, հրել է, հետն էլ ասել «մարդ աստծո, շառդ քաշի, կոլխոզի կարտոլ է, ես էլ պահակ եմ, հո էստեղ խրտվիլա՞կ չեմ ***»։ Հա՜, Ադամ քեռին մեկին ծեծել է... Ուզեցին իմանալ՝ ինչ տեղն է խփել, ինչպես է խփել... օգնել էր, միասին հանել էին ու միասին հնարել, թե Ադամ քեռին մեկին բոթել է՜, և նա շատ նեղացած է ահնիձորցիներից ընդհանրապես, Ադամ քեռուց մասնավորապե՜ս...
Այսինքն՝ գյուղը հորանջում էր. ոչ քնած էր, ոչ արթուն։
Գյուղկոոպի նախագահ Անուշավան Մարուքյանը Ահնիձորի ալարկոտությունը հայհոյելուց հոգնել էր. ամբողջ գյուղից մեկը չկար, որ կարողանար խանութի աշխատող դառնար. ամբողջ գյուղով փորձեցին. մեկ֊մեկ ընդունվեցին դուրս եկան, բան չստացվեց. ուղղակի՝ ալարկոտությունը տարբեր ազգանուններով անցնում էր վաճառասեղանի ետևը։ Եվ՝ գյուղկոոպի Ահնիձորի խանութը միշտ պոչո՛ւմ, պոչո՛ւմ, պոչո՛ւմ...
Եվ գյուղի բրիգադիրը շրջկենտրոնում ալարելով զեկուցում էր.
Էնա կարտոլի կեսը ձնի տակին մնաց, հասցրինք ոչ հանենք, պլանը շատ էր, ժողովուրդը քիչ էր, մեր գեղի ժողովուրդն էլ, գիտես էլի, ջարդվելու բան է... ալարկո՜տ...
Իսկ «Ժողովուրդը» սպասում էր մի բանի, որն աշխուժացներ կյանքը, դարձներ այնպիսին, ինչպիսին կա, շատ չէ, մի շչակի ձայնի հեռվության վրա՝ Կիրովական, Ձորագէս, Ձաղիձոր։ Ժողովուրդը հնարել էր, թե առողջարան է բացվելու Ահնիձորում, սոճիների բացատում, աղբյուրի վրա. հնարել ու հեղինակավորել էր առողջապահության մինիստրության անունով։ Ասում էին նաև, թե երկաթգիծ է անցնելու ձորերով, հետո դրան չէին հավատում, նորեն դառնում էին առողջարանի մտքին, որովհետև հիանալի բնություն ունի Ահնիձորը, առողջարանի համար պիտանի, և, անհավանական չէ, մեկ էլ տեսար առողջապահության մինիստրությունը...
Ինչ որ է. ալարում էին և սպասում։