Վազգեն Սարգսյանին
Սիրելի Վազգեն, անշուշտ նախարար և իհարկե զորավար.
Տասը տարի առաջ երեսնամյա գրողի քո հասակին անպայման հասու էր գրողների մեր զորությունը՝ թե առաջնորդող կերպարը մենք ենք ստեղծում, թե Քրիստոսին ավետարանիչներն են ստեղծել և ոչ հակառակը, թե Մարզպետունին Մուրացանից ծնվեց և Վարդանը՝ Եղիշեից ու Դեմիրճյանից։
Վիթխարի առաքելություն գրողի ու գրականության համար, որ դու շրջանցեցիր, սիրելի Վազգեն. պատանյակիդ խանդը և գրողիդ փառասիրությունը քեզ չպահեցին մեր նոր Ավարայրի բլուրներին - մարտադաշտ իջեցրին և դու ինքդ քեզնից ստեղծեցիր մարտիկին ու զորավարին։ Այդպես չէր եղել, այդպես չի լինում, այդպես չի կարելի, դա առնվազն էգոիզմ է, այդպիսին լինել տրված է միայն եզակիներին։ Այդպես շատերս կուզենայինք, բայց կաշկանդյալ մեր շարքերից ոտք առաջինը դու փոխեցիր, և առասպելի հերոսականության մշուշը նյութականացավ Վազգեն Սարգսյանիդ կերպարանքով։
Նախանձելի տարիք և նախանձելի կերպար, սիրելի Վազգեն։
Անխաթար արիությունդ տասնամյակներ հետո քեզ, անշուշտ, թույլ է տալու ժամանակի բարձունքից դիտել հերոսացումի ու անկման մեր այս օրերը և համայնապատկերի բերել չմեռնող, հառնող ժողովրդի ջանքը, քանզի կարող գրիչներից, ապրող հոգիներից ոչ ոք ունեցավ քո խիզախությունը՝ տեսնել ու իմանալ այնքան շատ, որքան դու, սիրելի գրող, ընկեր գեներալ, պարոն նախարար։