Հարատևող համազգացում
Մեր ժողովրդական հեքիաթներից մեկի կարճ բովանդակությունն այս է. նշանածին հաց տանելիս աղջիկն արտերի արևոտ ճամփին ավազակ մարդկանց ձեռքն է ընկնում, բայց երդում-պաղատանքով փրկվում է. երդվել է, որ անգամ հարսանեկան առագաստից նրանց կգա, բայց իր մաքրությունը հիմա անբիծ է հասցնելու նշանած տղային. հետո արդեն գիշեր է, հարսնետան լույսերն ու երգերը հեռու գյուղում են մնացել, իսկ աղջիկն անտառի մութ կածաններով նրանց է գալիս՝ ում առջև երդում ուներ. նրա լույսի, նրա միամիտ մաքրության առջև՝ անգամ ավազակների մեջ պիղծն, իհարկե, քաշվում է իր խավարը, և արդար հարսն իր արդար տիրոջն է դառնում:
Վստահ եմ, որ կենդանի մեր արժանավորներից որևէ մեկի մասին գրելիս անօգ ու միաժամանակ զորավոր մաքրության այս զրույցը չպիտի հիշեի - միայն այսօրվա հոբելյարի: Մարո Մարգարյանի և՛ յուրաքանչյուր բանաստեղծության, և՛ ողջ պոետական ընթացքի մեջ մի տագնապած ու տագնապեցնող թրթիռ կա, որ ստիպում է հիշել աղջկա գիշերային այդ գնացքը: Եզակիորեն սուր զգացողությունների այս բանաստեղծուհու տագնապներն, իհարկե, տագնապներն են իր ժամանակի ու իր հայրենիքի, բայց դրանց հավելվում է նաև ընթերցողիդ անհանգստությունը բուն բանաստեղծության համար. ամեն անգամ թվում է, թե որպես այդպիսին բանաստեղծությունը չի ծնվի, չի շնչի, չի ճչա, չի խոկա, բայց և ամեն անգամ կամ գրեթե ամեն անգամ ծնվում ու շնչում է:
Վիլյամ Սարոյանն ասում էր. պետք է գրել քարի վրա գրելու համար, պետք է փակ ծավալների կարծր քար տեսնել և գրել խոսքը սղելով, բառերն ընտրելով ու ճշտելով: Եվ թեկուզ բանաստեղծուհու հիսնամյա գրիչը ստույգ քիչ արժեքներ չի ստեղծել, որ կարելի է փոխադրել քարին, և թեկուզ արդեն քանիերորդ անգամ վերանայում ես վաղուց ծանոթ ու հարազատ ու վավերական պատկերները, որ քո հոգեկան հարստության մի մասն են, բայց լինելությանդ ճիգի այդ տագնապը քեզ, միևնույն է, չի լքում: Բանաստեղծուհու խոսքը միշտ ու միայն ամենաթանկ, ամենակարևոր, ամենաաննկատ, զուտ իրենով տեսնվող բաների մասին է, և ուզում ես խոսքի գեղարվեստականացումը, այլ բառով՝ անմահությունը կայանա - ահա թե որտեղից է բխում բանաստեղծի նրա և ընթերցողի քո հարատևող համազգացումը:
Պոեզիան խստակյաց գիտություն է, բոլոր գիտություններից թերևս ամենախստակյացը: Ճարտարապետության հազարամյա երթը ընդամենը մի բուրգ ու մի Հռիփսիմե է բերում, և բանաստեղծությունը նույնպես - երթի է հանում հազարների, նույնիսկ ամբողջ սերունդների ու ժողովուրդների, բայց միայն ընտրյալ եզակիներն են հասցնում տեսնել, թե որքան խիստ ու անզիջում է պոեզիայի դեմքը, որ երթի սկզբում այնքան խոստացող ու հմայիչ էր թվում: Այդ բախտավոր եզակիներից մեկն ահա Մարոն է՝ իր տեսակի մի «կույր վանական», որ խարխափելով-խարխափելով, ընկնելով, ընկրկելով և միշտ ու դարձյալ մղվելով, հասել է բանաստեղծության ուխտատեղի: